Եսայու մարգարեության մեկնություն 10։5

Ա. Լոպուխին

Ո՜վ Ասորեստան, Իմ բարկության գավազան, և նրա ձեռքի մտրակըը Իմ զայրույթն է։ (Սինոդական թարգ․) [5]
   
   Ասորեստանին ևս իր ամբարտավանության համար սպառնում է Աստծո դատաստանը։ Ասորեստանը չհասկացավ իրեն վերապահված առաքելությունն ընտրյալ ժողովրդի նկատմամբ։ Նա միմիայն պետք է պատժեր Հուդայի թագավորությանը, իսկ դրա հետ մեկտեղ նա խորհեց ամբողջովին նվաճել այն։

   «Ասորեստան»․ այս անունը պատկանում էր Սեմի որդիներից մեկին (Ծննդ․ 10։22), իսկ հետո անցել է նրանից սերած ժողովրդին, որը բնակվում էր Տիգրիսի արևելյան ափին՝ մասնավորապես այդ գետի միջին հոսանքում, ավելի որոշակի՝ Տիգրիսի, նրա վտակների և լեռնաշղթաների դիմացի լանջերին։ Այդ տեղանքը շատ հարմարավետ էր պատերազմական պաշտպանության և ներքին զարգացման տեսանկյունից, և այնտեղ երիտասարդ ժողովուրդը բազմաթիվ տարիների ընթացքում իր մեջ ամրացրեց անկախության ոգին՝ աստիճանաբար զարգացնելով իրեն բնորոշ տաքարյուն և եռանդուն բնավորությունը, և ռազմարվեստի դպրոցն անցնելով թեկուզ և փոքր, սակայն անդադար պատերազմներում, որոնք նրանք մղում էին իրենց շրջապատող վայրի լեռնացիների և քոչվոր ցեղերի դեմ։ Արդյունքում Ասորեստանը տարածեց իր սահմանները մինչև Եփրատ՝ զբաղեցնելով ոչ պակաս, քան 75000 քառակուսի մղոն տարածք (Ռագոզին Զ․ Ա․ «Ասորեստանի պատմությունը», 1902թ․, էջ 6-7)։ Մինչև 608թ․ (Ասորական թագավորության մայրաքաղաք Նինվեի անկման տարին) Ասորեստանյան թագավորությունն աշխարհում հզորագույնն էր համարվում, իսկ ասորական զորքերը ոչ մեկ անգամ են գրավել մինչև անգամ Եգիպտոսը։ Հին աշխարհի համար Ասորեստանի մշակութային նշանակությունը նույնպես ահռելի էր, և նրա ազդեցությունը տարածվում էր անգամ Եգիպտոսի վրա, որը նույնպես ուներ իր սեփական, հնագույն մշակույթը։ Ասորեստանից բազմաթիվ հուշարձաններ են մնացել՝ նրա պալատների, տաճարների մնացորդները, ամբողջական գրադարաններ, պետական արխիվներ, որոնք ուսումնասիրվում են նաև այժմ (այս բոլոր հուշարձանների մանրամասն և հիանալի նկարագրությունները կարելի է գտնել վերը հիշատակված Ռագոզինի շարադրանքի մեջ)։

   «Իմ բարկության գավազանը»․ դա այն զենքն է, որի միջոցով Աստված պատժում էր Իր դեմ մեղանչած ժողովրդին։ «Նրա ձեռքի» բառերը քննադատների կողմից համարվում է հավելադրում, իսկ համարի երկրորդ հատվածը նոր թարգմանություններում հնչում է այսպես․ «Իմ վրդովմունքի ցուպը»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկութեան ու զայրոյթի գաւազանը.
(Արարատ թարգ․) Վա՜յ, Ասորեստան՝ իմ բարկության ցուպը. նրա ձեռքի գավազանը իմ ցասումն է։
(Գրաբար) Վայ Ասորեստանեայցն. գաւազան բարկութեան եւ սրտմտութեան իմոյ ի ձեռս նոցա: