Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:32

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Նրա մոտ բերեցին մի համր դիվահարի»։
   
    Այս հիվանդությունը բնական չէր, այլ առաջանում էր դիվական չար մտադրվածությունից: Այդ պատճառով էր անհրաժեշտ, որ դիվահարը բերվեր այլ մարդկանց կողմից: Քանի որ այդ դիվահարը, խոսել չկարողանալով, չէր կարող խնդրել ո՛չ ինքն իր համար, ո՛չ էլ ուրիշների միջոցով, որովհետև դևը կապել էր նրա լեզուն, իսկ լեզվի հետ մեկտեղ՝ նաև նրա հոգին, ուստի Տերը նրան հավատի մասին չի հարցնում, այլ անմիջապես բժշկում է իր հիվանդությունից:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

32-33. Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»:
   

    Երբ նրանք դուրս եկան, Նրա մոտ բերեցին մի համր դիվահարի: Եվ երբ դևը ելավ, համրը խոսեց:

    Այդ ժամանակ Նրա հրաշքների համբավը տարածվեց, և ամեն կողմից Նրա մոտ շտապում էին բժշկվելու, իսկ Նա ոչ միայն մարմինը, այլև նրանց հոգին էր վարդապետական խոսքով ապաքինում, ինչպես որ կույրերն առողջացած մարմնով ու զորացած հոգով դուրս եկան, և ահա [Հիսուսի] մոտ բերեցին մի ուրիշի՝ համր և դիվահար: Այդ ախտը ոչ թե ի ծնե էր, այլ դևի վնասակար [ներգործությունից], որպեսզի նա չլսեր կամ չխոսեր և չհավատար, որովհետև նրա լեզուն կապված էր: Ուստիև ուրիշները [նրան] առաջ բերեցին. ինքը չէր կարող անձամբ աղաչել: Այսիսկ պատճառով [Հիսուսը նրանից] հավատ չպահանջեց, այլ իսկույն բժշկեց, և նա սկսեց խոսել և օրհնել Աստծուն ու պարգևներ Տվողին, ինչից հայտնի դարձավ, որ [Հիսուսն] է մարդկանց արարիչը, Ով [մարդուն] հողից ստեղծելով՝ նրան երկրի վրա իբրև խոսուն բանական [էակ] դրեց:

    Եվ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»:

    Պարզամիտներն անհերքելի հրաշքների պատճառով զարմանքի եկան և [Հիսուսին] արժանի գովասանք մատուցեցին. մարդկանց հավասարությունից Նրան զատելով՝ Աստծո պես մեկը կարծեցին: Սա հայտնի է նրանից, որ ասացին. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»: Այսինքն՝ [Հիսուսի գործածն] առավել մեծ էին համարում ոչ միայն նրանցից, որոնք կատարվում էին այդ ժամանակներում, այլև (քանի որ [ժողովուրդը] քաջատեղյակ էր [Սուրբ Գրքի] պատմություններին) նախկինում [կատարված] հրաշքներից՝ Մովսեսի և Եղիայի, որովհետև ոչ միայն բժշկում էր, այլև [գործում] անհնարինը, որը ոչ ոք չէր սպասում, այն էլ անմիջապես և հեշտությամբ: Այս պատճառով էլ զարմանում էին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

32-34. Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
   
   Համր ու կույր դիվահարի բժշխությանը արդեն ծանոթացանք եւ բացատրեցինք (Մատթ. 12:22-23): Նմանօրինակ, սակայն տարբեր մի բժշկություն է եւ այս համարի դիվահարի բժշկությունը: Այնտեղ նշեցինք, թե ինչպես կարող է դիվական զորությունն իշխել մարդկային զգայարաններին եւ դրանցից մեկի կամ մյուսի գործունեությունը խափանել: Մարդու աչքին կամ լեզվին ներգործելով՝ դեւը նրան համր ու կույր դիվահար էր դարձրել, իսկ լոկ լեզվին ներգործելով, դարձրել համր: Համրերը նաեւ խուլ են լինում, երբ ի ծնե խլությունը պատճառ է դառնում խոսել չսովորելուն: Սակայն հետո, երբ դիվահարությունն է պատճառը, լոկ լեզվի գործունեության խափանումով, ականջի գործունեությունը չի խափանվում: Կարող է լսել, բայց չխոսել ու պապանձված մնալ: Համր դիվահարին Հիսուսի մոտ բերեցին, երբ Նա տանից դուրս էր գալիս: Հավանաբար դա կույրերի բժշկության հաջորդ առավոտն էր: Անշուշտ Հիսուս, հավատի վերաբերյալ երաշխավորություն եւ խոստովանություն ստանալուց հետո բժշկեց դիվահարին, նրանից հալածեց դեւին: Դեւի հեռանալուց հետո վերջինս սկսեց համարձակորեն խոսել ու համր լեզուն բացվեց:
    Ժողովուրդը հետզհետե կատարված բժշկությունները տեսնելով՝ սկսեց խոստովանել, թե հրեից մեջ երբեք այսպիսի հրաշագործ մեկը չի երեւացել, որ բազմաթիվ ու բազմակողմանի բժշկություններ կատարի. «Ոչ երբեք երեւեցաւ այսպիսի ինչ յԻսրայէլի» : Փարիսեցիները, Հիսուսի համբավն ու հռչակը նվազեցնելու համար, նորից սկսեցին կրկնել, թե սատանայական զորությամբ է Նա հրաշքներ գործում: Դա արդեն ընդարձակորեն բացատրեցինք եւ հերքեցինք (Մատթ. 12:24-37): Ուստի այդ մասին նոր ասելիքի կարիք չկա: