Ա. Լոպուխին
«Որովհետև Ես եմ Տերը՝ քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը: Եգիպտոսը, Եթովպիան ու Սաբեան որպես փրկագին տվեցի քեզ համար»: [3] (Սինոդական թարգ․)
«Որովհետև Ես եմ Տերը՝ քո Աստվածը, Իսրայելի Սուրբը» - Վերջին մակդիրը, որը վերագրվում է Մեսիային, Եսայի մարգարեի խոսքում հանդիպել էր նաև նախկինում (Ես. 41:14, 20): Սակայն այստեղ այդ մակդիրին կցված է մի նոր, նշանակալից որոշիչ՝ «քո Փրկիչը»: Չնայած որ այս բնութագրումն այստեղ դեռևս չունի այն հատուկ նշանակությունը, որը ստանում է հետագայում, այնուամենայնիվ մեզ համար կարևոր է այստեղ հիշատակել այդ որոշչի կիրառության հանգամանքը: «Իսրայելի Սուրբ»-ն այստեղ կոչվում է «Փրկիչ»՝ ինչպես նախկինում պատմական բոլոր իրադարձությունների ժամանակ հրեաներին իրենց քաղաքական թշնամիներից ազատագրելու առումով (Ելք 14:23-31, Դատ. 4 և 7, Բ Թագ. 8:1, Դ Թագ. 14:9-16 և այլ հատվածներ), այնպես էլ այդ իրադարձությունների նմանողությամբ նաև ապագայո՛ւմ հրեա ժողովրդին ազատագրելու համար, որի ամենաբնութագրական օրինակը Բաբելոնյան գերությունից ազատագրելու իրողությունն էր, որը տեսանելի էր մարգարեի հոգևոր հայացքի համար: Մակդիրային այս նոր կիրառությունը դառնում է մարգարեի գրքի երկրորդ հատվածի ամենասիրելի բնորոշիչներից մեկը (Ես. 45:15, 21, 47:15, 49:26, 60:16, 63:8 և այլ տեղիներ):
«Եգիպտոսը, Եթովպիան ու Սաբեան որպես փրկագին տվեցի քեզ համար» - «Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սալմանասարը հաձակվել էր այս ժողովուրդների վրա՝ Եզեկիայի թագավորության 6-րդ տարում»՝ վճռականորեն հայտարարում է սրբազան Պետրոսը՝ հիմնվելով Եսայի մարգարեի գրքի 20-րդ գլխի վրա: Սակայն մյուս ուսումնասիրողների մեծամասնությունը, ամբողջ համատեքստի հետ համեմատության արդյունքում ենթադրում է, որ այս խոսքը վերաբերում է գալիք իրադարձություններին, մասնավորապես այստեղ խոսքը զավթիչ պարսիկներին տրված ա՛յն վարձատրության մասին է, որը Տերը նրանց շնորհել է հրեաներին ազատ արձակելու դիմաց՝ թույլ տալով նվաճել Եգիպտոսն՝ իրեն ենթակա տարածաշրջաններով հանդերձ: Այդպիսի իրադարձություն իսկապես տեղի էր ունեցել Կյուրոսի մահից հետո՝ նրա հաջորդ Կամբիզի օրորք (Ք. ա. 526 թ.): Այսպիսի ընկալման պարագայում սույն մարգարեությունը ստանում է շատ կարևոր տեքստա-քննադատական նշանակություն: «Երկրորդ Եսայու» գրքի գոյության վարկածի կողմնակիցները պնդում են, որ այս գիրքը հայտնաբերվել է Բաբելոնյան գերության ավարտից ոչ ուշ, այսինքն՝ Կյուրոսի թագավորության սկզբնական տարիներին: Սակայն ո՛չ միայն այդ ժամանակաշրջանում, այլ նաև Կյուրոսի տիրապետության ծաղկման շրջանում ոչ ոք չէր համարձակվի ասել, որ եգիպտական հսկայածավալ ու զորեղագույն միապետությունը դառնալու էր պարսիկների հարկատուն: Հետևաբար, այս իրադարձության մասին խոսել որպես անցյալում տեղի ունեցած իրողություն կարող էր միայն Կամբիզի, այլ ո՛չ թե երբևէ՝ Կյուրոսի ժամանակակիցը, ինչպիսին որ եղել է «Երկրորդ Եսայու» գրքի հեղինակը: Ուստի ավելի մեծ ճշմարտացիություն է ստանում մեկ այլ տեսակետ՝ ա՛յն, որ այստեղ մեր առջև է հառնում ոչ թե անցյալում տեղի ունեցած փրկարար իրադարձությունների նկարագրությունը, այլ մի մարգարեություն ապագայո՛ւմ տեղի ունենալիք իրադարձությունների վերաբերյալ, և այդ մարգարեությունը դյուրությամբ կարող էր հռչակված լինել նաև դեռևս Կյուրոսից էլ առաջ, ասել է թե՝ պատկաներ իրական Եսայի մարգարեի հեղինակությանը:
Սեպտուագինտայում ու սլավոներեն թարգմանության մեջ «Սաբեա»-յի փոխարեն կիրառված են «Սոին» կամ «Սիհին» անվանաձևերը՝ «Suhnhn»-«Souhn»: Անվիճարկելի է միայն այն հանգամանքը, որ ինչպես մասսորեթական տեքստում գործածված «Սաբեա», այնպես էլ Սեպտուագինտայում կիրառվող «Սոին» անվան տակ պետք է հասկանալ Եթովպիայի մի հատվածը: Բայց քանի որ Աստվածաշնչից հայտնի են երկու Եթովպիաներ՝ մեկն Արաբական թերակղզում (Ծննդ. 2:11, 25:18 , Թվ. 12:1), իսկ մյուսը՝ Վերին Եգիպտոսում (Սաղմ. 67:32, Ես. 20:4, Եր. 46:9 և այլ հատվածներ), ուստի բարդ է հստակորեն ասել, թե այստեղ կոնկրետ որ տարածաշրջանի մասին է խոսքը: Եբրայական տեքստը, ամենայն հավանականությամբ, խոսում է Արաբական մի տարածաշրջանի մասին, որը գտնվում էր Կարմիր ծովի ափին ու այդպես էր կոչվում ծովափնյա մի քաղաքի անունով, որի մասին խոսում է նաև Ստրաբոնը («Աշխարհագրություն», XVI, 14): Իսկ հետագայում էլ այդ տարածաշրջանն անվանափոխվել է Կամբիզի կողմից ու նրա քրոջ պատվին կոչվել է «Մերոխ»: Մինչդեռ Սեպտուագինտայում խոսվում է Եգիպտական մի տարածաշրջանի մասին, որն էլ իր անունը ստացել էր Վերին Եգիպտոսի հարավային սահմանի վրա գտնվող Սիոն քաղաքից, որը հիերոգլիֆային արձանագրություններում հայտնի է Սիենա կամ Ասուանան անուննեորով և որի մերձակայքում հնում գտնվում էին փարավոնների նշանավոր քարհանքերը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ: Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի:
(Արարատ թարգ․) որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն,
(Գրաբար) Զի ես եմ Տէր Աստուած քո սուրբն Իսրայէլի որ փրկեմ զքեզ: արարի փոխանակ քո զԵգիպտոս եւ զԵթւովպիա. եւ զՍուհէն քեզ փոխանակեցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: