Ա. Լոպուխին
Մեր Տե՛ր Աստված, Քեզանից բացի նաև այլ տիրակալներ են տիրել մեզ, սակայն մենք միայն Քո միջոցով ենք փառաբանում Քո անունը։ [13] (Սինոդական թարգ․)
Մարգարեն նկարագրում է այն մարդկանց, որոնք գտնվում են ինչ-որ մի օտար ուժի իշխանության տակ և չեն կարողանում փառաբանել Աստծուն, քանի որ դրան հասնելու համար պետք է լինել Աստծո մեջ և սերտ կապ ունենալ Նրա հետ։ Այս համարում մարգարեի խոսքը մահացածների մասին է, որոնք, համաձայն ամենքի կողմից ընդունված տեսակետի, չեն կարող նորից կյանք վերադառնալ, քանի որ Ինքը՝ Աստված է ոչնչացրել նրանց։ Մահվան այդ թագավորությունն ավելի ու ավելի է տարածվում։ Սակայն նույնիսկ մահացածների մեջ փրկվելու փափագը վերջնականապես չի մարել։ Նրանք Տիրոջն են փնտրում և Նրան են ուղղում իրենց աղոթքները։ Այո՛, մեռյալների թագավորության մեջ ևս ջանքեր են գործադրում կրկին կյանք վերադառնալու համար (և այդ փորձերը նույնքան տանջալից են, որքան տանջալից են ծննդաբերող կնոջ տառապանքները), սակայն այդ ջանքերը բոլորովին ապարդյուն են։ Այդուհանդերձ մահացածների հույսն իզուր չէ․ հնարավոր է, որ Տիրոջ մեռյալները կրկին կյանքի կկոչվեն հրաշագործ Աստվածային զորության ներգործությամբ:
Գոյության ներկա կերպի մեջ բոլոր մարդիկ՝ թե՛ չարերը, և թե՛ բարիները ենթակա են չարի զորությանը։ Նրանք ապրում են տարատեսակ մեղքերի իշխանության ներքո։ Մարդկության վրա հատկապես ծանր է ազդում մահվան և հիվանդությունների զորությունը։ Սա հենց այդ «այլ տիրակալներ»-ն են, որոնց ի նկատի ունի մարգարեն (հմմտ․ Հռոմ․ 8։18 և այլն)։ Այսպիսին է տվյալ համարի առաջին հատվածի գաղափարը։ Երկրորդ հատվածում մարգարեն մատնանշում է վերոնշյալ հանգամանքների ոչ բնականոն լինելը։ Յուրաքանչյուր արարած պետք է փառաբանի իր Արարչի անունը (Սաղմ․ 18, 19, 103 և այլն), իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա գտնվի իր Տիրոջ և Արարչի իշխանության և ծառայության ներքո, որպեսզի արարվածը միության մեջ լինի Իր Արարչի հետ։ Սակայն դա անհնար է, քանի դեռ մարդը գտնվում է այլ տիրակալի իշխանության ներքո՝ մահվան տիրապետության տակ (հմմտ․ Սաղմ․ 6։6)։ Այսպիսով՝ մարգարեն մեզ պարզաբանում է մի իրողություն, որի մասին հետագայում առավել մանրամասնորեն պիտի խոսեր, և տվյալ իրողության մասին խոսելով էլ այժմ ներկայացնում է այն մարդկանց կարգավիճակը, որոնք ծառայում են ոչ թե Աստծուն, այլ ուրիշ տիրակալի, և անկարող են փառաբանելու Աստծո անունը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէ՛ր Աստուած մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տէր, եւ քո անունն ենք տալիս:
(Արարատ թարգ․) Ո՛վ մեր Տեր Աստված, քեզնից բացի ուրիշ տերեր տիրեցին մեզ վրա. միայն քո անունը պիտի հիշատակենք։
(Գրաբար) Տէր Աստուած մեր ստացիր զմեզ. Տէր` բաց ի քէն զայլ ոք ոչ գիտեմք, եւ զանուն քո անուանեմք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: