Եսայու մարգարեության մեկնություն 50:4

Ա. Լոպուխին


4-5․ «Տեր Աստված Ինձ իմաստունների լեզուն է տվել, որպեսզի Ես կարողանամ խոսքով զորացնել տկարին։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է Իմ ականջը, որպեսզի Ես լսեմ, ինչպես լսում են սովորողները»։ [4] «Տեր Աստված բացեց Իմ ականջը, և Ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի»։
(Սինոդական թարգ․)
   
   4-րդ համարից սկսվում է մի նոր խոսք կամ, ավելի ճիշտ, վերադարձ է տեղի ունենում Աստծո Որդու, Նրա ծառայության և հատկությունների մասին նախկին խոսքին (Ես. 49:2-8 և 52:6-7): Սույն խոսքի կապը 49-րդ գլխի հետ միանգամայն բնական և պարզ կդառնա, եթե այս երկու գլուխների բովանդակությունից բացառենք ակամա շեղումները (Ես. 49:14, 50:3), որոնք առաջացել են Բարձրյալին ուղղված Իսրայելի անհիմն բողոքների վերլուծության անհրաժեշտությունից:

   «Տեր Աստված Ինձ իմաստունների լեզուն է տվել, որպեսզի Ես կարողանամ խոսքով զորացնել տկարին…(Նա) բացեց Իմ ականջը, և Ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի» - Դեռևս Հերոնիմոս Երանելին էր դժգոհում այն բանից, որ իրեն ժամանակակից հրեաները, ցանկանալով խեղաթյուրել մեսիական մարգարեությունների իմաստը, իմիջիայլոց նաև ներկայումս էլ, այդ մարգարեությունները մեկնում են այն իմաստով, որ դրանք իբրև թե առնչվում են ուղղակիորեն Եսայի մարգարեի անձին, և այդպիսով հրեաներն այս տողերում տեսնում են մարգարեին հասցեագրված աստվածային մի պարզ քաջալերանք, որը նպատակամիտված էր այն բանին, որ մարգարեն չհուսահատվեր և չտկարանար ժողովրդին քարոզելիս:

   Մարգարեության այս տողերը ճիշտ նույն կերպ են մեկնաբանում նաև նորագույն շրջանի, ռացիոնալիստական ​​մտածողություն ունեցող մեկնաբաններից շատերը (Գրոցեյ, Կալվին, Բաուչեր, Գեսեն, Ումբր, Գիմցես, Հոֆման, Նոբել, Բրիգս և շատ ուրիշներ): Սակայն սույն մարգարեության առավել մանրակրկիտ վերլուծությունը և դրա անաչառ համեմատությունն ինչպես խոսքի համատեքստի, այնպես էլ իր զուգահեռ հատվածների հետ մեզ հավաստիացնում է, որ խոսքն այստեղ ուղղված է ո՛չ թե մարգարեին, այլ մեզ արդեն հայտնի Մեսիային։ Արդեն առաջին իսկ ցուցումը, որով այստեղ հանդես է գալիս այն անձը, որը խոսում է իր իսկ մասին՝ ասելով, թե Տերն իրեն տվել է իմաստունների լեզուն, հիմնավորապես հերքում է ռացիոնալիստական ​​տեսակետը («դժվար թե մարգարեն սկսեր գովաբանել իր իսկ առաքինությունները», - իրավացիորեն նշում է Օրելլին, էջ 183) և ծանրակշիռ հիմք է հանդիսանում մեր նշած տեսակետի հաստատման համար, քանի որ այդ ցուցումը բացահայտում է այս դրվագի շատ խիստ նմանությունն ավելի վաղ կիրառված անկասկած մեսիական պատկերի հետ. «Եվ Նա Իմ բերանը դարձրեց  սրած թրի նման» (Ես. 49:2):

   Իր խոսքի զորությունը և Իր Աստվածային իմաստության լեզուն Մեսիան բացահայտեց դեռևս որպես մի 12-ամյա մանուկ՝ Երուսաղեմի տաճարում, դպիրների և փարիսեցիների բազմության առջև (Ղուկ. 2:47): Փրկչի հետագա, իսկապես մեսիական քարոզչության մասին բոլոր ավետարանիչները միաձայն վկայում են. «Եվ զարմանում էին Նրա ուսուցման վրա, որովհետև Նրա խոսքը լի էր իշխանությամբ» (հմմտ. Ղուկ. 4:32, Մատթ. 7:28-29):

   Ինչ վերաբերում է այս մարգարեության բովանդակությանը և ծագմանը, ապա մարգարեն, իր սովորության համաձայն, առանձնահատուկ պատկեր է ներկայացնում. Բարձրյալի՝ Իր ծառայի նկատմամբ վերաբերմունքը նա նմանեցնում է ջանասեր և ուշադիր աշակերտի հանդեպ դրսևորվող հոգատար և հետևողական ուսուցչի վերաբերմունքի հետ. ինչպես այդպիսի ուսուցիչն է ամեն առավոտ արթնացնում իր աշակերտին և ամեն կերպ կենտրոնացնում է նրա ուշադրությունն ու լսողությունը («արթնացնում է ականջը»), այդպես էլ Տերն է բացում Իրեն ունկնդրողի ականջը և այնտեղ է լցնում Իր նշանավոր վարդապետության ողջ բովանդակությունը։ Հետաքրքրական է, որ այս պատկերը («Դու բացեցիր Իմ ականջները») ևս մեկ անգամ հանդիպում է սաղմոսներից մեկում, որը, ընդհանուր առմամբ, բավականին սերտորեն առնչվում է Եսայիա մարգարեի հեղինակած այս ուսումնասիրվող դրվագին (Ես.  39:7):

   Մեսիան Աստծուց ստանալու է համոզիչ քարոզչության և իմաստության մի զարմանալի պարգև, որը Նա հիմնականում ծառայեցնելու է բոլոր նրանց, ովքեր ուժասպառ են եղել կրոնական, բարոյական և հասարակական կեղծիքի դեմ իրենց կյանքի դժվարին պայքարում (Ես. 42:7, 61:1-2, Մատթ. 11։28)։ Եվ այս ամենը՝ ինչպես Մեսիայի խոսքերը, այդպես էլ գործերը Նրա սեփական երևակայության արդյունքը չեն, այլ հենց Աստծո կամքի ուղղակի հայտնությունը. «Ես Ինքս ոչինչ չեմ կարող անել: Ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և Իմ դատաստանն արդար է, քանի որ Ես Իմ կամքը չեմ փնտրում, այլ՝ Ինձ ուղարկող Հոր կամքը» (հմմտ. Հովհ. 5:30): «Ես Ինքս Ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպես Իմ Հայրն Ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խոսում։ Ով Ինձ ուղարկեց, Ինձ հետ է. Հայրն ինձ միայնակ չթողեց, որովհետև Ես միշտ անում եմ այն, ինչ որ Նրան է հաճելի» (հմմտ. Հովհ. 8:28-29):

   Որդին այնքան հակված է «հնազանդվելու» Հայր-Աստծուն, որ հանուն դրա Նա գնում է նվաստացման և ծառայության մեծագույն ինքնազոհողությանը՝ ներառյալ մինչև ամոթալի մահը. «Ահա, Ես գալիս եմ. գրքի մագաղաթում Իմ մասին գրված է. «Ես ուզում եմ կատարել Քո կամքը, Աստվա՛ծ Իմ» (հմմտ. Սաղմ. 39:8): «Ոչ թե Իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի» (Ղուկ. 22:42), չնայած որ, ամեն դեպքու, այս երկու կամքերն Աստվածության էութենական միության շնորհիվ լիովին համընկնում են միմյանց. «Ես և Հայրը մի ենք» (հմմտ. Հովհ. 10։30)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ:
(Արարատ թարգ․) Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։
(Գրաբար) Տէր Տէր տայ ինձ լեզու խրատու, զի գիտացից խաւսել ի ժամու զբանն: պատրաստեաց զիս ընդ առաւաւտս: յաւել ինձ ունկն ի լսել: