Եսայու մարգարեության մեկնություն 42:7

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից:
   
   Նաև կալանավորներին հանում է բանտից, այսինքն՝ հոգիներին՝ դժոխքից, մարմիններին՝ գերեզմանից, հեթանոսներին՝ կուռքերից, որոնք կապված ու կաշկանդված էին մոլորությամբ և չէին կարողանում կանգնել, այլ նստած էին անգիտության խավարի մեջ:
   

Ա. Լոպուխին

«Կույրերի աչքերը բացելու, կալանավորներին՝ բանտարկությունից, և խավարի մեջ նստածներին՝ զնդանից ազատելու համար»: [7] (Սինոդական թարգ․)
   
   «Կույրերի աչքերը բացելու…խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու համար»: Այս բոլորը բանաստեղծական պատկերներ ու խորհրդանիշներ են, որոնք բնութագրում են Մեսիայի սիրառատ, ողորմած ու փրկարար գործունեությունը: Նա գալու է, որպեսզի բժշկի մեղքով հիվանդացած մարդկությանն ինչպես ֆիզիկական, այնպես էլ, առավել ևս, հոգևոր-բարոյական կուրությունից ու նրան դուրս բերի մոլորությունների ու արատների խավարից դեպի ճշմարտության ու մաքրության լույսի ընդարձակ հորիզոնը: Այս մտքերը լիակատար նմանությամբ արտահայտվում էին նաև Եսայի մարգարեի գրքի առաջին հատվածում, որում հնչում է մարգարեություն ա՛յն ժողովրդի մասին, որը քայլում է մթության մեջ ու ապրում է մահվան խավարի երկրում, բայց և որն արժանանալու է լույսի (Ես․ 9:2)։ Եսայու մարգարեության առաջին կեսում խոսվում է նաև Տերունական այնպիսի՛ օրվա գալստյան մասին, երբ խուլերը լսելու են ու կույրերի աչքերը տեսնելու են մթին խավարի միջից (Ես․ 29:18 և 35:5-6): Այս մարգարեության անմիջական իրականացումը և՛ ֆիզիկական, և՛ բարոյական իմաստով բազմաթիվ անգամներ վկայվում է Ավետարանական պատմության տարատեսակ փաստարկումների միջոցով (Մատթ. 11:4-5 և մի շարք այլ տեղիներ): «Սակայն Եսայու մարգարեությունն իր հետագա «լուսավորությունն» է ստանում, երբ ուշադրության ենք անդրադարձնում Պետրոս առաքյալի խոսքերը (Ա Պետ. 3:19), նրա՛, ում որ Սուրբ Հոգին պատգամել էր մարդկանց առջև բացահայտել ա՛յն խորհուրդը, որ հինկտակարանյան ննջեցյալները նույնպես մեր Տիրոջ կողմից դուրս են բերվել խավարից դեպի լույսը, որովհետև Նա ողորմած է, ուստի և «նրանց հոգիները դժոխքում չթողեց» (Սաղմ. 15:10), այլ «հոգով իջնելով հոգիների զնդանը՝ նրանց ավետեց ուրախալի հարությունն ու ազատագրությունը» (Վլաստով):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից:
(Արարատ թարգ․) կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելու և խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։
(Գրաբար) բանալ զաչս կուրաց. հանել զկապեալս ի բանտէ, եւ ի տանէ կապանաց որ նստէին ի խաւարի: