Եսայու մարգարեության մեկնություն 54:2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

«Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը:
   
   Ընդարձակիր քո վրանի տեղը։

   Ակնարկում է Եկեղեցին, որ առաքյալների միջոցով ամենուրեք կառուցվեց Քրիստոսի՝ հաստատուն Վեմի վրա: Որովհետև ժողովրդի բազմանալուն զուգընթաց բազմանում է նաև Ընդհանրական Եկեղեցին: Իսկ սրահի վարագույրը յոթանասուներկու աշակերտների միջոցով տարածվեց ամեն տեղ:
   Երկարացրու քո պարանները։
   Նկատի ունի խորանի լարն ու պարանը, որ սիրո հաստատությունն է խորհրդանշում: «Հաստատիր քո ցցերը» խոսքով էլ ակնարկում է վարդապետներին:
   

Ա. Լոպուխին

2-3․ «Ընդարձակի՛ր քո վրանի տարածքը, ընդլայնի՛ր քո բնակարանների վարագույրները, մի՛ ճնշվիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը»։  [2] «Որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, և քո սերունդները պիտի տիրեն ժողովուրդներին ու պիտի բնակեցնեն դատարկված քաղաքները։ (Սինոդական թարգ․)
   
   «Ընդարձակի՛ր քո վրանի տարածքը ․․․ երկարեցրո՛ւ քո պարանները և ամրացրու քո ցցերը» - Մեր ընկալման համաձայն՝ 1-ին համարի մեկնաբանությունը շատ դյուրին և պարզ է։ Հավատավոր Իսրայելի մնացորդացը շատ սակավաթիվ է, և այդ իսկ պատճառով էլ ապրում է ամենանեղ տարածքներում (վրանում)։ Սակայն քանի որ Իսրայելը շուտով պիտի բազմանա և բարգավաճի՝ շնորհիվ հեթանոսների միջից դեպի Իսրայել նոր սերնդի հոսքի, ուստի մարգարեն էլ նրան համոզում է վերակառուցել իր բնակավայրերը, որպեսզի դրանք հնարավորինս ավելի լայն և ընդարձակ լինեն։ Դժբախտության պարագայում՝ պատռված, իսկ հաջողության և ուրախության ժամանակ վերականգնված կամ ընդլայնված վրանի պատկերները մարգարեների համար ամենասիրված և կիրառվող արտահայտչամիջոցներից են (Ես․ 33։20, Երեմ․ 10։20 և այլ տեղիներ)։

   Մարգարեական-դաստիարակչական իմաստով՝ աշխարհի բոլոր կողմերում տարածվող («աջ և ձախ» - 3-րդ համար) ընդարձակված և նորոգված վրանի ներքո  կարելի է հասկանալ նորկտակարանյան Եկեղեցին, ինչպես որ դա բացատրում է Հերոնիմոս Երանելին․ «Նա պետք է դեպի աջ և ձախ տարածվի, չպետք է ընդօրինակի հրեական վրանի նեղվածքը, որն ունի հարյուր կանգուն  երկարություն և հիսուն կանգուն լայնություն, ինչպես նաև չպիտի սահմանափակվի տաճարի կարճ տարածության մեջ՝ վաթսուն կանգուն երկարության և քսան կանգուն լայնության պայմաններում, այլ առանց սահմանավորվելու պետք է սփռվի աջ և ձախ կողմերում»։

   Իսկ Թեոդորոս Երանելին վերոնշյալ խոսքերին ավելացնում է հետևյալը․ «Հազիվ թե մեկը սխալված կլինի, եթե սուրբ մարգարեներին, առաքյալներին և նահատակներին «ցցեր» անվանի, քանի որ նրանք խրված են հողում՝ այն ցցերի օրինակով, որոնք պահում են Եկեղեցու վրանը, որն էլ իր հերթին ցցերին է ամրացված գիտությամբ՝ իբրև թե պարաններով»։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ ինչպես «փրկչարար վրանի» պատկերը, այնպես էլ այդ պատկերի վերագրումն «Իսրայելի սրբազան մնացորդին», Եսայի մարգարեի կողմից կիրառվող բացարձակապես անսպասելի և նոր երևույթ չի հանդիսանում, այլ, ինչպես երևում է, հանդիսանում է մարգարեի գրքի առաջին հատվածում ավելի վաղ տեղի ունեցած բացահայտումներից մեկի հակիրճ կրկնությունը (տե՛ս գլուխ 4-րդ, հատկապես 2-3-րդ և 6-րդ համարները)։

   «Եվ քո սերունդները պիտի տիրեն ժողովուրդներին ու պիտի բնակեցնեն դատարկված քաղաքները» - Նորկտակարանյան, քրիստոնեական Եկեղեցին այստեղ մեկնաբանվում է որպես հինկտակարանյան, հրեական Եկեղեցու բնական շարունակություն։ Եվ ահա, երբ հինկտակարանյան աստվածապետության ներկայացուցիչների մեծամասնությունը Քրիստոսին որպես Մեսիա չընդունեց, մերժեց Նրան և հենց դրանով իսկ շեղվեց իր իրական կոչումից ու կարծես թե լքեց իր լավագույն բնակավայրերը (կրոնական իմաստով), այդժամ նրանց կողմից կորսված վայրերում հայտնվեցին շատ ուրիշներ՝ նախկին հեթանոսները, որոնք արժանի էին զբաղեցնելու այդ վայրերը, և հենց նրանք էլ դարձան նորոգված Իսրայելի ճշմարիտ սերունդները՝ ոչ թե մարմնով, այլ՝ հոգով (Հռոմ․ 9։7-8, Գաղ․ 4։28 և այլ տեղիներ)։
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 54:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը:
(Արարատ թարգ․) Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը,
(Գրաբար) ընդարձակեա զտեղի խորանաց քոց, եւ զսրահից քոց. կանգնեա, եւ մի խնայեար. երկայնեա զապաւանդակս քո. հաստատեա զցիցս քո: