Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։3

Ա. Լոպուխին

«Ահա, Ասորեստանը մի մայրի էր Լիբանանում, գեղեցիկ ճյուղերով և ստվերախիտ սաղարթներով ու բարձր հասակով․ նրա գագաթը հաստ ոստերի մեջ էր»։[3] (Սինոդական թարգ․)
   
    «Ասորեստանը» - Եգիպտոսի մասին ակնկալվող խոսքի փոխարեն մարգարեն հանկարծ խոսում է Ասորեստանի մասին։ Նախկինում այս տարօրինակությունը բացատրվում էր նրանով, որ Ասորեստանի ճակատագրի հիշատակումով մարգարեն կամենում էր նախազգուշացում տալ Եգիպտոսին. եթե Ասորեստանը՝ այդ ռազմատենչ մայրին կործանվեց, ապա որքա՜ն առավել հավանաբական է Եգիպտոսի կործանումը։ Սակայն մարգարեն ավելի պարզ որևէ բան չի հաղորդում, որը մեզ հիմք կտար ենթադրելու, որ նա ցանկություն ունի այդպիսի միտք արտահայտելու։ Դեռ ընդհակառակը, ամբողջ առակը կառուցված է այնպես, որ Եգիպտոսն ինքն է համեմատվում մայրու հետ։ Այդ իսկ պատճառով էլ «Ասորեստանը մի մայրի էր» արտահայտության մեջ, որը եբրայեցերենից բառացիորեն թարգմանելու դեպքում ստացվում է «Ասորեստան - մայրի», մեկնաբաններն այժմ տեսնում են ցուցում մայրու հատուկ ցեղատեսակի վերաբերյալ։ Իսկապես որ, Եսայու մարգարեության 60:13-րդ համարում և Եզեկիելի մարգարեության 27:6-րդ համարում հիշատակվում է «թեաշուր» ծառի անունը, որը նշված տեղիներից առաջինում Յոթանասնից թարգմանության հեղինակները թարգմանում են «մայրի», իսկ երկրորդում՝ պարզապես «ծառ»։ Ենթադրվում է, որ այստեղ նկատի է առնվում հատկապես բարձր հասակ ունեցող մայրին, այսպես կոչված, «pinus cedrus»-ը, համաձայն Պլինիոսի վկայության (XXIV, 5)՝ «cedrus magna, quam cedrelaten vocant»։ Անսովոր է միայն «Ասորեստան - մայրի» կապը. գուցե պետք է ասել՝ «մայրի- Ասորեստան»։ Հետևաբար, մյուսներն այս բառերից մեկում գլոսա են ընդունում, կամ աշուրի փոխարեն կարդում են՝ ադիր, ուժեղ (ըստ եթովպական թարգմանության): Ահա թե ինչու ոմանք այս բառերից մեկը համարում են սխալմունքի արդյունք կամ էլ «աշուր»-ի փոխարեն տարընթերցում են «ադիր» - ամուր (ըստ եթովպական թարգմանության):

   «Եվ ստվերախիտ սաղարթներով» - մայրին այնքան սլացիկ չի աճում, որքան, օրինակ, փշատերև ծառերը, այլ ավելի լայնահուն է և իր հզոր ճյուղերն իջեցնում է գետնին․․․

   «Նրա գագաթը հաստ ոստերի մեջ էր» - եբրայեցերենում՝ «ավոտում», որ նշանակում է «ոստեր»։ Յոթանասնից թարգմանությունն այս բառը տարընթերցել է «ավոտ» - ամպեր․ «Եվ ամպերի մեջ էր նրա զորությունը»։ Այս տարընթերցումն ավելի արտահայտիչ ու գեղեցիկ է և նորագույն շրջանի մեկնիչների կողմից հենց սա է համարվում ամենահավանական տարբերակը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ահա Ասուրը նման է մի նոճու Լիբանանում՝ գեղեցիկ ճիւղերով ու թաւ ոստերով, բարձրուղէշ. ամպերի մէջ էր նրա կատարը:
(Արարատ թարգ․) Ահա Ասորեստանը՝ մի եղևնի Լիբանանում, ոստերը գեղեցիկ և ստվերոտ թավուտով ու բարձր հասակով, և նրա գագաթը տերևախիտ ճյուղերից վեր էր։
(Գրաբար) ահաւանիկ Ասո՛ւր իբրև նոճ մի ‘ի Լիբանան գեղեցիկ շառաւիղօք և խիտ ոստովք՝ և բարձր մեծութեամբ. ‘ի մէջ ամպոց եղև գլուխ նորա,