Ելից գրքի մեկնություն 1։11

Ա․ Լոպուխին

11-14․ Եվ նրանց վրա վերակացուներ կարգեց, որպեսզի ծանր աշխատանքների լծելով՝ չարչարեն նրանց: Նրանք փարավոնի համար կառուցեցին Փիդոն և Ռաամսես քաղաք-շտեմարանները։ [11] Բայց որքան չարչարում էին Իսրայելի որդիներին, նրանք այնքան ավելի էին բազմանում ու աճում: Եվ եգիպտացիները իսրայելացիներից երկյուղ կրեցին: Եվ եգիպտացիները բռնությամբ աշխատանքի էին լծում Իսրայելի որդիներին, դառնացնում էին նրանց կյանքը կավի, աղյուսների հետ ծանր աշխատանքներով և դաշտի բոլոր գործերով, բոլոր աշխատանքներով, որոնք բռնությամբ ստիպում էին կատարել:
(Սինոդական թարգ․)
   
   Վախը, որ Եգիպտոսից կհեռանա մի ամբողջ ցեղ, որն իրենից ներկայացնում էր ձրի աշխատուժ, առաջ բերեց հրեաների բազմացման դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը. «Խորամանկենք, նենգ հնարքներ մտածենք («ծայրահեղ լարվածություն առաջացնենք», Սաղմ. 104:25), որպեսզի նա չբազմանա»: Չէր կարելի բացեիբաց ուժ գործադրել՝ ինչպես հարմար առիթի բացակայության, այնպես էլ հրեաների ուժի նկատմամբ վախի պատճառով: Միջոցներից առաջինը փարավոնի հնարած ծանր աշխատանքներն էին (Բ Օր. 26:6, Սաղմ. 79:7): Դա արվում էր այն հաշվարկով, որ եթե հրեաներին ֆիզիկապես թուլացնեին, նրանք կդադարեին բազմանալուց, քանի որ ֆիզիկապես թույլ ժողովուրդը չի կարող մեծ սերունդ ունենալ:

   Աշխատանքի ծանրությունը պատկերացնելու համար հայացք գցենք եգիպտական հուշակոթողների արձանագրություններին։ Այդ արձանագրությունների վկայության համաձայն՝ լիբանանյան ցեղերից ընտրվում էին հատուկ կառավարիչներ, որոնք այդ հուշակոթողներում պատկերված են իրենց ձեռքերում կարճ փայտերով։ Այդ փայտերը նախատեսված էին աշխատողներին հարվածներ հասցնելու համար, իսկ այդ աշխատանքներն առաջին հերթին ծառայում էին երկու քաղաք-շտեմարանների (գործածվում էին պահեստների և զենքերի պահպանման համար, Բ Մնաց. 32:28)՝  «Փիդոնի ու Ռամսեսի» կառուցմանը (գուցե անգամ այդ քաղաքները վերականգնվում կամ էլ ընդարձակվում էին․ կիրառված եբրայերեն բառը թարգմանվում է «ստեղծել», Սաղմ. 121:3, Ամովս 9:14):

   Առաջինն այն քաղաքն էր, որը տեղակայված էր Թումիլատի արևմտյան հովտում՝ Կարմիր ծովի վտակի ափին, և հունա-հռոմեական գրողների կողմից կոչվել է Պատմոս կամ Թոում, իսկ երկրորդ քաղաքը, որը գտնվում էր Գեսեմում, տեղակայված էր Նեղոսի Պելուսյան գետաբազուկի արևելյան հատվածում: Այս երկու քաղաքներն անվանելով գոյություն ունեցող, «ամուր» քաղաքներ՝ Յոթանասնից թարգմանության տեքստը հիշատակում է նաև հրեաների կողմից կառուցվող երրորդ քաղաքի՝ Ովնի մասին, որը նույն Հելիոպոլիսն էր: Մեկնիչների համընդհանուր կարծիքն այն է, որ հիշատակված տեղավայրը Եգիպտոսի հայտնի քաղաք Անն է (հուն.՝ Ովն), որը կրում էր Փերա սրբազան անունը, որ նշանակում է «արևի տուն», որտեղից էլ առաջացել է հունարեն Հելիոպոլիս անվանումը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց: Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները: Ովնը Արեգ քաղաքն է:
(Արարատ թարգ․) Այդ պատճառով գործավարներ կարգեցին նրանց վրա, որ ծանր գործերով չարչարեն նրանց: Եվ նրանք փարավոնի համար կառուցեցին շտեմարանի քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը:
(Գրաբար) Եւ կացոյց ի վերայ նոցա գործավարս, զի չարչարեսցեն զնոսա ի գործ: Եւ շինեցին քաղաքս ամուրս փարաւոնի, զՓիդոն, եւ զՌամեսէ, եւ զՈվն` որ է Արեգ քաղաք: