Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

30-31. Նրանցից հեռու էլ խոզերի մի երամակ էր արածում»։  «Եվ դևերը Նրան աղաչում էին. «Եթե մեզ հանես, այն խոզերի երամակի մե՛ջ ուղարկիր»»։
   
    Բայց, գուցե մեկը կհարցնի. «Ինչո՞ւ Քրիստոս կատարեց դևերի խնդրանքը՝ թույլ տալով նրանց մտնել խոզերի հոտի մեջ»: Ես կասեմ, որ Հիսուս այդպես վարվեց ոչ թե դևերից «համոզված» լինելու պատճառով, այլ բազմաթիվ խոհեմ նպատակներով:

    Նախ՝ նրա համար, որ այդ չար տանջողներից ազատվածներին ցույց տար չարամիտ դևերի կողմից իրենց հասցված վնասի մեծությունը:
    Երկրորդ՝ ա´յն պատճառով, որ բոլորին խրատի, թե դևերն առանց Իր թույլտվության նույնիսկ խոզերին չեն համարձակվում դիպչել:
    Երրորդ՝ ցույց տալու համար, որ դևերը մարդկանց հետ նույնիսկ ավելի վատ կվարվեին, քան խոզերի հետ, եթե մարդիկ իրենց այդպիսի դժբախտության մեջ չարժանանային Աստծու մեծ հոգածությանը:

    Չկա մի մարդ, ում մասին Աստված չհոգա: Եթե նույնիսկ Նա բոլորի մասին հավասարապես չի հոգում, ապա դա էլ է Նրա հոգածության (նախախնամության) մեծագույն նշանը: Աստված Իր հոգածությունն է ցույց տալիս՝ յուրաքանչյուրի օգտին համապատասխան: Բացի վերը ասվածից` այս դրվագից մենք սովորում ենք նաև, որ Աստված հոգում է ոչ միայն բոլորի մասին ընդհանրապես, այլ նաև յուրաքանչյուր մարդու մասին առանձին-առանձին, ինչը Տերը ցույց տվեց նաև Իր աշակերտների վերաբերությամբ՝ ասելով. «Եվ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են» (Մատթ. 10:30): Այս նույնը յուրաքանչյուր ոք կարող է հստակորեն տեսնել նաև այս դիվահարների օրինակով, որոնք վաղուց խեղդված կլինեին, եթե ի վերուստ պահպանված չլինեին մեծ հոգատարությամբ: Ահա այս իսկ պատճառներով էլ Փրկիչը դևերին թույլ տվեց մտնել խոզերի երամակի մեջ, որպեսզի այդ շրջանի բնակիչներն էլ ճանաչեն Նրա ամենակարողությունը: Որտեղ Քրիստոսի անունը հայտնի էր, այնտեղ Նա Իրեն այդքան շատ ցույց չէր տալիս, բայց որտեղ ոչ ոք Նրան չգիտեր, և բոլորը մնում էին անզգայության մեջ, այնտեղ Հիսուս կատարում էր փառավոր հրաշքներ, որպեսզի մարդկանց գրավեր դեպի Իր Աստվածության ճանաչողությունը: Իսկ որ այդ քաղաքի բնակիչներն անզգայության մեջ էին, դա երևում է այս դրվագի վերջաբանից:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

30-31. Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: Եւ դեւերը աղչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»:
   
    Նրանցից հեռու՝ արածող խոզերի մի երամակ կար: Եվ դևերն աղաչեցին Նրան՝ ասելով. «Եթե մեզ այստեղից հանում ես, թո՛ւյլ տուր՝ խոզերի երամակը գնանք»:

    Ինչո՞ւ էին աղաչում: Ինձ թվում է՝ Նրա զորության փորձն առան, ուստի պաղատում էին, որ չուղարկվեն անդունդներ: Որովհետև եթե [Տերը] հրամայեր, ո՛չ ուրիշ տեղ, քան այնտեղ էին գնալու:
    Երկրորդ՝ այն պատճառով էին աղաչում խոզերի մեջ մտնել, որ երբ վերջիններս վերադառնային իրենց տերերի մոտ, [դևերը] սրանց մեջ մտնեին, կամ էլ [երբ մարդիկ խոզերի] մսից ճաշակեին, [դևերը] բնակվեին [մարդկանց] մեջ:
    Երրորդ՝ ցույց են տալիս, որ մարդկանց հետ կռիվ տալու և նրանց տանջելու մեծ ցանկություն ունեն, ո՛չ միայն արդարների հետ, ինչպես Հոբի, այլև մեղավորների, ինչպես որ այժմ են կամենում [անել]:
    Չորրորդ՝ [ցույց են տալիս], որ իշխանություն չունեն առանց Աստծո հրամանի անգամ խոզերի մեջ մտնելու, ուր մնաց թե բանական մարդկանց տիրելու՝ ըստ այսմ. «Նրա անասուններին օրհնեցիր.... բայց ձեռքդ հասցրո՛ւ նրա ունեցվածքին» (հմմտ. Հոբ 1։10-11): Սակայն երբ տիրում են [մարդկանց], անողորմաբար չարչարում են, ինչպես խոզերին:
    Հինգերորդ՝ իրենց բնավորությունը հայտնեցին, որ տղմասեր են ու ապականագործ և մեղքերից են միշտ հաճույք ստանում՝ ըստ այսմ. «Ամբարշտության կերակուր են ուտում և անօրենութ-յան գինի խմում» (Առակ. 4։17):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28