Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։14

Ա. Լոպուխին

«Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքի մոտ, որ դեպի հյուսիս էր, և ահա, այնտեղ կանայք էին նստել, որոնք ողբում էին Թամուզի վրա»։ [14] (Սինոդական թարգ․)
   

   «Տիրոջ տան դարպասը», ինչպես 11:1-ին համարում էր, կարող է նշանակել միայն արտաքին դարպասը, որը գտնվում էր արտաքին պատի մեջ, քանի որ 1) այդ դարպասները տանում էին դեպի տաճար, 2) ներքին դարպասը միշտ մատնանշվում է հենց այս արտահայտությամբ կամ էլ մեկ այլ սահմանումով, ինչպես օրինակ՝ 11:2-րդ համարում էլ հիշատակվում է «վերին» դարպասը; 3) տաճարի արտաքին դարպասի շրջակայքը կանանց համար ամենահարմար վայրն էր. հենց այնտեղ՝ տաճարի արտաքին պատի մոտ էր, որ հետագայում կառուցվեց հատուկ կանանց համար գավիթ: Այդ կերպ մարգարեն անընդհատ շարժվում է տաճարի ներքին հատվածներից դեպի արտաքին մասեր, իսկ 16-րդ համարում հետ է վերադառնում։ «Կանայք» բառը, որն իր եբրայական կիրառությամբ մատնանշում է հայտնի, որոշակի կանանց, հնարավոր է, որ նկատի ունի տաճարային կամ նույնիսկ պրոֆեսիոնալ ողբասացներին։ Բերթոլետի կարծիքով՝ եբրայական տեքստի համաձայն այս կանանց և նախկինում հիշատակված «տղամարդկանց» միջև որևէ առնչություն կա։

   «Նստել էին» - այսինքն՝ նստել էին գետնին՝ ի նշան վշտի (հմմտ․ Եզեկ․ 27:16, Հոբ 2:8, Ողբ 2:10, Ես․ 3:25, 47:1, Նեեմ․ 1:4, Սաղմ․ 137:1; Մատթ․ 27:61, և այժմ հրեաները ողբ են անում՝ նստելով հատակին:

   «Թամուզի վրա ողբացող․․․» - Հերոնիմոս Երանելու խոսքերով՝ Թամուզը «Ադոնիսի եբրայեցերեն և ասորերերն անունն է»։ Համաձայն ժողովրդական ավանդության՝ հունիս ամսին սպանվել և նորից վերակենդանացել է Վեներայի սիրեկանը՝ ամենագեղեցիկ երիտասարդ «Juvenis»-ը, ինչի պատճառով էլ իր անունն է ստացել «հունիս» ամիսը։ Վերակենդանացման այդ իրադարձության պատվին տեղի է ունենում ամենամյա խնջույք, որի ժամանակ կանայք նախ սգում են նրա համար՝ որպես մահացածի, իսկ հետո օրհներգում են նրա հարությունը: Եվ քանի որ Հերոնիմոս Երանելին Ադոնիսի անունը ներմուծել նաև Վուլգաթայի թարգմանության մեջ, ուրեմն Ադոնիսի պաշտամունքը, անկասկած, արևելյան ծագումնաբանություն ունի։ Բիբլոսը, որտեղ Ադոնիս գետի ջրերն ամռանը կարմրում էին Լիբանանում հալչող ձյան պատճառով, Թամուզի պաշտամունքի համար գլխավոր վայրն էր: Աքքադի դիցաբանական պատմություններում հիշատակվում է Աստարտի սիրեկան Դյուզուն կամ Դումուզուն, որի անունը նշանակում է «կյանքի որդի» կամ «հավերժական զավակ»։ Նա անդրաշխարհային աստվածություն էր։ Ամեն տարի հունիս ամսին, որը նրա պատվին կոչվում էր «Լուզու» (այստեղից էլ առաջացել է այս ամսվա արամեերեն, ավելի ուշ շրջանի անունը՝ «Թամուզ»), նա իջնում ​​է դժոխք և մինչև հաջորդ գարուն մնում է այնտեղ, իսկ նրա այս «անհետացումը» նշվում է զոհաբերությամբ և ողբով (բաբելոներենում՝ «բիկիտու», հմմտ․ եբրայեցերեն «մեբակոտ»՝ «ողբացող»)։ Դժոխքում Իստարտեն լաց է լինում նրա վրա, և նա իր հովվի գավազանով վերջ է դնում մահացածների թագավորությանը և կենդանացնում է ստվերները։ Թերևս բաբելոնյան այս առասպելը որպես սկզբնաղբյուր է ծառայել ասորական և հունական առասպելների համար:

   Ամենայն հավանականությամբ Եզեկիելն այստեղ ի նկատի ուներ բաբելոնական պաշտամունքը։ Եբրայա-արամեական Թամուզ բառը ծագում է «մազազ» կամ «մասաս» արմատից, որ նշանակում է «քայքայվել», և հանդիսանում է քաղդեական բառի հնչյունային վերափոխությունը։ Ադոնիս անունը, հավանաբար, առաջացել է սեմական «ադոն» - «Տեր»՝ «Ադոնի որդի» բառից։ Այս աստծո և նրա հանդեպ ունեցած պաշտամունքի մասին առասպելում (ի դեպ, այդ պաշտամունքը համապատասխանել է նաև եգիպտական ​​Օսիրիսի և Իսիդոսի պաշտամունքին), որում, Պավզանիասի խոսքերով (II, 20, 5), մեծ դեր է խաղացել նաև կանանց ողբը, զգալի է արևի ներազդեցությունը բուսականության վրա, որը ձմռանը «մահանում», իսկ գարնանը վերակենդանանում է։ Եզեկիել մարգարեին հայտնված տեսիլքի ժամանակահատվածը չէր համապատասխանում Թամուզի պատվին իրականացվող տոնախմբությունների ժամանակահատվածին (օգոստոս-հունիս), սակայն դա, անշուշտ, չէր կարող խոչընդոտել, որ մարգարեին իր տեսիլքում երևար նաև այդ տոնակատարությունը։ Յոթանասնից թարգմանության տարընթերցման մեջ 8:1-ին համարի ամսաթիվը միայն մեկ ամսով է տարբերվում եբրայական բնագրի հաղորդած տվյալներից:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ու ինձ տարաւ Տիրոջ տան դռան առաջ, որ դէպի հիւսիս է նայում: Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին:
(Արարատ թարգ․) Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքը, որ դեպի հյուսիս էր. այնտեղ ահա կանայք էին նստել, որոնք ողբում էին Թամուզի վրա։
(Գրաբար) Եւ եմոյծ զիս առաջի դրան տանն Տեառն, որ հայէր ընդ հիւսւսի. և ահա նստէին անդ կանայք՝ և ողբային զԹամուզ։