Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք: Մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ»։
   
    Հաճախ կարելի է նկատել, որ հերետիկոսները բարեկենցաղ կյանքով են ապրում, բայց վերոհիշյալ կեղծարարները («սուտ մարգարեները»), որոնց մասին ես մախորդիվ խոսեցի, երբեք: Դու գուցե հարցնես՝ «իսկ ի՞նչ, եթե նրանք այստեղ էլ են կեղծավորություն անում»: Այս դեպքում նրանք հեշտությամբ կարող են բռնվել իրենց խաբեության մեջ: Այն ճանապարհը, որով Քրիստոս հրամայեց ընթանալ, իր բնույթով դժվարանցանելի և ծանր է: Մինչդեռ կեղծավորը երբեք չի ցանկանում ջանք թափել. նրա գործը միայն կեղծելն (ձևացնելը) է: Այս իսկ պատճառով էլ կեղծավորը դյուրությամբ կարող է բացահայտվել: Երբ Տերն ասում է՝ «քչերն են այն գտնում», Նա կրկին այդ քչերին առանձնացնում է նրանցի´ց, ովքեր չեն գտնում այն («դեպի կյանք տանող ճանապարհը»), այլ միայն ձևացնում են: Այսպիսով Քրիստոս ներշնչում է, որ մենք պետք է մեր հայացքը դարձնենք ոչ թե դեպի կեղծավորները, այլ դեպի նրանց, ովքեր իսկապես քայլում են այդ ճանապարհով («նեղ և դժվարանցանելի»):

    «Սակայն ինչո՞ւ, - կհարցնես դու, - Փրկիչը չդիմակազերծեց այդպիսի կեղծավորներին, այլ մեզ հորդորեց, որ ինքներս «փորձենք» նրանց»: Ա´յն պատճառով, որպեսզի մենք արթուն լինենք և մշտապես հսկենք` ինքներս մեզ պաշտպանելով ոչ միայն ակնհայտ, այլ նաև քողարկված թշնամիներից, որոնց մասին խոսում էր նաև Պողոսը` հենց այդպիսիններին մատնանշելով ու ասելով, որ այդպիսիք «քաղցրախոսությամբ հրապուրում են պարզամիտների սրտերը» (հմմտ. Հռոմ. 16:18): Ուստի չխռովվե´նք, երբ այժմ էլ շատերին տեսնենք այդօրինակ դիմակների տակ: Քրիստոս նախօրոք նաև սա´ է կանխասել:

    Նկատի՛ր Փրկչի հեզությունը: Նա չի ասում՝ «պատժեք նրանց», այլ միայն՝ «զգո´ւյշ եղեք», որպեսզի նրանցից վնաս չունենաք և անզգուշությամբ չընկնեք նրանց թակարդը: Այնուհետև, կանխելու համար քո այն առարկությունը, թե անհնար է ճանաչել այդպիսի մարդկանց, Հիսուս վկայաբերում է ևս մեկ ապացույց՝ օրինակ վերցնելով մարդկային (կենցաղային) ոլորտից. «Մի՞թե փշերից խաղող են քաղում, - ասում է Նա, - կամ տատասկից՝ թուզ»։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն:
   
    Միթե փշերից՝ խաղող կամ տատասկից թուզ կքաղե՞ն:

    Նրանց, ովքեր ասում էին, թե [կեղծավորներից] շատերն ինչ-ինչ հնարներով ջանում են թաքցնել [իրենց իրական] վարքը, [Տերն] ասում է, որ նրանք իմաստություն ու բարություն չունեն, որովհետև թեպետ ոչխարի հագուստ են կրում, սակայն դյուրին է [նրանց] ճանաչել նրանց բարքից, քանի որ շատից հազիվ մեկը կարող են թաքցնել՝ ըստ այսմ. «Աղի [աղբյուրը] չի կարող քաղցր ջուր բխեցնել» (հմմտ. Հակ. 3։12): Բայց պատշաճ է փշերի հետ համեմատել ամբարիշտների վարքը, որովհետև քանի նրանք մարմնի մեջ են փշատեսակ մեղքերի գործերով, խոցոտում են իրենք իրենց և ուրիշներին՝ ըստ այսմ. «Նրանց բերանը լի է անեծքով ու դառնությամբ» (հմմտ. Սաղմ. 9։7), և օրհասական մահվանից հետո անեծքի և կրակի են մատնվում, որովհետև գրված է, որ փշաբեր հողն անեծքի է ենթակա (Եբր. 6։8), և թե՝ «Գնացե՛ք Ինձանից, անիծյալնե՛ր, դեպի կրակը» (Մատթ. 25։41): Իսկ բարեպաշտների կյանքը քաղցրացնում է թե՛ իրենց իսկ միտքը, թե՛ շատերին, և [երկրային մահվանից] հետո զմայլեցուցիչ գինի դառնում երկնային և երկրային հոգիների համար՝ ըստ այսմ. «Երկնքում ուրախություն է լինում ապաշխարողների համար» (հմմտ. Ղուկ. 15։7), էլ չեմ ասում՝ ամբողջապես արդարների:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1