Եզեկիելի մարգարեության մեկնություն 19։14

Ա. Լոպուխին

«Եվ կրակ դուրս եկավ նրա ճյուղերի միջից, խժռեց նրա պտուղները, և նրա վրա ոչ մի ամուր ճյուղ չմնաց իշխանավորի գավազանի համար։ Սա ողբի երգ է և կմնա ողբի համար»։ (Սինոդական թարգ․) [14]
   
    «Եվ կրակ դուրս եկավ նրա ճյուղերի միջից» - ա՛յն ծառի ճյուղերի միջից, որը հիշատակվում է 11-րդ համարում, այսինքն՝ Սեդեկիայի «ճյուղերի միջից» (տե՛ս 11-րդ  համարի բացատրությունը)։ Այն կրակը, որն այրեց Սեդեկիային և հրո ճարակ դարձրեց ամբողջ որթատունկը (Հուդան), այս թագավորի դավաճանական քաղաքականությունն էր (Նաբուգոդոնոսորի հետ հարաբերությունների համատեքստում), և հենց այս թագավորն ինքն էլ բերեց Հուդայի վերջնական կործանումը:

   «Նրա վրա ոչ մի ամուր ճյուղ չմնաց իշխանավորի գավազանի համար» - Սեդեկիայից հետո Հուդայում այդպես ժողովրդական (հրեա ազգից սերող) թագավորներ չեղան՝ մինչև Մեսիայի գալուստը։ Ահա թե ինչու Փրկիչն Իրեն կարող էր համեմատել որթատունկի հետ (Հովհ․ 15:1)՝ և ոչ առանց Եզեկիելի այս գլխին հղում կատարելու, քանի որ այս գլխում Հուդայի տան որթատունկը կարծեք թե չորացել և այրվել էր՝ նախքան Նրա գալուստը:

   «Սա ողբի երգ է» - սա երգի խորագիրն է։ Համաձայն սլավոներեն թարգմանության՝ Դավթի թագավորական ընտանիքը դարձավ սույն ողբերգական երգի թեման․․․

   «Եվ կմնա ողբի համար» - իր այս խոսքերով մարգարեն կա՛մ հանրայնացնում է իր երգը ժողովրդի մեջ իրական օգտագործման համար, կա՛մ արտահայտում է այն գաղափարը, որ այս ողբալի երգը հանգեցնելու է իրական ողբին (սլավոներենում՝ «և լաց կլինի») ա՛յն ժամանակ, երբ այդ երգի մեջ տեղ գտած մարգարեությունն իրականություն դառնա:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Կրակ ելաւ նրա ընտիր-ընտիր բներից ու ճարակեց այն: Եւ նրանում հզօր մական չմնաց: Ազգը ողբի առակ է դարձել, ողբ էլ պիտի լինի»:
(Արարատ թարգ․) Կրակ դուրս եկավ նրա ոստերի բնից, կերավ նրա պտուղը, և նրա վրա զորավոր ճյուղ չմնաց իշխանավորի ցուպի համար։ Սա ողբ է և իբրև ողբ կլինի»։
(Գրաբար) և ել հուր յընտիր ընտիր գաւազանաց նորա՝ և եկեր զնա. և ո՛չ գոյր ‘ի նմա գաւազան զօրութեան. ա՛զգ յառակս ողբոց և յո՛ղբս եղիցի: