Ա. Լոպուխին
«Եվ ներս մտավ ու չափեց դռան սյուները՝ երկու կանգուն, և դուռը՝ վեց կանգուն, իսկ դռան լայնությունը՝ յոթ կանգուն»։ [3] (Սինոդական թարգ․)
Չնայած նրան, որ մարգարեն նաև քահանա էր, այնուամենայնիվ նա չէր կարող մտնել Սրբություն Սրբոց, այդ իսկ պատճառով էլ հրեշտակն առանց նրա «ներս մտավ», այսինքն՝ մուտք գործեց սրբարանի ամենասրբազան խորքերը (Յոթանասնից թարգմանությունն այստեղ տարօրինակ ընթերցում է առաջարկում՝ «և մտավ ներքին գավիթը») և սկսեց չափել Սրբություն Սրբոցի մուտքը։ Այդ մուտքը, ինչպես և արտաքին ու ներքին դարպասները, ինչպես նաև՝ տաճարի նախասրահի և սրբարանի մուտքը, ուներ երկու սյուներ՝ ակնհայտորեն յուրաքանչյուրը երկու կանգուն հաստությամբ, այսինքն՝ դրանք ունեին այն նույն հաստությունը, ինչ Եզեկ․ 40։9-րդ համարում նկարագրված սյուները։ Հետևաբար, սրբարանը Սրբություն Սրբոցից բաժանող պատը նույնպես այդ հաստությունն է ունեցել: Դուռը («պետախ» - տե՛ս 2-րդ համարը) 6 կանգուն էր, այսինքն՝ ակնհայտորեն այդքան լայնություն ուներ․․․այս արտահայտությունը հնարավոր չէ հասկանալ դռան բարձրության իմաստով, քանի որ սույն գլխում ոչ մի տեղում բարձրության մասին խոսք չկա՝ բացառությամբ Եզեկ․ 40։14-րդ համարի կասկածելի տեղեկության։ Ըստ Յոթանասնից թարգմանության՝ «դռան կողքերը», այսինքն՝ պատի այն հատվածը, որը դռան կողմից չէր «զբաղեցվել», ունեին «յոթ կանգուն՝ այս կողմից, և յոթ կանգուն՝ այն կողմից»: Դեպի նախասրահ և Սրբություն Սրբոցի սրբարան տանող մուտքերը, ինչպես որ ասացինք, թվաբանական պրոգրեսիայով նեղացել են 14-10-6 համաչափությամբ, իսկ պատի կողմերն էլ համապատասխանաբար ընդարձակվել են 3-5-7 համաչափությամբ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մտաւ ներքին գաւիթը: Չափեց մուտքի կամարը. երկու կանգուն էր, մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ եօթնական կանգուն:
(Արարատ թարգ․) Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։
(Գրաբար) Եւ եմուտ «ի ներքին սրահն, եւ չափեաց զլայնութիւն մտին երկուս կանգունս, եւ զմուտսն վեց կանգուն, եւ զխոյակս կոճոց մտիցն յայսկոյս յայնկոյս հինգ հինգ կանգուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: