Եսայու մարգարեության մեկնություն 11։13

Ա. Լոպուխին

Եվ Եփրեմի նախանձը պիտի վերանա, իսկ Հուդայի դեմ մարտնչողները կորստյան պիտի մատնվեն: Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, իսկ Հուդան էլ չպիտի նեղի Եփրեմին: (Սինոդական թարգ․) [13]
   

   Խանդը կամ նախանձը նույնն է, ինչ թշնամանքը (Գ Թագ. 14:30, 15:6, 16, 32):

   «Հուդայի դեմ մարտնչողները»․ մտքերի զուգահեռությունը պահպանելու համար եբրայերեն «վեցորերեյ յեհուդա» արտահայտությունը պետք է թարգմանել հետևյալ կերպ. «և Հուդայի թագավորությունից նրանք, ովքեր թշնամություն են անում (Եփրեմի դեմ), կանհետանան:

   Հուդայական և Իսրայելական թագավորությունների միջև թշնամանքը, որն արտահայտվում էր պաշտոնական մակարդակի պատերազմների միջոցով, կարող է բացատրվել հետևյալ հանգամանքներով․ Հուդայի ցեղը սկզբնական շրջանում ամենամարդաշատն էր (Թվ. 1:27) և այդ իսկ պատճառով էլ ամենանշանակալից դերն էր խաղում հրեա ժողովրդի կյանքում (Թվ. 2:3-9, 10:14): Քանանի երկրում այս ցեղը շատ մեծ տարածք ստացավ: Իսկ Եփրեմի ցեղը, իր հերթին, հպարտանում էր այն բանով, որ նրանից էր սերում Մովսեսի հաջորդը՝ Հեսու Նավեն: Բացի այդ Սիլովում՝ Եփրեմի ցեղին պատկանող քաղաքում, որոշ ժամանակ էր, ինչ գտնվում էր Ուխտի Տապանակը (Հես. 18:1, Ա Թագ. 4:3): Եփրեմի ցեղի մարդիկ առանձնանում էին նաև որոշակի սխրագործություններով: Այս երկու ցեղերի միջև եղած վաղեմի պայքարը Սողոմոնի մահից հետո վերածվեց ակնհայտ հակամարտության:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եփրեմի նախանձը պիտի վերանայ, եւ Յուդայի թշնամիները կորստեան պիտի մատնուեն. Եփրեմը չպիտի նախանձի Յուդային, եւ Յուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին:
(Արարատ թարգ․) Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։
(Գրաբար) Եւ բարձցի նախանձն Եփրեմի. եւ թշնամիքն Յուդայ կորիցեն: Եփրեմ ոչ նախանձեսցի ընդ Յուդայ, եւ Յուդայ` ոչ նախանձեսցի ընդ Եփրեմայ: