Ա. Լոպուխին
«Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսվա տասներորդ օրը, քաղաքի անկումից հետո տասնչորսերորդ տարում, հենց այդ նույն օրն ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը, և Նա ինձ տարավ այնտեղ»։ [1] (Սինոդական թարգ․)
40-48-րդ գլուխներ։ Տաճարային նոր պաշտամունքը և Սուրբ Երկիրը։ Այս հատվածում նկարագրվում է մարգարեի ամենաբարդ և առեղծվածային տեսիլքը: Դա ասես Եզեկիելի հրաժեշտի մեծահունչ խոսքն է եղել, նրա առջև բացահայտված վերջին հայտնությունը՝ այնքա՜ն խորհրդավոր, որ այս տեսիլքը, ինչպես մարգարեին տրված առաջին հայտնության պարագայում էր, նրան կարող էր փոխանցվել միայն խորհրդանշական պատկերների միջոցով, որոնք մարդկային հասկացությունների պարզ լեզվով վերարտադրելը բացարձակապես անհնարին էր: Այս տեսիլքում մարգարեին ցույց տրվեց Իսրայելի փառավոր ապագային «պատկանող» մի ինչ-որ խորհրդավոր տաճար, և, իմիջիայլոց, այն ցուցադրվեց կառուցվածքային ամենափոքր գծերով ու, դրա հետ մեկտեղ, ոչ բոլոր մանրամասներով (40-43-րդ գլուխներ)։ Մինչդեռ առավել մանրամասնորեն մատնացույց է արվում այդ տաճարում մատուցվող աստվածապաշտությունը (պաշտամունքը, 44-46-րդ գլուխներ), այսինքն՝ տաճարի նկատմամբ ժողովրդի ցուցաբերած վերաբերմունքը, իսկ այնուհետև արդեն՝ Սուրբ Երկրի՛ վերաբերմունքն այս տաճարի նկատմամբ․ չէ՞ որ հենց տաճարային պաշտամունքն էր «ապահովում» Սուրբ Երկրի բերրիությունը և որպես հիմք ու ելակետ էր ծառայում Իսրայելի ցեղերի միջև արված բաժանումների համար (47-48-րդ գլուխներ): Ինչպես 1-ին գլխի պարագայում էր, այդպես էլ Եզեկիելի հաջորդող քառասուն գլուխների դեպքում մի անլուծելի հանելուկ է առաջադրվում էգզեգետիկ (մեկնողական) գիտության առջև (Գրիգոր Մեծն ասում է. «Այդ գլուխները բացատրել փորձելիս այնպես է թվում, ասես քայլում ես՝ խարխափելով մթության մեջ»։ Հերոնիմոս Երանելին էլ ասում է․ «Այստեղ ավելի լավ է ոչինչ չասել, քան թե քիչ ասել»)։ Չնայած այս հանգամանքին, ինչպես 1-ին գլխի պարագայում էր, այդպես էլ այս հաջորդող գլուխների դեպքում՝ մարգարեի կողմից շոշափված գաղափարները հստակորեն մատնանշելու փորձերի պակաս չի եղել․․․
Այդ բոլոր փորձերը, ըստ երևույթին, մեզ ուղղորդում են դեպի քրիստոնյա մեկնիչների մեծամասնության կողմից առաջադրվող այն տեսակետը, համաձայն որի՝ ներկայիս բարդ տեսիլքը վերաբերում է Քրիստոսի Եկեղեցուն։ Այս տեսության ջատագովները պնդում են, որ Աստծո վեհաշուք տաճարի, նրանում մատուցվող աստվածապաշտության (որը լիովին նույնական չէ Մովսիսական պաշտամունքի հետ) և վերջապես Իսրայելի 12 ցեղերի մեջ այս տաճարի զբաղեցրած կենտրոնական դիրքի պատկերի ներքո հենց Քրիստոսի Եկեղեցի՛ն է ներկայանում իր ներքին կազմակերպվածությամբ, խորհուրդներով և բազմազգ կազմով։
Սակայն այս ընկալման պարագայում էլ տեսիլքում առկա գրեթե բոլոր մեծաթիվ մանրամասնությունները (տաճարի ճշգրիտ չափերը, դարպասների, կողային սենյակների կառուցման մանրամասները և այլն) որևէ տեսակի հիմնավորում կամ խորհրդանշական բացատրություն չեն գտնում, կամ էլ «ենթարկվում» են մի շա՜տ հեռավոր ու կամայական բացատրության։ Այդպես օրինակ՝ 46:9-րդ համարը բացատրվում է հետևյալ կերպ․ մարդիկ եկեղեցուց դուրս են գալիս այլ կերպ (ավելի լավը), քան մուտք էին գործել այնտեղ՝ համաձայն Պողոս առաքյալի կողմից Փիլիպպեցիներին ուղղված նամակի 3։13-րդ համարի. «Հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները» (Գենգստենբերգ): Եվ դեռ ավելին, այդպիսի ընկալման դեպքում տեսիլքն արդեն շատ քիչ առնչություն կունենա Իսրայելի հետ, որն իր ամբողջության մեջ, որպես մեկ միավորում, որպես ժողովուրդ՝ Քրիստոսի Եկեղեցու մեջ չմտավ: Ու սա այն դեպքում, որ Եզեկիել մարգարեն, ի տարբերություն Եսայու և մյուս մարգարեների, որոնք խոսում էին նաև հեթանոսների կանչի (դեպի քրիստոնեության դառնալու հրավերի) մասին, գրեթե բացառապես մտահոգված էր (խոսքը Եզեկիել մարգարեի մասին է) միայն Իսրայելով և նրա ճակատագրով:
Էգզեգետի (մեկնաբանի) համար ամենաապահով և, ըստ երևույթին, ամենադյուրին միջոցը սույն տեսիլքն աշխարհի վերջին ժամանակներին վերագրելն է: Այդ դեպքում տեսիլքը բացարձակապես բացատրություն չէր պահանջի, քանի որ բացարձակապես անհնարին կլիներ այն բացատրելը։ Հրեա րաբբիները նույնպես կարծում են, որ տեսիլքի միջոցով տրված պատգամը՝ պաշտամունքի վերաբերյալ, իր իրականացումը պիտի գտնի առաջին հարությունից հետո։ Տեսիլքում կան առանձնահատուկ ուրվագծեր, որոնք հստակորեն ցույց են տալիս դրա էսխատոլոգիական (վախճանաբանական) բնույթը. արդեն իսկ Գոգի պատերազմը մի մարգարեություն է, որը դժվար թե կարելի է վերագրել մի որևէ այլ և ավելի վաղ ժամանակաշրջանի, քան չարի և բարու վերջին, կատաղի պայքարի ժամանակին (երբ պիտի հայտնվի հակաքրիստոսը՝ նեռը), իսկ ահա ներկայիս տեսիլքն էլ, ըստ երևույթին, թեկուզ և ոչ բացահայտորեն, սակայն նկարագրում է այդ վերոնշյալ պատերազմին հաջորդող ժամանակները: Բացի դա, այս տեսիլքի մեջ առկա որոշ մանրամասնություններ, ըստ երևույթին, կարող են կիրառվել միայն մի նոր աշխարհում, և ոչ թե ներկայիս երկրի վրա։ Այդպիսիսն է, օրինակ, ամբողջ 47-րդ գլուխը: Եվ, առհասարակ, էսխատոլոգիական (վախճանաբանական) տարրերը ներթափանցում են Եզեկիելի ամբողջ գրքի մեջ և, ինչպես որ մենք տեսանք, պարուրում են մարգարեի բոլոր կանխասացությունները։ Վախճանաբանական այդ տարրերը գրքի վերջնահատվածում գնալով ուժգնանալով՝ վերջին գլուխներում արդեն գերակշռող, եթե չասենք՝ բացառիկ դիրքեր են զբաղեցնում:
Սակայն այս վերոնշյալ տեսակետը նույնպես անխոցելի չէ։ Աշխարհի վերջին ժամանակները մարդկային մտքի համար նույն անհասկանալի առեղծվածն են բովանդակում, ինչ և մարդու հետմահու կյանքը, ուստի եթե Սուրբ Գիրքն առաջին թեմայի մասին նույնքան քիչ բան է ասում, որքան երկրորդի մասին, ապա դա ա՛յն պատճառով, քանի որ գործնականում անհնար է մարդուն որևէ բան ասել այդ թեմաների մասին, որովհետև վերջիններս անհասանելի են մեր ներկայիս մտածողության կերպերի համար: Ահա թե ինչու, եթե Եզեկիելի գրքի այս ամբողջ մեծ հատվածը խոսեր միայն մեկ այլ աշխարհի մասին, ապա այդ խոսքերը մեզ համար նույնքան անօգուտ և ոչ պակաս աննշանակալից կլինեին, որքան աշխարհի վերջի մասին մանրամասնորեն ներկայացվող պատկերներն են, որոնցով լեցուն են հնագույն շրջանի ապոկրիֆները: Ինչպես որ Սուրբ Գրքում ամենուր է, Եզեկիելի վերջին գլուխներում նույնպես մեզ համար անհասանելի այս թեմայի վերաբերյալ մենք միայն որոշակի ցուցումներ և ակնարկներ կարող ենք ակնկալել: Այսուամենայնիվ, այս գլուխներն իրենց զուտ բովանդակության առումով (ասել է թե՝ իրենց ուղիղ իմաստով) մեր հասկացողության համար համեմատաբար ավելի դյուրին մի նյութ են ներկայացնում․․․
«Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսվա տասներորդ օրը, քաղաքի անկումից հետո տասնչորսերորդ տարում, հենց այդ նույն օրն ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը, և Նա ինձ տարավ այնտեղ»։
Տաճարի դարպասներն ու գավիթները։ «Քսանհինգերորդ տարում» - նույնն է թե՝ Ք․ա․ 573 թվականին: Եթե չհաշվենք Եզեկիելի մարգարեության 29:17-21-րդ համարների հավելումը, ապա սա մարգարեի վերջին հայտնությունն է:
«Տարվա սկզբին» - այսինքն՝ «նիսան» ամսին, ինչպես որ հասկացել են նաև Յոթանասնից թարգմանության հեղինակները՝ սույն արտահայտությունը փոխարինելով «առաջին ամսին» արտահայտությամբ (տե՛ս Եզեկիելի մարգարեության 1:4-րդ համարի բացատրությունը)․․․
«Տասներորդ օրը» - սա շատ նշանավոր օր էր, քանի որ հենց այդ օրն ընտրվեց Պասեքի գառը, այդ օրը հրեաներն անցան Հորդանանը։
«Երուսաղեմի անկումից հետո տասնչորսերորդ տարում» - սա մի ամսաթիվ է, որն առնչություն ունի տեսիլքի բովանդակության հետ:
«Հենց այդ նույն օրը» - հնարավոր է, որ սա ցուցում է այդ օրվա ունեցած մեծ նշանակության մասին։
«Ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 1:3-րդ համարի բացատրությունը։
«Եվ Նա ինձ տարավ այնտեղ» - այսինքն՝ դեպի Երուսաղեմ, ինչպես որ Եզեկիելի մարգարեության 8:3-րդ համարի պարագայում էր (հմմտ․ Եզեկ․ 37:1)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մեր գերութեան քսանհինգերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնմէկերորդ օրը, քաղաքի գրաւման տասնչորսերորդ տարում, Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ:
(Արարատ թարգ․) Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսի տասին, քաղաքի անկումից հետո տասնչորսերորդ տարում, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ այնտեղ տարավ։
(Գրաբար) Եւ եղև 'ի քսաներորդի և' ի հինգերորդի ամի գերութեան մերոյ, յամսեան առաջնում որ օր մետասան մսոր ամսոյն. 'ի չորեքտասաներորդի ամի առնլոյ քաղաքին. յաւո՛ւր յայնմիկ ե 'ի վերայ իմ ձեռն Տեառն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: