Ելից գրքի մեկնություն 12։8

Ա․ Լոպուխին

8-10. Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորովելով, բաղարջ հացով ու դառը խոտերով: [8] Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով: Կուտեք նաև գլուխը՝ ոտքերով ու փորոտիքով միասին: Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա, իսկ դրանից մնացածը մինչև առավոտ կրակով կայրեք: (Սինոդական թարգ․)
   
   Զատկական ընթրիքը խորհրդանշում էր ընթրիքի բոլոր անդամների միավորումը թե՛ միմյանց, և թե՛ այն հաստատող Աստծո հետ: Զատկական ընթրիքի այս իմաստի մասին են վկայում զատկական գառն ուտելու պայմանները: Պատրաստված լինելով առանց մասնատման՝ զատկական գառը հանդիսանում էր միության և ամբողջականության խորհրդանիշը և մատնացույց էր անում, որ այն ճաշակողները պետք է հաղորդակցման մեջ մտնեին Տիրոջ հետ:

   Աստծո հետ հաղորդակցվելու վերաբերյալ զատկական ընթրիքի արտահայտած իմաստին է առնչվում նաև գառը բաղարջ հացերով և դառը խոտերով ուտելու հրահանգը: Եգիպտոսում Իսրայելին սպառնում էր իրենց տերերի անբարոյականությունից «վարակվելու» վտանգը (Հեսու 24:14): Սակայն Տերը նրան դուրս բերեց ստրկության երկրից և հրեաներին ընտրեց որպես մաքուր և սուրբ ժողովուրդ: Որպես այդպիսին՝ Իսրայելը պետք է իր ներքին միջավայրից վերացներ նախկին թթխմորը՝ բարոյական այլասերումը, և նոր՝ առանց մեղքի կյանք սկսեր:

   Հենց դրա նշանն էր Զատկի տոնին թթխմորով հացի մերժումը՝ որպես այլասերումի խորհրդանիշ (Մատթ. 16:6, Ա Կորնթ. 5: 7–8), և բաղարջ, մաքուր հացի (եբր. «mazzot»՝ «մաքուր», հմմտ. Ա Կորնթ. 5:8) ճաշակումը: Այսպիսի կյանքով ապրելու «դրդապատճառները» հիմնականում աստվածային շնորհներն էին, որոնք հրեաներին ազատագրեցին եգիպտական ստրկությունից: Այդ ստրկության դառը հիշատակի համար էին ճաշակում դառը խոտեր (Յոթանասնից թարգմանության մեջ՝ πικρίδων – չափազանց դառը խոտի տեսակ է, համապատասխանում է վայրի հազարին), որոնց, ինչպես նաև դառը կերակրի ճաշակումը փորձանքների և չարչարանքների պարզ խորհրդանիշն է (Սաղմ. 68:22): «Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով» (Ելք 12:9) տողերը չեն հակասում Բ Օր. 16:7-ին՝ «Կեփես (башал) ու կուտես այն» խոսքին: «Башал» բայը չի նշանակում «խաշել», այլ պարզապես՝ «եփել», և այդ պատճառով կարող է միևնույն հաջողությամբ կիրառվել թե՛ կրակի վրա խորովելու, թե՛ ջրում խաշելու պատգամների պարագայում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով:
(Արարատ թարգ․) Եվ թող միսն ուտեն այդ գիշեր՝ կրակի վրա այն խորովելով, բաղարջով ուտեն և դառը խոտերով:
(Գրաբար) Եւ կերիցեն զմիսն ի գիշերիս յայսմիկ խորովեալ հրով. եւ բաղարջ ընդ եղիգի կերիցեն: