Եսայու մարգարեության մեկնություն 51:7

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի,
   
   Հարց. Այստեղ ասում է. «Մի՛ վախեցեք մարդկանց նախատինքներից ու բամբասանքից» , իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Փրկի՛ր ինձ զրպարտիչներից» (Սաղմ. 118։134): Նաև Եզեկիան է ասում. «Թող Տերը լսի Ռափսակի պատասխանը» (Դ Թագ. 19։4, Եսայի 35։4): Մի՞թե այս խոսքերը հակասում են իրար:
   Պատասխան. Իրար չեն հակասում, այլ ցույց են տալիս նախատինքի երկակի ներգործությունը, այսինքն՝ [մի կողմից] նախատինքն ու բամբասանքը պատիժ են բամբասողների համար, և [մյուս կողմից] բամբասվողների համար՝ պարգև: Որ նախատողները պատժվում են, հայտնի է Ռափսակի [օրինակից], որը նախատեց կենդանի Աստծուն և զորքով կորստյան մատնվեց (Դ Թագ. 19։17): Եվ Սիմեն նախատեց Դավթին, ու իր արյամբ դժոխք իջավ (Բ Թագ. 16։5-14, 19։16-23, հատկապես Գ Թագ. 2։8-9): Սրանք ցույց են տալիս, որ ամեն ոք, ով նախատում ու բամբասում է՝ ինքն է կորչում, և ոչ թե նախատվողը, ինչպես ասում է Առակը. «Ով իր ընկերոջը փոս է փորում՝ ինքը կնկնի դրա մեջ» (Առակ. 26։27): Իսկ նախատվողի պարգևն այն է, որ որքան նախատվում է՝ այնքան վարձ կստանա ու դեռ ավելին կառնի, ըստ այն խոսքի. «Երբ ձեզ նախատեն, ցնծացեք և ուրախ եղեք, քանզի ձեր վարձը բազում է երկնքում» (Մատթ. 5։12, Ղուկ. 6։23): Նաև, այս կյանքում բազում ողորմություն է գտնում համբերողը, ինչպես Դավիթն էր ասում Հովաբի վերաբերյալ. «Թող դա նախատի, որպեսզի Աստված տեսնի ու ողորմի մեզ», նչպես և եղավ: Այդպես լինելու է բոլորի հետ:
   

Ա. Լոպուխին

«Լսե՛ք Ինձ, արդարությունն իմացողնե՛ր, ժողովո՛ւրդ, որի սրտում Իմ օրենքն է։ Մի՛ վախեցեք մարդկանց նախատինքներից, և նրանց չարախոսություններից մի՛ սարսափեք»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Լսե՛ք Ինձ, արդարությունն իմացողնե՛ր, ժողովո՛ւրդ, որի սրտում Իմ օրենքն է։ Մի՛ վախեցեք մարդկանց նախատինքներից, և նրանց չարախոսություններից մի՛ սարսափեք։ Որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և որդը որպես բուրդ ուտելու է նրանց, իսկ Իմ արդարությունը հավիտյան կմնա, և Իմ փրկությունը՝ սերնդից սերունդ» - Սա Մեսիայի երրորդ կոչն է Իր ունկնդիրներին, որոնք այս անգամ արդեն կոչվում են «տիրապետողներ ա՛յն արդարության», որին փափագելու մասին խոսվել է ավելի վաղ (1-ին համար)։ Սույն կոչը, այսպես ասած, վերածվում է մխիթարության և խրախուսանքի նրա՛նց համար, ովքեր ամաչում էին հետևել Ծառային՝ հասարակական կարծիքի առաջացրած կեղծ ամոթի պատճառով, այսինքն՝ այս կոչն ուղղված էր Իսրայելի այն մեծամասնությունը, որը մերժեց Մեսիային:

   «Լսե՛ք Ինձ, արդարությունն իմացողնե՛ր, ժողովո՛ւրդ, որի սրտում Իմ օրենքն է․․․» -  Մարգարեի՝ իր ունկնդիրներին ուղղված կրկնվող ուղերձներում մի տեսակ աստիճանակարգություն կա՝ աստիճանական վերելք ամենացածրից դեպի ամենաբարձրը, և ահա այս անգամ նա հասնում է իր «սանդուղքի» գագաթնակետին և խոսում է ժողովրդի հետ, որն արդեն գիտի «արդարությունը» և կրում է օրենքը, որը գրված է իր իսկ սրտի տախտակների վրա։ Իսկ այս անուններով Սուրբ Գրքում սովորաբար անվանվում են նորկտակարանյան թագավորության «դերակատարները»՝ հավատացյալ քրիստոնյաները (Եր․ 31։31-34, Եբր․ 8։10-12)։

   « Մի՛ վախեցեք մարդկանց նախատինքներից, և նրանց չարախոսություններից մի՛ սարսափեք․․․» - Ամենայն հավանականությամբ մարգարեն այստեղ խոսում է այն չարախոսությունների և ծաղրանքների մասին, որոնց իրենց ազգակիցների կողմից ենթարկվում էր Քրիստոսին հավատացող հրեական փոքրամասնությունը, ազգակիցնե՛ր, որոնց ճնշող մեծամասնությունը չէր ընդունում Քրիստոսին որպես Մեսիա և ծաղրում էր ինչպես հենց Նրան՝ Փրկչին, այնպես էլ Նրա հավատարիմ հետևորդներին (Մատթ․ 27։39-42, Ա Կորնթ․ 1։23)։ Սակայն, իհարկե, այս մարգարեության գաղափարը կարելի է շատ ավելի լայնորեն տարածել՝ այն հասցեագրելով բոլոր նրանց, որոնց մասին հենց Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոս ասաց․ «Երանի են արդարության համար հալածվողները․․․ երանի ձեզ, երբ ձեզ նախատեն և հալածեն  և ամեն կերպ ստելով Իմ պատճառով ձեզ չարախոսեն» (Մատթ․ 5։10-11)։ Իսկ դա էլ, համաձայն առաքյալի խոսքերի, բոլոր քրիստոնյաների համընդհանուր ճակատագիրն է, քանի որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կհալածվեն (Բ Տիմ․ 3։12)։ Ոմանք հակված են այս մարգարեության պատմական «արդարացումը» տեսնելու ա՛յն հալածանքների մեջ, որոնց ենթարկվում էր սկբնական Եկեղեցին հռոմեական հասարակության և պետության կողմից (Պետրոս եպս․)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի,
(Արարատ թարգ․) Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից,
(Գրաբար) Լուարուք ինձ որ գիտէք զիրաւունս, ժողովուրդ իմ` որոց աւրէնք իմ ի սիրտս ձեր: Մի երկնչիք ի նախատանաց մարդկան. եւ բամբասանք նոցա զձեզ յամաւթ մի արասցեն: