Ա. Լոպուխին
18-19. «Բոլոր ազգերի թագավորները պատվով ննջում են՝ յուրաքանչյուրն իր դամբարանում»։ [18] «Իսկ դու չես ննջում քո դամբարանում՝ նման անտեսված ճյուղի և սպանվածների հագուստի, նրա՛նց, ովքեր սպանվել են սրով ու որոնց իջեցնում են քարե փոսերի մեջ․ դու ոտնակոխ արված դիակ ես»: (Սինոդական թարգ․)
«Բոլոր թագավորները» արտահայտությունը չափազանցություն է:
«Իրենց դամբարաններում»։ Նախապես կառուցված գերեզմանում թաղվելը հին ժողովուրդների ընկալումների համաձայն շատ մեծ պատիվ էր (Դ Թագ. 21:18; հմմտ. Ա Մնաց. 33:20): Եգիպտացիներն ու պարսիկներն իրենց մեռյալների համար կառուցում էին դամբարաններ, որոնք ավելի հոյակերտ ու ամուր էին լինում, քան թե ողջերի տները:
«Չես ննջում քո դամբարանում»։ Հուղարկավորությունից զրկվելն անպատվություն էր համարվում (Գ Թագ. 13:24), և հատկապես թագավորի համար էր ամոթալի արքայական հուղարկավորությունից զրկված լինելը (Բ Մնաց. 21:20): Դամբարանը, որը, միգուցե, բաբելոնական թագավորն ինքն իր համար էր կառուցել, մնում է դատարկ, իսկ նրա դիակն ընկած է գետնին անտեսված ճյուղի նման, այսինքն՝ ամեն բանի համար անպիտան, կոտրված փայտ:
«Սպանվածների հագուստի նման», այսինքն՝ կեղտոտված արյամբ ու խոցված սրով կամ նիզակով: Հաղթողներն այդպիսի հագուստն իրենց հետ չեն վերցնում, այլ թողնում են մարտի դաշտում ընկած:
«Քարե փոսեր», այսինքն՝ գեղեցիկ, ներսից քարով պատված դամբարաններ կամ գերեզմաններ, որոնք կառուցվում էին, օրինակ, Պաղեստինում, որտեղ քար շատ կար:
Ժամանակակից քննադատներից ոմանք «որոնց իջեցնում են» արտահայտությունը վերագրում են հաջորդ համարին ու թարգմանում են այսպես. «Դու միացած չես նրանց հետ, որոնց (ազնվորեն) թաղում են քարե գերեզմաններում, այլ դու ոտնակոխ արված դիակ ես»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Բոլոր ազգերի թագաւորները պատուով ննջեցին՝ ամէն մէկն իր տանը,
(Արարատ թարգ․) Բոլոր ազգերի թագավորները փառքով պառկած են՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում.
(Գրաբար) Ամենայն թագաւորք ազգաց ննջեցին պատուով. այր իւրաքանչիւր ի տան իւրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: