Եսայու մարգարեության մեկնություն 48:7

Ա. Լոպուխին

«Դա տեղի ունեցավ այսօր, և ոչ թե վաղուց ու ոչ թե մեկ օրում։ Եվ դու չես լսել դրանց մասին, ուրեմն չասես. «Ահա՜, ես գիտեի դրանք»»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ այժմ Ես ձեզ նոր ու ծածուկ բաներ եմ հայտնում...Դա տեղի ունեցավ այսօր...Եվ դու չես լսել դրանց մասին...» - Մարգարեի հայացքը նախորդող իրադարձություններից անցնում է դեպի գալիք իրադարձությունները, որոնք նա տեսնում է այնպիսի մաքրամաքուր պարզությամբ, որ ապագայում տեղի ունենալիք այդ իրողությունները նրան երևում են կարծես թե արդեն իսկ տեղի ունեցած և իր աչքերի առջև բացահայտված: «Նոր ու ծածուկ» արտահայտությունների ներքո առաջին հերթին պետք է հասկանալ Կյուրոսի մասին մարգարեությունը, ինչպես նաև Իսրայելի՝ գերությունից ազատագրվելու վերաբերյալ կանխատեսությունը, իսկ հետո արդեն այն ամենը, ինչը պատմական բնույթ ունի կամ փոխաբերաբար կապված է դրան։ Հավանաբար այստեղ ավելի ճիշտ կլինի հասկանալ Մեսիայի գալստյան և Իսրայելի ազատագրման մասին կանխատեսումը:

   Ժխտողական քննադատությունը հատուկ մատնանշում է 7-րդ համարի սկիզբը և դրանից ենթադրաբար բխեցնում է այն անտարակուսելի եզրակացությունը, որ այս գլուխը գրի է առնվել ավելի ուշ (Դիլման - 425 s.): Սակայն այստեղ ակնհայտ թյուրիմացություն կա. մարգարեական ապագան շփոթության  ենթարկված ներկայի հետ։ Եվ վերջապես, ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ այն պահը, երբ Աստված հնչեցնում է այս կամ այն ​​մարգարեությունը, դա արդեն իսկ այդ ​​մարգարեության իրականացման սկիզբն է, քանի որ Աստծո մտածումն ու խոսքը հավասարազոր են դրա իրագործմանն ու փաստացի կատարմանը (Սաղմ. 32:9):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բայց չես ասում, որ՝ հիմա պիտի լինի եւ ոչ թէ վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին:
(Արարատ թարգ․) Դրանք հիմա են ստեղծվել և ոչ թե վաղուց։ Այս օրից առաջ դու դրանց մասին չես լսել, ուրեմն չասես. “Ահա ես գիտեի դրանք”։
(Գրաբար) եւ ոչ ասացեր թէ այժմ լինի, եւ ոչ ի վաղուց հետէ յաւուրցն առաջնոց. եւ ոչ եղեր ունկնդիր այնմիկ: Մի ասիցես, թէ այո գիտեմ զայդ: