Եսայու մարգարեության մեկնություն 29։11

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»:
   
   Այս պատգամները թող լինեն կնքված թղթի նման, որ ոչ ոք չի կարող ընթերցել։

    Եվ եթե մեկը հարցնի, թե՝ ինչո՞ւ է ասում, որ չեն օգտվելու, չէ՞ որ լինելու են շատերը, որ ընթերցելու են և օգուտ են քաղելու, ես կպատասխանեմ Այո՛, ընթերցելու են և հասկանալու են ճիշտ այնպես, ինչպես մարգարեների խոսքերը, որոնք թեպետ մի ժամանակ ծածուկ և անօգուտ էին, բայց այժմ պարզ և օգտակար են ամենքի համար: Հինգերորդ՝ որովհետև երբ մարդիկ առանց զղջալու ընտելանում են չարին, այնժամ Աստված թույլ է տալիս նրանց գնալ իրենց կամքի հետևից, այսինքն՝ դատապարտում է նրանց միտքն անարգության, ինչպես որ այժմ էլ շատերը մոլորության մեջ են, և Աստված գիտե, թե որ նրանք դարձի չեն գալու, այդ պատճառով էլ նրանց չի փնտրում ու նրանց մոտ քարոզ չի առաքում:
    Հարց. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. «Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպես կնքված նամակի խոսքեր, որոնք երբ տան մի գրագետ մարդու, նա չի կարող ընթերցել»
   Պատասխան․ Նախ՝ այս խոսքերը վերաբերում էին մարգարեների պատգամներին, որոնք կնքված և անիմանալի էին իմաստունների և տգետների համար, քանի որ, ինչպես ասացինք, նրանքանարժան էին։ Անարժան ենք նաև մենք, երբ չենք կարողանում լսել՝ այդպիսով «կորցնելով» խոսքի զորությունը։ Ըստ այդմ Սողոմոնն ասում է. «Անզգամի ականջին մի՛ խոսիր» (Առակ. 23։9), և Տերն ասում է. «Ձեր մարգարիտները մի՛ նետեք խոզերի առջև» (Մատթ. 7։6):
    Երկրորդ՝ այս խոսքը պատշաճում է կույս Մարիամին. Էմմանուելի մայրը կնքված թուղթ էր, որովհետև նրա կուսության խորհուրդը անբացատրելի էր, քանզի, մայր լինելով հանդերձ, մշտամնա կուսությամբ մեծարվեց: Իսկ ճարտար դպիրը Հովսեփն էր, որ կարգվեց խորհրդի սպասավոր, սակայն չմոտեցավ նրան: Նաև կույս Հովհաննեսը որդիությամբ սպասավորեց Մորն ու Կույսին մինչև նրա՝ երկրից վերանալը:
    Երրորդ՝ Աստծո տնօրենության խորհուրդն անհասանելի և անճառելի է ոչ միայն շարքային ադամորդիներին, այլև նրանց իսկ՝ աստվածաբաններին ու Աստծո խորհուրդների հազարապետներին: Իսկ ովքե՞ր են այն երկու մարդիկ, որոնք չկարողացան ընթերցել. առաքյալներից Պողոսն էր և «Կանանց մեջ մեծագույն ծնունդ» (Ղուկ. 7։28) Հովհաննես Մկրտիչը, ինչպես նաև նրանց նմանները: Մեկն Աստծո ճանապարհը համարում է անհետազոտելի և անքննելի, իսկ մյուսը չէր կարողանում նրա ոտնամանների կապիչները քանդել, այսինքն՝ նրա մարմնառիկ տնօրենությունը դույզն իսկ բացատրել: Եվ ինչո՞ւ է ասում, թե կնքված էր: Եվ ի՞նչ էր կնիքը։ Կնիքը խորհրդանշում է Հորը և Սուրբ Հոգուն, ըստ այն խոսքի, թե՝ «Սուրբ Հոգին կգա քո վրա և Բարձրալի զորությունը հովանի կլինի քեզ» (Ղուկ. 1։35): Արդ, ինչը կնքում են Հայրը և Հոգին՝ ո՞վ է, որ կհամարձակվի հայտնի դարձնել: Ռինո Կորուրան Եգիպտոս է անվանում Արիել քաղաքը (29։1), որ դուրս էր եկել Աստծո դեմ, իսկ Երուսաղեմը Կարմելոս լեռան անունով կոչվում է Քերմել (29։17):
   

Ա. Լոպուխին

Եվ յուրաքանչյուր մարգարեություն ձեզ համար նույնն է, ինչ որ ա՛յն կնքված գրքի խոսքերը, որը տալիս են գիրք կարդալ իմացողին և ասում են․ «Կարդա՛ այն», և սա պատասխանում է՝ «չեմ կարող, որովհետև այն կնքված է»։ [11] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 29:9
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»:
(Արարատ թարգ․) Այս ամբողջ տեսիլքը ձեզ համար պիտի լինի կնքված մի գրքի խոսքերի պես, որը տալիս են գրագետ մարդուն և ասում. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Չեմ կարող, որովհետև կնքված է»։
(Գրաբար) Եւ եղիցին ձեզ պատգամքս այս ամենայն իբրեւ զբան թղթոյ կնքելոյ. զոր իբրեւ տայցեն ցայր մի գրագէտ` եւ ասիցեն ցնա, ընթերցիր զայդ: եւ ասիցէ` ոչ կարեմ ընթեռնուլ զի կնքեալ է: