Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա շատ մաքսավորներ ու մեղավորներ եկան ու բազմեցին Նրա և Նրա աշակերտների հետ»։
Մատթեոսին կանչելով՝ Քրիստոս նրան արժանացրեց մեծ պատվի՝ անմիջապես սեղանակից դառնալով նրա տանը մատուցված ճաշկերույթին: Այդպիսով Հիսուս Մատթեոսին ապագայի հանդեպ բարեհուսություն պարգևեց և նրա մեջ առավել մեծ վստահություն արթնացրեց: Քրիստոս ոչ թե երկարատև բժշկմամբ, այլ անմիջապես ներազդող բժշկությամբ բուժեց Մատթեոսի հոգու հիվանդությունը: Այնուամենայնիվ, Քրիստոս սեղանի շուրջ նստած չէր միայն Մատթեոսի հետ, այլ նաև՝ բազմաթիվ այլ մարդկանց: Թվում է, թե սա նույնպես հանդիմանություն էր Հիսուսի համար, որ Նա Իրենից չէր հեռացնում մեղավորներին։ Ավետարանիչները, սակայն, այս իրողությունը նույնպես չեն թաքցնում և հայտնում են, որ փարիսեցիները Հիսուսին դատապարտում էին Իր այդպիսի վարմունքի համար:
Մատթեոսի տուն էին եկել բազմաթիվ հարկահավաքներ՝ որպես իր ընկերակիցներ, որովհետև նա, Քրիստոսի այցն իր համար մեծ պատիվ համարելով, կանչել էր նրանց բոլորին: Իսկ Քրիստոս էլ կիրառում էր ամեն տեսակի բժշկություններ: Նա շատերին ազատում էր հոգևոր հիվանդություններից ո՛չ միայն այն ժամանակ, երբ ուսուցանում կամ բժշկում էր հիվանդներին, կամ էլ երբ հանդիմանում էր թշնամիներին, այլ նաև ա՛յն ժամանակ, երբ ուղղակիորեն նստած էր սեղանի շուրջ՝ այդպիսով մեզ սովորեցնելով, որ ամեն ժամանակ պատահող և ամեն տեսակի գործ էլ կարող է մեզ օգուտ բերել:
Ու թեև այդ սեղանի վրա ժողովված ամեն ինչք (ուտելիք) հավաքված էր անարդարությամբ և կողոպուտով, այնուամենայնիվ, Քրիստոս չհրաժարվեց մասնակից լինել այդ ճաշկերույթին. քանի որ Իր ներկայությունը կարող էր մեծ օգուտ բերել ներկաներին, ուստի Հիսուս համաձայնեց միևնույն տան մեջ և միևնույն սեղանի շուրջ լինել այդ ծանր մեղավորների հետ՝ չնայած նրան, որ Քրիստոս դրանով Իր անվան շուրջ վատ համբավ առաջացրեց՝ ըստ այնմ, թե Ինքն ուտում էր հարկահավաքի հետ՝ հարկահավաքի տանը, և դա անում էր բազմաթիվ այլ հարկահավաքների սեղանակցությամբ: Այդպիսին է Բժշկի ճակատագիրը. եթե նա չցանկանա հանդուրժել հիվանդներից եկող հոտը, ապա չի կարող բուժել նրանց հիվանդությունը: Տե՛ս, թե ինչպես են հրեաները Հիսուսին հանդիմանում դրա համար. «Ահա մի մարդ, որ սիրում է ուտել և գինի խմել, մաքսավորների և մեղավորների բարեկամ (Մատթ. 11:19):
Թող սա լսեն բոլոր նրանք, ովքեր ծոմապահությամբ ձգտում են մեծ փառք ձեռք բերել, և թող խորհեն ա՛յն մասին, որ մեր Վարդապետին անվանում էին «մի մարդ, որ սիրում է ուտել և գինի խմել», ու Նա չէր ամաչում դրանից, այլ այդ բոլոր զրպարտություններն անուշադրության էր մատնում, որպեսզի կատարի Իր մտադրությունը, ինչը և կատարեց. հարկահավաքը փոխվեց և այդպիսով դարձավ ավելի լավը: Իսկ որպեսզի համոզվես, թե որքան մեծ նշանակություն ուներ մեղավորների համար Քրիստոսի մասնակցությունն իրենց սեղանին, լսի՛ր, թե ինչ է ասում Զաքեոսը՝ մեկ այլ մաքսավոր: Լսելով Քրիստոսի այս խոսքերը, թե՝ «Այսօր պետք է, որ Ես քո տանը գիշերեմ» (Ղուկ. 19:5), նա հիացմունքով ասաց. «Իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ» (Ղուկ. 19:8): Այդ ժամանակ Հիսուս ասաց նրան. «Այսօր այս տան համար փրկություն եղավ» (Ղուկ. 19:9): Այսպիսով, բոլոր իրավիճակներում էլ կարելի է հնար գտնել՝ մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու համար: Իսկ այդ ինչպե՞ս է, - կասես դու, - որ Պողոսը հրամայում է. «Եթե եղբայր կոչված մեկը մնում է պոռնիկ կամ ագահ…այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք» (հմմտ․ Ա Կորնթ. 5:11): Բայց նախ, այդ խոսքերից դեռ պարզ չէ, թե արդյոք առաքյալը այդպիսի հանձնարարություն է տալիս ուսուցիչների՞ն, թե՞ միայն եղբայրներին: Երկրորդ հերթին, մաքսավորները չէին պատկանում ո՛չ կատարյալների, ո՛չ էլ «եղբայրների» թվին: Բացի այդ, Պողոսը հրամայում է հեռու մնալ այնպիսի՛ եղբայրներից, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց արատներից, մինչդեռ հարկահավաքները դադարեցին չարիք գործելուց և փոխվեցին:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ:
Երբ Նա բազմել էր նրա տանը, ահա մաքսավորներն ու մեղավորները եկան ու բազմեցին Հիսուսի և Նրա աշակերտների հետ:
Ինձ թվում է՝ Իր խոնարհությամբ, որ բազմեց [Մատթեոսի] տանը՝ [Տերը] նրան մղեց աշակերտելու [Իրեն], նաև նրան սեղանակցելով՝ մեծ պատվով մեծարեց նրան և ապագայի համար վստահություն ստեղծեց: Իսկ [այդտեղ] հավաքված մաքսավորներն ու մեղավորները, ովքեր [Մատթեոսի] գործընկերներն էին, նրանից կանչվել էին՝ տեսնելու այդ Մարդու խոնարհությունը, ինչպես նաև Տիրոջ մարդասիրությունը, որ չէր խորշում նրանցից, ինչպես օրենսգետներն ու փարիսեցիները, այլ նրանց հետ ճաշելով՝ շահում էր նրանց՝ ճարտար բժիշկների նմանությամբ, ովքեր բուժում են թարախակալած վերքերով [մարդկանց] հիվանդությունը: Ուստի բազմել էին ըստ կարգի՝ գլխավորները գլխավորի հետ, իսկ սպասավորները՝ սպասավորների, կամ էլ՝ Հիսուսի հետ բազմել էին Նրա աշակերտները, իսկ աշակերտներից հետո՝ նրանք՝ հանուն պատվի և հնազանդության: [Սրանից] նաև սովորում ենք, որ եթե մեկը մեղավոր է և զղջալով ապաշխարության է գալիս, Տիրոջ և Նրա աշակերտների կարգից ու թվից դուրս չի մնում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: