Ա. Լոպուխին
«Բայց Ես պիտի վերհիշեմ քո երիտասարդության օրերին քեզ հետ կապած Իմ ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի վերահաստատեմ»։[60] (Սինոդական թարգ․)
«Ես պիտի վերհիշեմ քո երիտասարդության օրերին քեզ հետ կապած Իմ ուխտը» - այսինքն՝ այն ուխտը, որը կնքվել էր Աբրահամի և Մովսեսի իշխանության տակ գտնվող ժողովրդի հետ։ Այս ուխտի մասին հիշելը, և ոչ այլ բան՝ ոչ նույնիսկ ժողովրդի ապաշխարությունը, այլ միայն վերոնշյալ ուխտի մասին հիշողությունն է դառնալու Իսրայելի վերականգնման միակ պատճառը: Ապաշխարությունը հաջորդելու է դրան (61-րդ համար), և այդժամ է, որ Աստված ավարտին է հասցնելու Իսրայելի փրկությունը։ Սա շատ կարևոր գաղափար է դոգմատիկայի տեսանկյունից։
«Հավիտենական ուխտ» - այսինքն՝ մի այնպիսի միություն, որը երբեք չի խախտվի Իսրայելի կողմից։ Այդպիսի ուխտի մասին կանխագուշակվել էր նաև Եսայու (Ես․ 55:3) և Երեմիայի կողմից (Երեմ․ 31:31 հմմտ․ Եզեկ․ 34:25, 37:26), և այդ ուխտն իրականացավ Քրիստոսի գալստյամբ, սակայն ամբողջությամբ և ամբողջ Իսրայելի համար այն կհաստատվի Եզեկիելի մարգարեության 40-48-րդ գլուխներում նկարագրված ժամանակներում: Այն նախորդ ուխտից կտարբերվի նրանով, որ Աստված երկու կողմերի (Իր և ժողովրդի) համար կստեղծի այնպիսի պայմաններ, որոնց խախտումը ավելի թույլ կողմի (ժողովրդի) կողմից չի հանգեցնի ուխտի խզմանը (օրենքը վերացմանը և դրա փոխարեն շնորհի հաստատմանը), ինչպես որ Եզեկիելի ապրած ժամանակաշրջանում տեղի ունեցավ Սինայի ուխտի հետ: Բայց սա բոլորովին նախորդից տարբերվող մի նոր ուխտ չի լինելու, այլ լինելու է նախորդ ուխտի վերականգնումը (Մատթ․ 5։17, Գաղ. 3։17): Այն, ինչ Յահվեն սկսեց այն ժամանակ, այժմ Նա այդ էլ ավարտին է հասցնելու։
--------------------------------
[60](Էջմիածին թարգ․) Բայց ես յիշելու եմ ուխտս, որ երիտասարդութեանդ օրերին կապել էի քեզ հետ, յաւիտեան հաստատ եմ պահելու այդ ուխտը:
(Արարատ թարգ․) Իսկ ես պիտի հիշեմ քո մանկության օրերին քեզ հետ իմ կապած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։
(Գրաբար) Եւ յիշեցի՛ց զուխտն իմ որ ընդ քե՛զն էր յաւուրս տղայութեան քոյ. և կանգնեցից ինձ ուխտ յաենական.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: