Ա. Լոպուխին
««Այդպիսով, դու Եդեմի ծառերից որի՞ն էիր հավասար քո փառքով և մեծությամբ։ Բայց այժմ Եդեմի ծառերի հետ դու պիտի իջեցվես անդրաշխարհ, պիտի պառկես անթլփատների մեջ՝ սրով սպանվածների հետ։ Դա փարավոնն է և նրա ժողովրդի ամբողջ բազմությունը», - ասում է Տեր Աստված»։ [18] (Սինոդական թարգ․)
Այս հարցով, որը, ինչպես 2-րդ համարի պարագայում էր, անպատասխան է մնում (տե՛ս այնտեղ), սույն գլխի շարադրանքը «վերադառնում» է իր սկզբին։ Եգիպտոսի կործանումն այդ անհամեմատելիորեն վիթխարի տիրակալությանը ոչ միայն հավասարեցրեց մյուս մեծ թագավորություններին («Եդեմի ծառերին»), այլ նաև Եգիպտոսին արժանացրեց մահացածներից ամենադժբախտների՝ անթլփատների ճակատագրին (տե՛ս Եզեկ․ 28:10-րդ համարի բացատրությունը. եգիպտացիների մեջ, առնվազն՝ բարձր խավերում, թլփատությունը լայնորեն տարածված էր; Vigouroux. La bible... ed. 2, t.1, p. 414) և զրկեց հուղարկավորվելու հնարավորությունից։
«Դա փարավոնն է» - սա առակի բացատրությունն է, որ հանդիսավորապես հնչում է հենց Տիրոջ շուրթերից, ինչը հատկապես անհրաժեշտ էր 3-րդ համարի հետ համեմատության համատեքստում (որոշ մեկնիչներ ներկայումս ևս այն վերագրում են Ասորեստանին՝ հիմնվելով այդ 3-րդ համարի վրա)։ Համեմատությամբ դիտարկի՛ր Եզեկիելի մարգարեության 19:14-րդ համարը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ո՞ւմ հետ ես համեմատում քեզ քո զօրութեամբ, փառքով ու մեծութեամբ՝ բերկրալից ծառերի մէջ: Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո դրախտի բերկրալից ծառերի եւ սրով սպանուածների հետ՝ անթլփատ ննջեցեալների մէջ: Այսպէս են լինելու նաեւ Փարաւոնն ու նրա ամբողջ զօրքը», - ասում է Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Այսպիսի փառքով և մեծությամբ Եդեմի ծառերի մեջ ո՞ւմ ես նմանվում. դու Եդեմի ծառերի հետ վայր պիտի գցվես՝ գետնի տակ, անթլփատների մեջ պիտի պառկես սրով սպանվածների հետ։ Այսինքն՝ փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ո՞ւմ նմանեցար զօրութեամբ և փառօք և մեծութեամբ՝ ‘ի ծառս փափկութեան. է՛ջ՝ և զիջի՛ր հանդերձ ծառովք փափկութեան քոյ ‘ի խորս երկրի, ‘ի մէջ անթլփատից ննջեցելոց ընդ վիրաւորս սրոյ. ա՛յնպէս փարաւոն և ամենայն բազմութիւն զօրութեան իւրոյ՝ ասէ Տէր Տէր:
Edit
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: