Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։1

Ա. Լոպուխին

«Իսկ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ, Ռոշի, Մոսոքի և Թոբելի իշխա՛ն»»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Գոգի կործանումը։ Այդ մասին կանխատեսվել էր դեռևս նախորդ գլխի վերջնահատվածում, բայց քանի որ մարգարեն ցանկանում էր շեշտադրել այդ կործանման առանձնահատուկ կարևորությունը՝ Աստծո անվան փառքի տեսանկյունից, այդ իսկ պատճառով էլ նա այդ կործանումը ներկայացնում է ավելի ապշեցուցիչ երանգներով․ մարգարեն համառոտաբար կրկնում է Գոգի արշավանքի վերաբերյալ հնչեցրած ամբողջ կանխասացությունը (1-8-րդ համարներ), որպեսզի այդուհետև կանգ առնի բացառապես Գոգի կործանման իրողության վրա։ Ուստի նկարագրվում է թշնամական զորքերի ոչնչացման հետևանքով Իսրայելի կողմից ձեռք բերված մեծ ավարը (9-11-րդ համարներ)։ Եվ քանի որ այդ ավարը ներկայացվում է մի շատ դյուրավառ նյութի տեսքով, ուստի դրա կիրառումն իրականում հանգեցնելու է ամբարիշտ բանակի մնացորդներից երկրի մաքրմանը, մի բան, որի համար անհրաժեշտ էր այրել դիակները (12-16-րդ համարներ)։ Գոգի զորքերի պարտության արդյունքում Իսրայելի ձեռք բերած ավարի նկարագրությունից հետո նկարագրվում է երկրի գազանների որսը, որին զոհ էին դառնալու հենց իրենք՝ Գոգի բանակի զինվորները (17-20-րդ համարներ)։ Այդ արհավիրքի ամբողջ սարսափելիության պատկերումը նպատակ ունի մատնացույց անելու այն նպատակը, որին միտված էր այդ արհավիրքը․ հեթանոսների պարագայում այդ արհավիրքի նպատակն Աստծո փառքի հայտնությունն էր (21-24-րդ համարներ), Իսրայելի պարագայում՝ Աստծո փառքի վերջնական վերականգնումը (25-29-րդ համարներ):

   «Իսկ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ, Ռոշի, Մոսոքի և Թոբելի իշխա՛ն»» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 38:2-րդ համարի բացատրությունը, որն այստեղ կրճատված է․ մի բան, ինչը շատ բնական է կրկնության պարագայում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Գոգի մասին ու ասա՛. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, Գո՛գ, իշխա՛նդ Ռոսմեսոքի ու Թոբէլի:
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ մարգարեա՛ 'ի վերայ Գովգայ ՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ե՛ս 'ի վերայ քո Գովգ ՝ իշխանդ Ռովսմեսովքայ և Թոբելայ.