Եզեկիելի մարգարեության մեկնություն 45։18

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսում, ամսվա առաջին օրը արջառների հոտից մի անարատ ցլի՛կ վերցրու և մաքրի՛ր սրբարանը»։ [18]
   

    Եզեկ. 45:18-րդ համարից մինչև 46-րդ գլուխը: Տոների ցանկը և դրանց ժամանակ մատուցվող զոհաբերությունները: Քանի որ իշխանին տրվող հարկի հիմնական նպատակը զոհաբերությունների, և հատկապես` տոների ժամանակ անհրաժեշտ ծախսերը հոգալն էր, ուստի մարգարեն այդ մասին խոսելուց հետո անցում է կատարում զոհաբերությունների և տոնակատարությունների ցանկը հաղորդելուն։ Ինչ վերաբերում է տոներին, ապա տարին բաժանվում էր երկու կիսահատվածի, որոնցից յուրաքանչյուրը սկսվում էր քավության օրվա տոնակատարությամբ, իսկ առաջին ամսվա կեսին էլ մեծ տոնակատարություն էր տեղի ունենում՝ 1-ին ամսին՝ Պասեքը, 7-րդ ամսին` մի տոն, որն անվանապես չի հիշատակվում, բայց համապատասխանում է «Տաղավարահարաց» կոչվող տոնին։ Այդպիսով, տարին ուներ երկու օր` մաքրագործման համար, և երկու օր` ավելի վսեմաշուք տոների համար (Եզեկ. 45:16-25): Հաջորդող տոներն էին՝ շաբաթ օրը (Եզեկ. 46:1-5) և ամսամուտները (6-7): Այս բոլոր տոների համար սահմանվում են համապատասխան զոհաբերությունները, իսկ այնուհետև էլ լրացուցիչ կերպով (8-12) տրվում են որոշ հրահանգներ այն մասին, թե նշված զոհաբերությունների ժամանակ իշխանը և ժողովուրդն ինչ վարքագիծ պետք է ցուցաբերեն։ Բայց և յուրաքանչյուր օրն էլ պատվվում էր զոհաբերություններով (13-15): Խոսքի հիմնական թեմայից մի փոքր շեղվելուց հետո (խոսքը 16-18-րդ համարներում իշխանի սեփականության վերաբերյալ նկատառումներ անելու մասին է) մարգարեն, որպես զոհաբերությունների մասին իր ելույթի վերջաբան, հիշատակում է տաճարում սրբազան հացերը թխելու և զոհաբերության խոհանոցների տեղակայման վայրերի մասին, որով էլ ավարտվում է տոների և զոհաբերությունների վերաբերյալ սույն բաժինը, ինչպես նաև` սրբազան հողակտորների և հարկերի մասին նախորդ բաժինը ներառվում են սույն գլխի` տաճարին վերաբերող հատվածում:

    Եզեկիելի այս ծիսական «օրենսգիրքը» մեր ուշադրությունն է գրավում շնորհիվ այն տարբերության, որն առկա է Մովսիսական օրինատվության համապատասխան հատվածների նկատմամբ: Համեմատությունը ցույց է տալիս, որ Եզեկիելը, ի տարբերություն Մովսեսի, ոչ միայն այլ զոհաբերություններ է սահմանում տոների համար, այլ նաև նույնիսկ այդ տոների մեկ ուրիշ ցանկ (աղյուսակ) է առաջարկում։ Այսպես, Եզեկիելը ոչինչ չի ​ասում Պենտեկոստեի տոնի՝ նոր տարվա մասին, այլ դրա փոխարեն մաքրագործման մեկ օրվա տեղը սահմանում է մաքրագործման երկու օրեր, որոնք, իմիջիայլոց, ավելի քիչ հանդիսավորություն ունեցող օրեր են համարվում։ Եզեկիելի կողմից ներկայացված` եկեղեցական տարվա վերաբերյալ համառոտ ակնարկն ինքնին ցույց է տալիս վերոնշյալ փոփոխությունների պատճառը (առ ի համեմատություն Մովսիսական օրինատվության)։ Ինչպես որ տաճարի հատակագծի ներկայացման պարագայում մարգարեի տեսիլքն ասես խիստ համաչափություն է «հաղորդում» Սողոմոնի տաճարին, այդպես էլ տոնակատարությունների ներկայիս ցանկի և հաջորդականության դեպքում Եզեկիելը կարծես համաչափություն է «հաղորդում» արդեն Մովսիսական օրենքին։ Բացի այդ, Եզեկիելի եկեղեցական տարվա պլանում հստակորեն ուրվագծվում է 7 թիվը: Պենտեկոստեի և նոր տարվա տոնը «վերացվում» են հենց այն նպատակով, որպեսզի տարվա երկու կիսահատվածները լիովին համապատասխանեն միմյանց: Հենց այս նույն նպատակով էլ սահմանվում են մաքրագործման համար նախատեսված երկու օրերը։ Այսպիսով, սակայն, միաժամանակ նաև նվազեցվում է այս օրվա նշանակությունը՝ նոր Իսրայելի մեծասքանչ մաքրությանը համապատասխանաբար։ Հետևաբար, ժխտողական (ժխտական, բացասական) քննադատությունն իրավացի չէ, երբ ելնելով Եզեկիելյան եկեղեցական տարվա առավել նվազ բարդությունից` եզրակացնում է, որ Եզեկիելի սահմանած այս տոնացույցը ծագումնաբանական առումով ավելի վաղ գցված արմատներ ունի, քան Մովսիսական տոները` Մովսեսի  սահմանած տոները դիտարկելով մասնավորապես այն ձևով, որով դրանք հանդես են գալիս Ղևտ. 17-26-ում (այսպես կոչված «Քահանայական օրենսգրքում»)` որպես Եզեկիելյան օրենսդրության նշանակալիորեն զարգացման արդյունք: Ժխտողական քննադատությունը Երկրորդումն Օրինաց գրքի եկեղեցական տարին համարում է միջանկյալ մի հատված եկեղեցական տարվա զարգացման այս երկու փուլերի միջև: Ըստ այս տեսակետի ջատագովների` Երկրորդումն-օրինական օրենքներն ավելի քիչ են տարբերվում Եզեկիելյան օրենքներից, քան` Ղևտական ​​գրքից (այսպես, Եզեկիելը Պասեքի և Խորանների (նույնն է թե` «Տաղավարահարաց») տոնի համար հատկացնում է 7, այլ ոչ թե` 8 օրեր (Բ Օրին. 16:4, 8, Ղևտ. 23:5, Թվ. 28:16, Ելք 12:18): Եզեկիելի ցուցումները Մովսիսական օրենքից շատ ավելի մեծ չափով տարբերվում են զոհաբերությունների մատուցման խնդրի վերաբերությամբ։ Այստեղ արդեն (Եզեկիելի «օրենսգրքում») այլևս ոչ մի մանրամասնության մեջ համապատասխանություն չկա: Սակայն դարձյալ չի կարելի ասել, որ Եզեկիելի օրենքները տոնական զոհաբերությունների վերաբերյալ ավելի պարզ են, և որ Մովսիսական օրենքներն իրենցից ներկայացնում են Եզեկիելյան օրենքների զարգացման արգասիքը։ Եզեկիելյան օրենքները ներկայացնում են միայն ավելի խիստ կազմակերպված մի համակարգ, որում զոհաբերությունների թիվը լիարժեքորեն համապատասխանում է տվյալ տոնակատարության կարևորությանը...

    Ինչպես Եզեկիելի, այդպես նաև Մովսեսի օրենքների մեջ զոհաբերության ամենափոքր միավորը գառն է։ Ամենօրյա զոհաբերության համար, համաձայն Եզեկիելի հաղորդած օրենքների, վերցվում է այդպիսի մեկ «միավոր», իսկ Մովսեսը նույն պարագայի համար ընդունելի է համարում երկու գառան մատուցումը: Եզեկիելյան օրենսգիրքը հնարավորություն է տալիս տվյալ տոնը ավելի բարձր համարել առօրյա ծիսակատարությունից և, հետևաբար, ավելի սրբացնել այդ նշվող տոնը: Այս միտումը մենք տեսնում ենք նաև Եզեկիելի և Մովսեսի այն օրենքներում, որոնք վերաբերում էին շաբաթ օրը մատուցվող զոհաբերությանը: Մինչդեռ Մովսեսը պարզապես կրկնապատկում է շաբաթ օրը մատուցվող զոհաբերության «զոհերի» քանակը, Եզեկիելի օրենքներում սահմանվում է, որ շաբաթ օրը 6 գառ են զոհաբերում շաբաթվա վերջին 6 օրերի համար, իսկ ահա արդեն շաբաթ օրը որպես զոհաբերություն մատուցվում է իր մեծությամբ երկրորդ ամենամեծ «միավորը»` խոյը: Նորալուսնի օրը, որը հաջորդ ամենանշանակալից տոնն էր, շաբաթ օրվա զոհաբերությանն ավելացվում է իր մեծությամբ հաջորդ ամենամեծ զոհաբերական «միավորը»` հորթը (հմմտ. Սաղմ. 50:21, Ա Թագ. 1:24, Միք. 6:6-7):

    Խոյից հետո հաջորդ ամենամեծ զոհաբերվող կենդանին իրականում այծն է, սակայն ինչպես Եզեկիելի մարգարեության մեջ, այդպես էլ Մովսեսի օրենքներում այն հանդիսանում է միայն մեղքի համար մատուցվող զոհաբերություն, և ի դեպ` Եզեկիելի օրենքների մեջ այծը միայն փոխարինում է հորթին` մատուցվելով որպես զոհաբերություն մեղքի համար, ու դա էլ ոչ այնքան հանդիսավոր դեպքերում: Մովսեսի օրենքների մեջ դժվար է գտնել մի ինչ-որ աստիճանականություն ու կապ շաբաթ օրվա և ամսամուտի զոհաբերությունների միջև։ 1-ին և 7-րդ ամիսների նորալուսինները, որոնք Եզեկիելի համար «ծառայում» են որպես մաքրագործման օրեր, նշանավորվում են այն իրողությամբ, որ այդ օրերն ասես միանում են ողջակեզին՝ մեղքի համար մատուցվող զոհաբերությանը, որը, Եզեկիելի մարգարեության համաձայն, մշտապես կատարվում էր եզ զոհաբերելու միջոցով (և ոչ թե` այծի զոհաբերությամբ, ինչպես Մովսեսի սահմանած օրենքների պարագայում էր)` մի կենդանի, որն այծից և՛ ավելի մեծ էր, և՛ ավելի արժանավոր: Այդ եղանակով վերոնշյալ երկու նորալուսինները բավականաչափ առանձնացվում էին մյուսներից, մինչդեռ Մովսեսի օրենքների համաձայն` դրանց մեջ ինչ-ինչ պատճառներով ներառված էին ավելի քիչ թվով զոհաբերություններ, քան սովորական նորալուսինների դեպքում էր: Շաբաթ օրվա տոնակատարության «նկատմամբ» նորալուսնի առանձնահատուկ առավելությունն այն էր, որ իրենց կարևորությամբ նորալուսնին հաջորդող երկու մեծագույն տոներին՝ Պասեքին և Պենտեկոստեին, զոհաբերվող եզների թիվը, համաձայն Եզեկիելի օրենքների, կրկնապատկվում էր, ու դա այն դեպքում, երբ Մովսեսի օրենքների մեջ Պասեքի ժամանակ մատուցվում էր այն նույն զոհաբերությունը, որը մատուցվում էր նորալուսնի տոնակատարության ժամանակ: Իսկ ահա Խորանների տոնը (նույնն է թե` Տաղավարահարաց տոնը), որը բոլոր տոներից ամենամեծն էր, զոհաբերությունների թվաքանակով բազմապատիկ անգամ գերազանցում էր անգամ Պասեքի տոնի ժամանակ մատուցվող զոհաբերություններին:

    Տաճարի սրբագործման (օծման) տոնը երկու «օրենսդիրների» (խոսքը Եզեկիելի և Մովսեսի մասին է) համար էլ միակերպ էր, սական Եզեկիելի մարգարեության մեջ այն ​​մեծապես նմանվում է տարեմուտի տոնակատարությանը՝ ինչ-որ առումով ասես կորցնելով իր հանդիսավորությունը (չի խոսվում 6 գառների զոհաբերության մասին): Այդպիսով, Եզեկիելի մատնանշած ծիսակատարությունը մոտավորությամբ հարում է Մովսեսի սահմանած ծիսակատարությանը` ճիշտ այնպես, ինչպես որ Եզեկիելյան տաճարն էլ գրեթե ամեն ինչով նմանվում էր (ներդաշնակությունն ապահովող որոշակի շտկումներով) Սողոմոնի տաճարին. թե' ծիսակատարության և թե' տաճարի պատկերները Եզեկիել մարգարեի կողմից «վերականգնվում» են համաչափության օրենքներին խիստ համապատասխանությամբ, համաչափությո'ւն, որի «պահանջները» Մովսեսը չէր կարող բավարարել գուցե հենց այն պատճառով, որ Մովսիսական օրենսդրությունը պետք է համապատասխաներ մինչև Մովսեսի ապրած ժամանակաշրջանը ձևավորված սովորույթներին։ Մինչդեռ պաշտամունքի լիակատար համաչափությունը Եզեկիելին հնարավորություն էր տալիս վերակառուցելու նաև սրբազան ժամանակների սկզբունքների'ն համապատասխանող, ճշմարիտ ճարտարապետությանը հատուկ մի այնպիսի տաճար, որում հավատացյալը, առօրյա ծիսակատարությունից սկսելով, բարձրանում էր դեպի ավելի մեծ մի սրբություն` դեպի շաբաթ օրվա, նորալուսնի տոնակատարությունները և այն Տոները, որոնց ժամանակ հավատացյալի համար բացվում էին եկեղեցական տարվա Սրբություն Սրբոցի դռները:

    «Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսում, ամսվա առաջին օրը արջառների հոտից մի անարատ ցլի՛կ վերցրու և մաքրի՛ր սրբարանը...» - այստեղ խոսքը տարվա նոր կիսահատվածի մասին է, որը Եզեկիելի մարգարեության մեջ «զբաղեցնում» է ամենքի կողմից այդքան մեծ ընդունելություն գտած նոր տարվա տեղը։

    «Վերցրո'ւ» - իմաստն անընկալելի է (խոսքը մարգարեին չի հասցեագրվում), ուստի Յոթանասնից թարգմանությունը առաջարկում է հետևյալ տարընթերցումը. «Վերցրե'ք»:

    «Ցլիկ» - եբրայեցերենում` «par», որը, հավանաբար, առավել նվազ երիտասարդ էր, քան «egel»-ը (հմմտ. Ղևտ. 9:2, 3):

    «Անարատ» - սա մի պայման էր, որը զոհաբերվող կենդանիներից «պահանջվում» էր նաև Մովսիսական օրինատվության կողմից:

    «Եվ մաքրի՛ր սրբարանը» - խոսքը չի հասցեագրվում ժողովրդին, ինչպես Մովսեսի օրինատվության դեպքում էր` մաքրագործման օրվա վերաբերությամբ: Այդ օրվա մասին Եզեկիելը ընդհանրապես չի հիշատակում՝ հաշվի առնելով նոր Իսրայելի մաքրությունը. այն փոխարինվում է տարվա նոր կիսահատվածում մաքրագործման մի թեթևակատար ծեսով` տաճարի մաքրագործմամբ, որը (այսինքն` տաճարը), որպես մեծագույն սրբություն, կարելի էր համեմատել նույնիսկ ժողովրդի (որը, ի տարբերություն Հին Իսրայելի, անհամեմատ ավելի մեծ սրբություն ուներ) և նրա ներկայացուցիչների հետ (տե՛ս 20-րդ համարի բացատրությունը):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Առաջին ամսին, ամսուայ առաջին օրը, նախրից առանց արատի մի զուարակ կ՚առնէք՝ սրբարանը սրբագործելու համար:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Յառաջնում ամսեանն որ օր մի իցէ ամսոյն, առնուցո՛ւք զուարակ մի յանդւոյ անարատ՝ քաւել զսրբութիւնն: