Ա. Լոպուխին
«Եվ Ես Իմ խոսքերը կդնեմ քո շուրթերին, և Իմ ձեռքի ստվերով կծածկեմ քեզ, որպեսզի տարածեմ երկինքը և հաստատեմ երկիրն ու ասեմ Սիոնին․ «Դու Իմ ժողովուրդն ես»»։ [16] (Սինոդական թարգ․)
«Եվ Ես Իմ խոսքերը կդնեմ քո շուրթերին, և Իմ ձեռքի ստվերով կծածկեմ քեզ․․․» - Այստեղ մանրամասնորեն բացահայտվում են Իսրայելի հետ Տիրոջ նախախնամական հարաբերությունները։ Հնգամատյանի մեսիական կարևորագույն մարգարեություններից մեկում (Բ Օրին. 18:18) համարի սկիզբն այսպիսին է՝ «Ես Իմ խոսքերը կդնեմ Նրա շուրթերին», որ գրված է գրեթե տառացի նմանությամբ և վերաբերում է Մովսեսի նմանությամբ մեկ այլ Մեծագույն Մարգարեի անձին, այսինքն՝ հենց Նրան՝ Մեսիային։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ այդ խոսքերի կրկնողությունը նկարագրում է մեսիական ժամանակաշրջանի իրադարձությունները։
«Որպեսզի տարածեմ երկինքը և հաստատեմ երկիրն ու ասեմ Սիոնին․ «Դու Իմ ժողովուրդն ես»» - Բոլոր այս պատկերները, որոնցում պատկերվում է նոր Սիոնին հասցեագրված Աստվածային օգնությունը («Իմ ձեռքի ստվերով կծածկեմ», «տարածեմ երկինքը», «հաստատեմ երկիրը»), ակամայից հիշեցնում են հինկտակարանյան աստվածապետության սկզբնական ժամանակաշրջանի պատմության համանման փաստերը («հրեղեն սյան» միջոցով առաջնորդությունը, «Քանանական երկրի» պարգևումը)։ Փաստորեն, նոր խոստումներն իրականացան ա՛յն ժամանակ, երբ որ հավատացյալների համար հռչակվեց Աստծո Թագավորության Ավետարանը («Իմ խոսքը՝ քո շուրթերին») և երբ որ նրանք ընդունվեցին որպես «Աստծո որդիներ» (Հովհ․ 1։12), «սուրբ ազգ», «Աստծո սեփական ժողովուրդ» (Ա Պետ․ 2։10)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. «Դու իմ ժողովուրդն ես»»:
(Արարատ թարգ․) Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. «Դու իմ ժողովուրդն ես»։
(Գրաբար) Եդից զբանս իմ ի բերանս քո, եւ ընդ հովանեաւ ձեռին իմոյ ծածկեցից զքեզ. որով կանգնեցի զերկինս, եւ արկի զհիմունս երկրի. եւ ասացի ցՍիովն, ժողովուրդ իմ ես դու:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: