Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։4

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, և գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ»։ [4] (Սինոդական թարգ․)
   
    «Տիրոջ փառքը» (9:3-րդ համարի իմաստով) դարձյալ (ինչպես 9:3-րդ համարում) քերովբեների վրայից (ինչպես 9:3-րդ համարի եբրայեցերեն տեքստում, այստեղ նույնպես կիրառված է եզակի թվով, սակայն՝ հավաքական իմաստով) անցնում է տաճարի շեմի վրա՝ հավանաբար ցանկանալով մատնանշել այն իրողությունը, որ այժմ տեղի է ունենալու Երուսաղեմի նկատմամբ Աստծո դատաստանի երկրորդ գործողությունը՝ քաղաքի այրումը՝ համապատասխանաբար այն բանի, որ այդ դատաստանի առաջին գործողությունը՝ բնակչության կոտորածը, կատարվել էր տաճարի մուտքի մոտ։ Սա ցույց է տալիս, որ քաղաքը դատվում է գլխավորապես տաճարը պղծության մատնելու համար։ Թեոդորետոս Երանելին կարծում է, որ Տիրոջ փառքն այս դեպքում իջել է քերովբեների վրայից, որպեսզի հրեշտակապետին հնարավորություն ընձեռի՝ անիվների տակ մտնելու և այնտեղից ածուխ վերցնելու համար. Տիրոջ փառքի մեծությունը թույլ չի տվել, որ այն մնա գահի կառքի վրա այն ժամանակ, երբ հրեշտակը քայլում էր անիվների մեջտեղով: Տիրոջ փառքի հետ միասին շարժվել է նաև ամպը՝ այդ փառքի արտաքին դրսևորումը (ասես այն պարուրող վարագույրը), և այդ ամպն արդեն լցրեց ոչ թե գավիթը, այլ սրբարանի շինությունը և Սրբություն Սրբոցը (սա արդեն վերջին անգամ): Սակայն գավիթը, չնայած այն բանին, որ ամպը մաքրվել, հեռացել էր այնտեղից, այնուհանդերձ հայտնի էր դարձնում Տիրոջ փառքի մերձավորության իրողությունն ա՛յն փաստով, որ շարունակում էր լեցուն մնալ այդ փառքի պայծառությամբ, այսինքն՝ ա՛յն պայծառությամբ, որը, համաձայն 1։4-րդ համարի, Քոբարյան Աստվածահայտնության ամպը շուրջանակի ճառագել էր իր չորսբոլորը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ այն քերովբէների վրայից օդի մէջ վեր բարձրացաւ Տիրոջ փառքը, որ տաճարում էր. տաճարը լցուեց ծխի ամպով, սրահն էլ լցուեց Տիրոջ փառքի լոյսով:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։
(Գրաբար) Եւ փառքն Տեառն վերացան ՚ի քրովբէից անտի յօդն որ ՛ի մէջ տաճարին. և տաճարն լի՛ եղև ամպով, և սրահն լի եղև լուսով փառացն Տեառն: