Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում: Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել՝ ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը՝ նրա մէջ բնակուելու համար:
Երկինքը կանգնեցրեց իբրև կամար ու ձգեց իբրև խորան։
Ակյուղասն ասում է. «Երկինքը ձգեց իբրև թեթև մի բան»: Սիմաքոսն ասում է. «Երկինքը ձգեց իբրև վրան»: Այստեղ չի ասում, թե ինչու արարչագործեց, և ո՛չ էլ՝ թե ինչից է երկնքի նյութը, ո՛չ այն, թե ինչ նյութից ու մարմնից է, այլ ասում է հորինվածքի մասին, որը կամարաձև հաստատեց: Կամար է ասում, որպեսզի երկրի բնակիչները չվախենան, թե հանկարծակի մեր վրա կընկնի, այլ ասում է. «Մի՛ վախեցիր, հաստատուն է իբրև քարե կամար»: Եվ այն վրան է անվանում թեթևության պատճառով: Նույնպես և ձգելը այն է ցույց տալիս, որ դյուրությամբ տարածեց ու սփռեց, ինչպես մեկն իր շորերն է տարածում ու փռում:
Ա․ Լոպուխին
Նա է, որ բազմում է երկրի շրջանի վրա, և դրա բնակիչները Նրա առջև մորեխների են նման․ Նա երկինքը տարածեց բարակ կտորի նման, և այն սփռել է որպես վրան բնակության համար։ [22] (Սինոդական թարգ․)
«Նա է, որ բազմում է երկրի շրջանի վրա…Նա երկինքը տարածեց․․․»։ Աստվածաշունչն աշխարհստեղծման պատումը, որին այս դեպքում վկայակոչում է Եսայի մարգարեն, համարում է, առհասարակ, Աստվածային ամենակարողության լավագույն և ամենահամոզիչ ապացույցներից մեկը (Սղմ. 101:26):
«Երկիրը պատկերվում էր որպես օղակաձև հարթություն՝ շրջապատված օվկիանոսով (հմմտ. Bocharti Geographia S. P. II. L. I. c. XXXVI), իսկ վերևից՝ ծածկված ու պատված երկնքի շրջանով (Հոբ 22:14), որի կենտրոնական և բարձրագույն կիզակետում բազմում է Տերը (հմմտ. Ծննդ. 11:5-7)՝ դիտելով երկնքի տակ գտնվող ամեն բան» (Հոբ 28:24, Սուրբգրային մեկնություններ)։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում: Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել՝ ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը՝ նրա մէջ բնակուելու համար:
(Արարատ թարգ․) Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։
(Գրաբար) Որ ունի զծիր երկրի, եւ բնակիչք նորա իբրեւ զմարախ: որ կանգնեաց զերկինս իբրեւ զկամար, եւ ձգեաց իբրեւ զխորան. եւ հաստատեաց զերկիր բնակել ի նմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: