Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։8

Ա. Լոպուխի

«Եվ Ես անցա քո կողքով, և տեսա քեզ, և ահա, դա քո ժամանակն էր, սիրո ժամանակը էր․ ու Ես Իմ քղանցքները տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ երդվեցի քեզ ու քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու Իմը եղար»։ [8] (Սինոդական թարգ․)
   
    «Եվ Ես անցա քո կողքով» - սա էլ արդեն երկրորդ անգամ։ Ինչպես երևում է հետագայում, Իսրայելի հետ Աստծո ունեցած հարաբերությունների երկրորդ շրջանի նկարագրություն սկսվում է այնժամ, երբ նրանց միջև կնքվում է Սինայի ուխտը։

   «Սիրո ժամանակը» - այսինքն՝ այն հասունության ժամանակը, որը բավարար էր ամուսնության համար. Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում՝ այն հասունությունը, որը բավարար էր ժողովրդի զարգացմանը միտված ուխտ կնքելու համար: Սլավոնական տեքստում՝ «սավառնումների ժամանակը», այսինքն՝ ամուսինների հետ հաղորդակցության մեջ մտնելու ժամանակը (Հերոնիմոս Երանելի):

   «Ու Ես Իմ քղանցքները տարածեցի քեզ վրա» -սա խորհրդանշում է ամուսնական միության ծիսական արարողությունը (Հռութ 3։9)։

   «Երդվեցի» - նշանադրության ժամանակ զույգը երդում էր տալիս մեկմեկու։

   «Ուխտ կնքեցի» - կամ՝ «միություն հաստատեցի»։ Այստեղ նկատի է առնվում Սինայական ուխտը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը: Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ: Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ դու իմը եղար:
(Արարատ թարգ․) Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։
(Գրաբար) Եւ եկի հասի 'ի վերայ քո, և տեսի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո, և ժամանակ խախտողաց քոց. տարածեցի զթևս իմ 'ի վերայ քո և ծածկեցի՛ զխայտառակութիւն քո. և երդուայ քեզ երդումն, և յուխտ մտի ընդ քեզ. ասէ Ադովնայի Տէր։ Եւ եղեր ինձ: