Ա. Լոպուխին
«Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր նույնիսկ մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ Նա խոսում է»։ [5] (Սինոդական թարգ․)
Քերովբեները, որոնք այդքան սերտորեն կապված են Աստծո փառքի հայտնության հետ, նրանք, որ կոչվում են «փառքի քերովբեներ» (Եբր. 9:5), չէին կարող անտարբեր մնալ Աստծո փառքի՝ իրենց վրայից դեպի տաճարի շեմքը տեղափոխվելուն, ուստի դրան արձագանքում են աղմուկով, այսինքն՝ իրենց թևերի շարժումով (թափահարումով), որը կարող էր լինել ծափահարություն՝ քերովբեների կողմից ուղղված Աստծուն (չնայած որ Եզեկիելի մարգարեության մեջ այդ մասին չի խոսվում, իսկ Հայտնության գրքում շատ քիչ բան է ասվում (Կնաբենբաուեր)), Որը դատաստան է տեսնում նրանց (հրեշտակների) համար հատկապես ատելի եղող ամբարշտության նկատմամբ (հմմտ․ Հայտն. 6։1-8․ երբ Գառը բացում է առաջին 4 կնիքները, որոնցից յուրաքանչյուրը սարսափելի արհավիրքներ էին պարունակում աշխարհի համար, 4 քերովբեներն իրենց հերթին բավարարվածության զգացումով ասում էին տեսանողին. «Արի ու տես»): Այդ ուժգին աղմուկը (որը հնչում էր քերովբեների թևերից) լսվում էր տաճարի հսկայածավալ ամբողջ տարածության վրա, որի գավիթների ընդարձակության մասին կարելի է պատկերացում կազմել Եզեկիելի 40-42-րդ գլուխներում խորհրդավոր տաճարի նկարագրությունից։ Տեսիլքի պահին գտնվելով տաճարի ներքին գավթում (8:16), մարգարեն կարող էր ձայնի արձագանքից եզրակացնել, որ աղմուկը հասել էր տաճարի արտաքին գավթի դրսի պատին: Քերովբեների թևերից հնչող աղմուկը, որն այդքան մանրամասնորեն և մասնավոր կերպով նկարագրված է 1:24-րդ համարում, մարգարեն բնութագրում է այդտեղ ներկայացված 4 համեմատություններից մեկով, որն ամենից զորավորն է՝ համեմատություն Ամենակարող Աստծո ձայնի հետ (եբրայեցերենում՝ «Էլ-Շադդայի», այնտեղ պարզապես՝ «Շադդայի»․ «Էլ-Շադդայի» անվանումը կիրառված էր դեռևս միայն Ծննդոց 43:14-րդ համարում է, երբ Նա (Աստված) էր խոսում (արտահայտության բացատրությունը տե՛ս նաև 1:24-րդ համարում. Սիմմաքոսը և Թեոդոտիոնը տարընթերցում են հետևյալ կերպ «ինչպես ամպրոպի ձայնը»): Համաձայն 1:24-րդ համարի՝ քերովբեների թևերից նմանատիպ աղմուկ էր գալիս, երբ նրանք թռչում էին. հետևաբար, այս դեպքում նրանք իրենց թևերը թափահարում էին ոչ պակաս ուժգնությամբ, քան դա անում էին թռչելիս. ահա՛ թե ինչպիսի հուզմունքի մեջ էին նրանք։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ քերովբէների թեւերի ձայնը լսելի էր լինում մինչեւ արտաքին գաւիթը, ինչպէս Սադայի Աստծու ձայնը, երբ նա խօսում էր:
(Արարատ թարգ․) Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։
(Գրաբար) Եւ ձայն թևոց քրովբէիցն լսելի լինէր մինչև ՚ի սրահն արտաքին իբրև զձայն Աստուծոյ Սադայի` որ խօսէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: