Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։15

Ա. Լոպուխին

«Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, նայի՛ր, և դեռ սրանցից ավելի մեծ պղծություններ կտեսնես»»։[15] (Սինոդական թարգ․)
   

   Տե՛ս 6-րդ և 13-րդ համարները։ 16-րդ համարում նկարագրված կռապաշտությունը կարող էր ավելի վատթար լինել, քան մյուս բոլոր նախորդները՝ դրա իրականացման վայրով պայմանավորված, առավել քան «սրբազան», քանի որ այն տեղի էր ունենում տաճարի կողքին և որովհետև քահանաներն էին, պիտի լինեին այն կատարողները (16-րդ համար)։ Սակայն թեմատիկ առումով այս կռապաշտությունը նախորդներից ավելի վատթար չէր, քանի որ արևի պաշտամունքը ոչ մի կերպ չի կարելի ավելի վատը համարել, քան Աստարտի կամ կենդանական պաշտամունքը, այլ՝ ավելի բարձր, քան դրանք էին: Այսպիսով, պաշտամունքների վարկանիշային ցուցակը Եզեկիելը կազմում է ո՛չ թե ըստ այդ պաշտամունքների բնույթի և համեմատական ​​արժանավորության, այլ մյուս, կողմնակի պատճառներով պայմանավորված։ Եվ դա ա՛յն պատճառով, քանի որ մարգարեի համար ցանկացած հեթանոսական պաշտամունք իր էությամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի այնպիսի արարք, որից ավելի վատ ոչինչ չի կարող լինել։ Յահվեին դավաճանությունը, ինչպես որ ամուսնական դավաճանությունն է, չի կարող լինել ավելի կամ պակաս չափով մեղսալի:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. բայց դեռ սրանից է՛լ աւելի մեծ չարագործութիւններ կը տեսնես»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այս, մարդո՛ւ որդի, դեռ սրանցից ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Տեսանե՞ս զայդ որդի մարդոյ. դարձեալ և՛ս մեծամեծ գործս քան զայդ տեսանիցես։