Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, քո եղբայրներին, քո եղբայրներին, քո արյունակիցներին և Իսրայելի ամբողջ տանը, նրանց բոլորին Երուսաղեմի բնակիչներն ասում են. «Տիրոջից հեռո՛ւ ապրեք. այս երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված»։ [15] (Սինոդական թարգ․)
Գերիները, որոնց Երուսաղեմում արհամարհանքով են նայում, ընդհակառակը, կարող են ավելի լավ ապագայի հույս ունենալ, եթե միայն անկեղծորեն դառնան դեպի Աստված։ Այդպիսով, այստեղ Երուսաղեմի նկատմամբ Աստծո դատաստանի միևնույն դրամատիկ ձևով մատնացույց է արվում նրա անկման նոր, արդեն երրորդ (առաջինը՝ կռապաշտությամբ տաճարի պղծումը, երկրորդը՝ ամբարշտությունը, Եզեկ․ 9:9) և ամենահիմնական պատճառը՝ քաղդեացիներին դիմակայելու իշխանությունների անխոհեմ փորձը։ Աստված ուղղում է մարգարեի սխալ պատկերացումը, համաձայն որի՝ Երուսաղեմն այն վերջին արժեքավոր բանն է, որ մնացել է Իսրայելից. մարգարեն մոռանում է իր եղբայրների, արյունակիցների մասին (սլավոներենում՝ «քո գերության տղամարդիկ», եբրայեցերենում՝ «գէուլա»․ նման իմաստ ստանալու համար այդ բառի մեջ մեկ տառ պետք է հեռացվի՝ «գոլա»)։ Եվ դարձյալ՝ «եղբայրներ»-ի (կրկնաբանությունը զգացականության ուժով է պայմանավորված), «Իսրայելի ամբողջ տան» մասին, որ ցրված է տասնացեղյա թագավորության մեջ, նրանց բոլորի, ամբողջության մասին (մարգարեական ակնարկ Հուդայի և Իսրայելի գալիք միավորման մասին. փառք՝ «անցավ», այսինքն՝ զոհվեց Երուսաղեմցիների կարծիքով): Եբրայեցերեն տեքստի այս հատված հիշատակվող անվանումներն իրարից անկախ են հանդես գալիս՝ «քո եղբայրներին», և այդպես շարունակ․․․«դու մոռացե՞լ ես նրանց մասին»։ Մարգարեն Իսրայելի մնացորդի հանդեպ իր վախով (որի համար Աստված նախատում է նրան) ոչ միտումնավոր կերպով, սակայն ընդունում է հպարտ երուսաղեմացիների տեսակետը, նրա՛նց, ովքեր գերիներին Աստծո ժողովուրդ չեին համարում միայն այն պատճառով, որ այդ գերյալներն ապրում էին «Տիրոջից հեռու», այսինքն՝ «տաճարի՛ց հեռու», և չէին բնակվում Սուրբ Երկրում: Սուրբ Երկիրը համարվում էր Յահվեից անբաժան եղող մի բան, ինչպես հեթանոսական երկրների պարագայում, որոնք «անբաժան» էին իրենց աստվածներից (Ա Թագ․ 26:19, Դ Թագ․ 17:23, Երեմ․ 48:7)։ Միայն դժվարին իրապայմաններում էր, որ դադարեցին այդ տեսակետի կրողը լինել (Եզեկ․ 8:12, հմմտ․ Երեմ․ 24)։ Մարգարեի հայտնած տեսակետը շատ բնորոշ է Պաղեստինում մնացածների հանդուգն ամբարտավանությանը, ըստ որի՝ նրանք իրենց համարում էին Ծննդոց 15:18-րդ համարում Աբրահամին տրված Ուխտի խոստման միանձնյա ժառանգորդներ:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, քո եղբայրների, քո գերուած հարազատների, Իսրայէլի ամբողջ տան վախճանը հասել է: Երուսաղէմի բնակիչները նրանց ասել են, թէ՝«Հեռացէ՛ք Տիրոջից, որովհետեւ այս երկիրը մեզ է տրուած որպէս ժառանգութիւն»:
(Արարատ թարգ․) «Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված։
(Գրաբար) Որդի մարդոյ, եղբարք քո՝ և արք գերութեան քոյ՝ և ամենայն տունդ Իսրայէլի հասեալ են ‘ի վախճան. որոց ասացին բնակիչքն Երուսաղեմի. ‘Ի բա՛ց մերժեցարուք ‘ի Տեառնէ. զի մե՛զ տուեալ է զերկիրդ ‘ի ժառանգութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: