Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:24

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նրանց ասաց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծաղրում էին Նրան»։
   
    Իսկ ի՞նչ է անում Քրիստոս: Նա բոլորին դուրս է հանում՝ բացի աղջկա ծնողներից, և նրանց էլ ներսում է թողնում միայն այն բանի համար, որ հետո չասեն, թե ոչ թե Ինքը՝ Հիսուս, այլ ուրիշ մեկն է հարություն տվել իրենց աղջկան: Եվ նախքան մանկանը հարություն տալը՝ Քրիստոս խոսքով արթնացնում է նրան՝ ասելով. «Աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»: Հիսուս նման կերպ էր վարվել նաև շատ այլ դեպքերում:

    Եվ ինչպես ծովի վրա նախ հանդիմանում է Իր աշակերտներին, այդպես էլ այստեղ նախ ներկաներին ազատում է իրենց խռովահույզ մտքերից և միաժամանակ ցույց է տալիս, որ Իր համար հեշտ է մեռյալներին հարություն տալը (ինչպես Քրիստոս վարվեց Ղազարոսի հարության ժամանակ՝ ասելով. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է» (Հովհ. 11:11), - և միաժամանակ սովորեցնում է չվախենալ մահից, որովհետև մահն այլևս դադարել է «մահ» լինելուց, այլ դարձել է գեթ մի քուն:

    Քանի որ Փրկչին Ինքն էլ պետք է «մահանար», ուստի, ուրիշներին հարություն տալով, Նա նախապես պատրաստում է Իր աշակերտներին քաջության և մահը հանդարտ ընդունելու համար, քանի որ Հիսուսի՝ աշխարհ գալուց հետո մահը դարձել էր քուն: Տանը գտնվողները ծիծաղում էին Քրիստոսի վրա, բայց Նա չէր վիրավորվում այն իրողությունից, որ ներկաները չէին հավատում, թե Նա ինչ հրաշք էր մտադիր կատարել շուտով։ Ուստի և Հիսուս չհանդիմանեց ծիծաղողներին, որպեսզի հենց այդ ծիծաղը, ինչպես նաև սրինգները, ծնծղաներն ու մնացյալ ամեն բան վկայեին աղջկա մահվան մասին:

    Քանի որ մարդիկ հաճախ չեն հավատում արդեն իսկ կատարված հրաշքներին, ուստի Տերն Ինքը նախապես «հեռացնում» է նրանց նմանօրինակ անհավատությունից՝ նրանց իսկ պատասխաններով: Այդպես էր Ղազարոսի հարության ժամանակ, այդպես էր նաև Մովսեսի օրերում: Մովսեսին Աստված ասում է. «Այդ ի՞նչ է քո ձեռքին» (Ելք 4:2), — որպեսզի Մովսեսը, տեսնելով գավազանից առաջացած օձը, չմոռանա, որ նախկինում իր ձեռքում գավազան էր եղել, այլ, հիշելով Աստծու հարցին իր տված պատասխանը, զարմանար տեղի ունեցած հրաշքով: Այդպես նաև Ղազարոսի հարության ժամանակ Տերը հարցնում է. «Ո՞ւր դրիք նրան» (Հովհ. 11:34), — որպեսզի նրանք, ովքեր պատասխանում էին՝ «Արի՛ և տե՛ս», ու նաև՝ «Հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է» (Հովհ. 11:39), — այլևս «հնար» չունենային չհավատալու, որ Հիսուս հարություն տվեց մեռյալին: Ուստի, տեսնելով ծնծղաներն ու բազմությունը, Քրիստոս բոլորին դուրս է հանում տնից և ծնողների ներկայությամբ կատարում է հրաշքը՝ ոչ թե մեկ ուրիշ հոգի դնելով մեռածի մարմնում, այլ վերադարձնելով հենց ա՛յն հոգին, որը դուրս էր եկել նրանից, և կարծես քնից արթնացնելով աղջկան:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է».
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:23
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է».
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:23