Եսայու մարգարեության մեկնություն 40:9

Ա․ Լոպուխին

Բարձրացի՛ր բարձր լեռը, ո՜վ Սիոնի ավետաբեր, զորությամբ բարձրացրո՛ւ քո ձայնը, ո՜վ Երուսաղեմի ավետաբեր, բացականչի՛ր, մի՛ վախեցիր, ասա՛ Հուդայի քաղաքներին՝ ահա՛ ձեր Աստուածը։ [9] (Սինոդական թարգ․)
   
   «Բարձրացի՛ր բարձր լեռը…զորությամբ բարձրացրո՛ւ քո ձայնը…ասա՛ Հուդայի քաղաքներին»։ Ի պատասխան 6-րդ համարի՝ «ի՞նչ կանչեմ» հարցի, մարգարեն Աստծուց հստակ ցուցում է ստանում բավականին կարևոր մի թեմայի քարոզչության վերաբերյալ։ Այս քարոզչության կարևորությունը ենթադրում է համապատասխան պատրաստվածության անհրաժեշտություն, ինչ շնորհիվ և մարգարեն հրաման է ստանում բարձրանալու բարձր լեռը (ինչպես դա սովորաբար անում էին հռետորները, որոնք խոսում էին ժողովրդի հետ (Դատ. 9։7 հմմտ. Մատթ. 5:1) և  այնտեղից զորավոր և բացահայտ կերպով քարոզելու։

   «…Ո՜վ Սիոնի ավետաբեր…ո՜վ Երուսաղեմի ավետաբեր…»։ Սուրբ Գրքի ռուսերեն թարգմանությունը «Սիոն» և «Երուսաղեմ» բառերը գործածում է ուղղական հոլովով՝ դրանք ենթականեր դարձնելով, և այդպիսով Սիոնին ու Երուսաղեմին «հարկադրում» է որպես քարոզիչներ հանդես գալ հին աշխարհի այլ ժողովուրդների շրջանում: Հունարեն և սալվոներեն թարգմանություններն այստեղ կիրառում են տրական հոլովը՝ «Սիոնին և Երուսաղեմին», ինչի շնորհիվ հասցեատերերի շրջանակն ինքնին նեղանում է՝ վերաբերելով հիմնականում հրեա ժողովրդին։ Սակայն ակնհայտ է, որ ոչինչ մեզ չի խոչընդոտում այս երկու մեկնությունները միավորելու այն տեսակետի շուրջ, ըստ որի ավետիսն ի սկզբանե հասցեագրված  է եղել  Իսրայելի տան կորուսյալ ոչխարներին (Մատթ. 10:6-7), իսկ այնուհետև այն տարածվել է բոլոր ազգերի վրա (Մատթ. 28:19): Սակայն եթե մենք, հիմնվելով Եսայու երկրորդ գլխի վրա, «Սիոնն» ու «Երուսաղեմը» մեկնաբանենք փոխաբերական, հոգևոր իմաստով, ապա տվյալ հատվածի ըմբռնումն ավելի դյուրին կդառնա. այնտեղ հոգևոր Սիոնն ու հոգևոր Երուսաղեմը տեղակայված են լեռների բարձունքներում (Ես. 2:2-3), և նրանց բարոյական բարձրությունից հնչում է մի քարոզ, որն ավետում է յուրաքանչյուր մարդու՝ թե՛ հրեայի, թե՛ հեթանոսի փրկության մասին (Հռոմ. 3:29-30, Հռոմ. 9:24-25):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին.
(Արարատ թարգ․) Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը,
(Գրաբար) Ել ի վերայ լերինդ բարձու` աւետարանիչդ Սիոնի. բարձրացո զաւրութեամբ զբարբառ քո աւետարանիչդ Երուսաղէմի: բարձրացուցէք, մի երկնչիք. ասա ցքաղաքդ Յուդայ: