Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։24

Ա. Լոպուխին

«Վիճահարույց հարցերում նրանք պետք է ներկա գտնվեն դատարանում և ըստ Իմ պատվիրանների պիտի դատեն նրանց, ու պիտի պահեն Իմ օրենքները և Իմ կանոնները՝ Իմ բոլոր տոների ժամանակ, և պիտի սուրբ պահեն Իմ շաբաթները»։ [24] (Սինոդական թարգ․)
   

    Կրոնական կյանքի առաջնորդները լինելով՝ նոր տաճարի քահանաները պետք է ակտիվ մասնակցություն ունենային թե՛ քաղաքացիական-հասարակական, և թե՛ կրոնական-հասարակական կյանքում։ Նրանք`

    ա) պետք է ներգրավված լինեին ցանկացած դատական ատյանի բարձրագույն իշխանության կազմում, ինչպես որ մի ժամանակ դա պատվիրել էր Մովսեսը (Բ Օրին. 17:8 և այլն, 19:17, 21:5, Ելք 18:25 և այլն. այս օրենքի վրա հիմնվելով` Հովսափատը քահանաներից և ղևտացիներից ընտրեց քաղաքների դատավորներին – Բ Մնաց. 19:8 հմմտ. Եզեկ. 17:7 և այլն, 19:5: Քրիստոսի դատավորները նույնպես քահանաներ էին – Մարկ. ​​15:43 և այլն):

    «Վիճահարույց հարցերում» - Յոթանասնից թարգմանության մեջ` «արյան դատարանում», քանի որ այս թարգմանության հեղինակները եբրայեցերեն «gemma» բառը տարընթերցել են «dam» - «արյուն», որպեսզի այդպիսով մատնացույց անեն, որ դատարանում քահանաների մասնակցությունը սահմանափակվում էր միայն ամենագլխավոր՝ քրեական բնույթի հարցերով:

    «Նրանք պետք է ներկա գտնվեն (սլավոներում ավելի ստույգ՝ «թող կանգնեն», քանի որ թեպետ դատավորները դատի ընթացքում նստած էին լինում, սակայն վճիռը հայտնում էին ոտքի կանգնած) դատարանում և ըստ Իմ պատվիրանների (մարդկային կամայականություն դրսևորելու փոխարեն) պիտի դատեն նրանց» - Թորան մշտապես եղել է հրեական օրենքի հիմնական աղբյուրը (Benzinger Archaol. § 44-45) և, հետևաբար, հենց Թորայի մեկնաբաններն էլ պետք է լինեն գերագույն դատավորները: «Արտահայտությունների կուտակումը ցույց է տալիս, որ նախկինում` միչև այդ պահը, այդպես չի արվել» (Սմենդ):

    բ) Դեռ ավելին, քահանաները պետք է լինեին նաև կրոնական-հասարակական կյանքի առաջնորդները, որոնց գործունեությունն այդ բնագավառում առավել ցայտուն կերպով արտահայտվում էր տոների և շաբաթների ժամանակ. նրանք պետք է «պահեն Իմ օրենքները (հիմնական և գլխավոր) և Իմ կանոնները (առավել մասնավոր)` Իմ բոլոր տոների ժամանակ, և պիտի սուրբ պահեն (հատկապես) Իմ շաբաթները»։ Թե' մեկը, թե' մյուսը (տոները և շաբաթները) նոր տաճարի ժամանակաշրջանում կյանքի համար, իհարկե, էլ ավելի մեծ կարևորություն են ունենալու, քան նախկինում էր (հմմտ. Եզեկ. 20:12, 20, 22:8, 26):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք գործադրեն: Բոլոր տօներին իմ օրէնքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն:
(Արարատ թարգ․) Եվ դատավարությունների մեջ դատավոր պիտի լինեն. իմ պատվիրաններով պիտի դատեն. իմ օրենքները և իմ կանոնները իմ հանդիսավոր տոների ժամանակ պիտի պահեն և իմ շաբաթները սրբացնեն։
(Գրաբար) Եւ ‘ի վերայ դատաստանի արեան նոքա՛ կացցեն քննել. զարդարութիւնս իմ արդարացուսցեն, և զիրաւունս իմ իրաւացուսցեն. և զօրէնս իմ, և զհրամանս իմ յամենայն տօնս պատմեսցեն, և զշաբաթս իմ սրբեսցե՛ն: