Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։22

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում՝ «Շատ օրեր են անցնում, և մարգարեական ամեն տեսիլք ոչնչանում է»»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես այլ հատվածներում (Եզեկ․ 8:12, 16:44, 18:12 հմմտ․ Երեմ. 5:12, 17:5), այստեղ նույնպես մարգարեն գործածում է իր համար սիրելի խոսելաոճը՝ բնորոշելու նրանց, ում նա դիմում է․ մարգարեն այստեղ օգտագործում է ժողովրդական մի արտահայտություն, որը նա անվանում է «առած», սլավոներենում ավելի ճշգրիտ՝ «առակ»՝ արտահայտության ներկայիս գործածության իմաստով, այդպիսով միքտը լավագույնս արտահայտելով հնարավոր ամենակարճ և հակիրճ եղանակով: Հնարավոր է, որ Երեմիայի՝ քաղաքի և տաճարի կործանման մասին տարիներ առաջ հնչեցրած հայտարարությունն է հիմք դարձել ներկայիս ասացվածքի համար. - «ամեն տեսիլք ոչնչանում է», սլավոներենում՝ «կորնչում է»։ Հատկապես հանդիսավորապես արտասանված բառը, ինչպես, օրինակ, երդումը, անեծքը կամ կանխասացությունը, հին ժամանակներում շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան ներկայումս, քանի որ այն համարվում էր կենդանի զորություն, որն անպայմանորեն իրագործվելու էր․ Աստծո խոսքն իսկապես էլ մի այդպիսի զորություն էր (Ա Թագ. 3:19, Սաղմ. 145:4), հետևաբար, եթե այն չիրագործվեր, ապա դրա մասին կարելի էր ասել, որ այն հայտնապես ի չիք էր դարձել։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ ասացուածք է, որ ասւում է Իսրայէլի այդ երկրում, թէ՝ «Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է։
(Գրաբար) Որդի մարդոյ, զի՞նչ է ձեզ առակդ այդ յերկրիդ Իսրայէլացւոց՝ զոր ասեն. Հեռի՛ են աւուրքն, ո կորեան տեսիլք ամենայն: