Ելից գրքի մեկնություն 17։10

Ա. Լոպուխին

Հեսուն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Մովսեսը. նա պատերազմեց ամաղեկացիների դեմ: Մովսեսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը: (Սինոդական թարգ․)[10]
   
   Ըստ Հովսեփիոս Փլավիոսի՝ այստեղ հիշատակված Ովրը և հայտնի նկարիչ, վկայության խորանի պատրաստող Բեսելիելի պապը՝ Հուդայի ցեղից Քաղեբի որդին, նույն անձն են (Ելք 31:2, 35:30, 38:22, Ա Մնաց. 2:19, 50, 4:1, 4, Բ Մնաց. 1:5): Հովսեփիոս Փլավիոսի վկայակոչած հուդայական ավանդությունը նրան համարում է Մովսեսի քրոջ՝ Մարիամի ամուսինը: Թե որքան է ճշգրիտ և հավաստի հրեական ավանդությունը՝ բավականին դժվար է ասել: Սակայն այդ ավանդությունը բավարար չափով բացատրում է այն փաստը, թե ինչու է Մովսեսն այս դեպքում ընտրում Ովրին. Ահարոնի հետ միասին նա Մովսեսի մերձավորագույն բարեկամն էր:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ: Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը:
(Արարատ թարգ․) Եվ Հեսուն արեց, ինչպես պատվիրեց Մովսեսը ու պատերազմեց Ամաղեկի դեմ: Եվ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը:
(Գրաբար) Եւ արար Յեսու որպէս ասաց նմա Մովսէս. եւ ճակատեցաւ յանդիման Ամաղեկայ: Եւ Մովսէս` եւ Ահարոն` եւ Ովր` ելին ի գլուխ բլրոյն: