Ա. Լոպուխին
«Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և դի՛ր այն քո առաջ ու նրա վրա փորագրի՛ր Երուսաղեմ քաղաքը»։(Սինոդական թարգ․)[1]
Խորհրդանշական գործողություններ:
Մարգարեն, ում արգելված է խոսել, պետք է տեսանելի պատկերների միջոցով (ինչպիսին են ժեստերը և միմիկաները) ներկայացնի Երուսաղեմը․ 1) պաշարված, 2) սովահար և 3) նվաճված։ Եվ քանի որ շրջափակման արհավիրքները շարունակվում են նաև գերության ժամանակաշրջանում, քանի որ գերությունն ինքնին ասես ժողովրդի յուրատեսակ, երկարատև պաշարում էր, ուստի և այդ առաջին պատկերն իր մեջ բովանդակում է նաև հրեա ժողովրդի գերության կարգավիճակի նկարագրությունը։ Վերոնշյալ այս երեք կետերից յուրաքանչյուրն արտահայտվում է հատուկ խորհրդանշական գործողությամբ (վերջին կետը ներկայացվում է արդեն 5-րդ գլխում), սակայն առաջին և երկրորդ պատկերների միջև զետեղված է գերության խորհրդանշական պատկերը, այնպես որ բոլոր չորս խորհրդանշական գործողությունները համապատասխանում են երկնային չորս պատիժներին, որոնք սովորաբար պատուհասվում են մեղավորներին և ասես առաջանում են երկրի չորս տեսակի քամիներից (Եզեկ․ XIV:21): Յուրաքանչյուր հաջորդ խորհրդանշական գործողություն նկարագրվում և բացատրվում է նախորդից ավելի մանրամասնորեն, քան, իսկ ահա վերջին խորհրդանշական գործողության նկարագրությունն (Եզեկ․ 5:1-4) ուղեկցվում է այդ բոլոր սպառնալիքների մանրամասն հիմնավորումը (Եզեկ․ 5:5-17):
Երուսաղեմի պաշարման պատկերը։
«Եվ դու, մարդո՛ւ որդի» - Երրորդ գլխում տեղ գտած Աստծո խոսքի շարունակությունը հնչում է արդեն այստեղ, և հետևում է հրահանգ՝ ուղղված մարգարեին, որով նրան հրամայվում է վերոնշյալ խորհրդանշական գործողությունները կատարել Թել-Ավիվի հարթավայրում, ուր Աստված Քոբարյան տեսիլքի նմանողությամբ և դրանից կարճ ժամանակ անց՝ հավանաբար միևնույն թվականին, երևացել էր մարգարեին (տե՛ս 3:22-րդ համարի բացատրությունը): Եթե այս խորհրդանշական գործողությունները կատարելու հրամանը տրվեր մեկ այլ պահի, և ոչ թե հենց այդ ժամանակ, ապա այն զետեղված կլիներ 4-րդ գլխի սկզբում, ինչպես 6-րդ և 7-րդ գլուխների պարագայում է. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: Սակայն Տիրոջ Փառքի տեսիլքը կարող էր և չշարունակվել սույն հայտնության տևողության ամբողջ ընթացքում, որովհետև կարիք չկար, որ այդ հայտնությունը ներքին բնույթից ավելի ընդգրկուն բնույթ ունենար: Այսպիսով, Երուսաղեմի պաշարումն ու գրավումը պատկերող խորհրդանշական գործողությունները մարգարեի կողմից կատարվել են բուն այդ իրադարձություններից չորս տարի ավելի շուտ, մի այնպիսի ժամանակամիջոցում, որի ընթացքում բնական եղանակով հնարավոր չէր կանխատեսել այդ իրադարձությունները, քանի որ միայն իր թագավորության 4-րդ տարում (Եզեկիելի մարգարեական կանչից և նրա խորհրդանշական գործողություններից մեկ տարի առաջ) Սեդեկիան դաշինք կնքեց Նաբուգոդոնոսորի հետ, 7-րդ տարում դավաճանեց նրան, իսկ 9-րդ տարում արդեն սկսվեց Երուսաղեմի պաշարումը, որը տևեց 2 տարի։ Ասորեստանում և Բաբելոնում աղյուսներն օգտագործվում էին ոչ միայն շինությունների կառուցման (որոնց համար դրանք այնտեղ բացառիկ նյութ էին համարվում), այլ նաև գրելու համար։ Այնտեղ հայտնաբերվել են ամբողջ գրադարաններ, որոնք սեպագիր տառերով փորագրված էին այդպիսի աղյուսների կամ կավե սալիկների վրա։ Խոնավ սալիկների վրա գրում էին, հետո այդ սալիկները չորացնում էին։ Ասորական քաղաքակրթության ամենահետաքրքիր հուշարձանները մեզ են հասել կավի վրա փորագրված ձևով։ Մեզ են հասել նաև աղյուսների վրա գծագրված պատկերներ. Բրիտանական թանգարանում առկա են Նեմրութում հայտնաբերված մի քանի նմանատիպ նմուշներ։ Եզեկիելի իրական խորհրդանշական գործողությունը կարող է արծարծել այնպիսի մի գաղափար, համաձայն որի՝ օրերից մի օր Երուսաղեմի պաշարման մասին գրի կառնվի բաբելոնյան սալիկների վրա։ Սակայն այս պարագայում հազիվ թե ինքը՝ մարգարեն, օգտագործած լինի այդ սալիկները․․․ Ավելի հավանական էր, որ նա իր ձեռքի տակ ունեցած լիներ սովորական աղյուսներ, որոնք նաև իրենց չափերով ավելի հարմար էին գրչության նպատակին ծառայելու համար․․․
«Նրա վրա փորագրի՛ր» (կամ «գծագրի՛ր») Երուսաղեմ քաղաքը»՝ «ճիշտ այնպիսին, ինչպիսին որ այն մնացել էր մարգարեի հուսալի հիշողության մեջ» (Տրոշոն)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղի՛ւս առ, այն դի՛ր քո առաջ: Դրա վրայ կը նկարես Երուսաղէմ քաղաքը,
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և այն առա՛ջդ դիր ու նրա վրա մի քաղա՛ք փորագրիր՝ Երուսաղեմը։
(Գրաբար) Եւ դո՛ւ որդի մարդոյ, ա՛ռ դու քեզ աղիւս մի, և դիցես զնա առաջի երեսաց քոց. և նկարեսցես ‘ի նմա զքաղաքն Երուսաղեմի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: