Ա. Լոպուխին
Մովսեսը վերցրեց և մի խորան դրեց բանակատեղիից դուրս, բանակատեղիից հեռու, և այն կոչեց «վկայության խորան», և ամեն ոք, ով Տիրոջն էր փնտրում, գալիս էր վկայության խորանի մոտ, որը գտնվում էր բանակատեղիից դուրս: (Սինոդական թարգ․)[7]
Իսրայելում Աստծո գոյության տեսանելի նշանը, հետևաբար նաև՝ նրա ընտրյալ լինելու հանգամանքն արտահայտվում էր ժողովրդի մեջ Տիրոջ հայտնությամբ: Բայց քանի որ հրեաները զրկված են իրենց ընտրյալ լինելու կոչումից և իրավունքից, Բարձրյալն այլևս չի բնակվում նրանց մեջ: Որպես այդ բանի նշան՝ Մովսեսը բանակատեղիի սահմաններից դուրս է բերում այն խորանը, որի մեջ իրեն հայտնվում է Աստված: Այդ վրանը ո՛չ Մովսեսի մշտական բնակավայրն էր (նա բանակատեղիից այդտեղ էր գալիս՝ հայտնություն ստանալու համար, իսկ հետո հետ էր վերադառնում (Ելք 33։8-11)), ո՛չ էլ վերջնական, բուն վկայության խորանը: Այն Իսրայելի առաջնորդի ընդունելության վրանն էր:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում: Դա կոչուեց Վկայութեան վրան: Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնուող Վկայութեան վրանը:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն առավ վրանը, այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, ու այն կոչեց վկայության խորան: Եվ ամեն ոք, ով հայցում էր Տիրոջից, գնում էր դեպի վկայության խորանը, որ գտնվում էր բանակատեղիից դուրս:
(Գրաբար) Եւ առեալ Մովսիսի զխորան իւր` եհար արտաքոյ բանակին, մեկուսի ի բանակէ անտի. եւ կոչեցաւ այն` Խորան վկայութեան: Եւ լինէր ամենայն ոք որ խնդրէր ինչ ի Տեառնէ, ելանէր ի խորանն վկայութեան արտաքոյ բանակին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: