Ա. Լոպուխին
«Եվ Օղոլան սկսեց պոռնկություն անել Իմ դեմ և սիրահարվեց իր սիրեկաններին՝ ասորեստանցիներին՝ իր հարևաններին»։ [5] (Սինոդական թարգ․)
«Սիրահարվեց» - կրքով լցվեց, կախվածության մեջ ընկավ։ Եբրայեցերենում այստեղ գործածված է «ագավ» բայը, որն օգտագործում են միայն Երեմիան և Եզեկիելը։
«Ասորեստանցիներին» - Մանայեմը՝ Իսրայելի թագավորը, դեսպանների միջոցով դաշինք կնքեց Փուայի՝ Ասորեստանի թագավորի հետ (Դ Թագ․ 15:19)։ Հնարավոր է, որ Եզեկիելը տեղյակ էր նաև այլ դաշինքների մասին (նա, իհարկե, մեզնից ավելի լավ գիտեր Իսրայելի ուշ շրջանի պատմությունը)։ Սեպագիր արձանագրությունների համաձայն՝ Հեուն նույնպես հարկ է տվել Սալմանասարին (Տրոշոն)։
«Իր հարևաններին» - տարածաշրջանային առումով ասորեստանցիներին հազիվ թե կարելի է «Իսրայելի հարևաններ» կոչել, հետևաբար, նրանք այդպես են կոչվում որպես կռապաշտներ Իսրայելի հետ իրենց հոգևոր մերձավորության պատճառով։ Կամ էլ եբրայեցերեն «քէրոէիմ» բառին պետք է այլ իմաստ տալ։ Օրինակ՝ այդ բառի ծագումնաբանությունը կապել «քերաբ» բառի հետ, որ նշանակում է «պատերազմ», «պատերազմական» (հմմտ․ ասորական «կիրադա» - «ռազմիկ», «հերոս» բառի հետ)։ Կամ գուցե հարկ է տարընթերցել «քերուիմ» - «նշանավոր», «բարձրաստիճան» (հմմտ․ 12-րդ համարի այն հատվածը, որտեղ տեղ է զբաղեցրել այս բառը)։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «նրան մոտենացողներին», ասել է թե՝ ցանկասիրությամբ մերձեցողներին։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ոողան, իմը լինելով, պոռնկացաւ, աչքը գցեց իր հոմանիների՝ ասորեստանցիների վրայ, որոնք նրա մօտ էին.
(Արարատ թարգ․) Ոողան, թեև իմն էր, պոռնկություն արեց և սիրահարվեց իր սիրեկաններին, այսինքն՝ հարևան ասորեստանցիներին,
(Գրաբար) Եւ պոռնկեցա՛ւ Ոողայն յինէն. և արձակեաց զաչս իւր զհետ հոմանեաց իւրոց, յԱսորեստանեա՛յսն որ մե՛րձ էին առ նա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: