Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին:
Ուժգին գոչի՛ր ու մի՛ խնայիր։
Քանի որ կամենում է մեծագույն պարգևները տալ, ուստի ասում ու հորդորում է, թե՝ «Իմ ժողովրդին պատմի՛ր նրանց մեղքերը»: Ասում է՝ «մի՛ վախեցիր, այլ զորացի՛ր հոգով, որը բնակվում է քո մեջ և որը առյուծի նման հանձնապաստան ու անվախ դարձրեց քեզ:
Շեփորի նման բարձրացրո՛ւ ձայնդ։
«Շեփորի նման» է ասում երկու պատճառով. նախ՝ «որպեսզի ամենուրեք լսեն քո ազդու ձայնը», երկրորդ՝ «որովհետև միայն ձայնն է քոնը, սակայն խոսքերը Իմն են, ինչպես ձայնի հնչումը՝ փողի մեջ:
Ա. Լոպուխին
1-2․ «Բարձր կանչի՛ր, մի՛ զսպիր, շեփորի պես բարձրացրո՛ւ քո ձայնը, և Իմ ժողովրդին ցույց տուր իր անօրինությունը, և Հակոբի տանը՝ նրա մեղքերը»։ [1] «Նրանք ամեն օր փնտրում են Ինձ և ցանկանում են իմանալ Իմ ճանապարհները, որպես մի ժողովուրդ, որը արդարություն է գործում և չի թողնում իր Աստծո օրենքները. նրանք Ինձանից արդար դատաստանի մասին են հարցնում, ցանկանում են Աստծուն մոտենալ»։ (Սինոդական թարգ․)
Սույն գլխի հիմնական թեման Իսրայելի հանդեպ Աստծո դատաստանը կամ նրա խորագույն մեղավորության բացահայտումն է՝ չնայած այն ամբողջ արտաքին, տեսանելի արդարությանը։ Հրեա ժողովուրդը, հատկապես հետգերության ժամանակաշրջանում (որին և հիմնականում Եսային այստեղ մարգարեաբար մտահայում է), առանձնանում էր Մովսիսական պաշտամունքին և օրենքի տառին իրենց սաստիկ կապվածությամբ։ Այդ պատճառով էլ Իսրայելը, հավանաբար, միանգամայն անկեղծորեն չէր էլ պատկերացնում, թե ինչի՞ համար կարելի էր իրեն մեղադրել։ Անկասկած, երկրորդ համարում, ինչպես նաև տեքստի նախորդող խոսքերում, ներկայացվում է հրեաների հենց այս բնութագիրը, համաձայն որի նրանք բնորոշվում են որպես մի ժողովուրդ, որը արդարություն է գործում և չի թողնում իր Աստծո օրենքները։
«Նրանք ամեն օր փնտրում են Ինձ և ցանկանում են իմանալ Իմ ճանապարհները…» - Սակայն նրանք Աստծուն չեն փնտրում այն վայրում և այն եղանակով, որտեղ և ինչպիսի եղանակով որ դա պետք էր անել, մի հանգամանք, որը առանձնահատուկ պարզությամբ բացահայտեց Տեր Հիսուս Քրիստոսը՝ ասելով․«Այս մարդիկ իրենց շուրթերով են Ինձ մոտենում և լեզվով են Ինձ պատվում, սակայն նրանց սրտերն Ինձանից հեռու են» (Մատթ․15։8, սա կարելի է համեմատել Եսայի մարգարեի մեկ այլ գլխում առկա նմանատիպ խոսքերի հետ, Ես. 29։13)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին:
(Արարատ թարգ․) Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։
(Գրաբար) Գոչեա զաւրութեամբ, եւ մի խնայեար. բարձրացո իբրեւ զփողոյ զբարբառ քո. պատմեա ժողովրդեան իմում զմեղս նոցա, եւ տանն Յակովբայ զանաւրէնութիւնս նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: