Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Այս է իմ ուխտը նրանց հետ, -ասում է Տէրը: -Իմ հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից», -ասում է Տէրը:
Այս է նրանց ուխտը,- ասում է Տերը.- Իմ հոգին, որ քո մեջ է, և Իմ խոսքը, որ դրեցի քո բերանում:
Այստեղ հայտնապես ցույց է տալիս եռյակ Անձնավորությունը: Տեր-ը Հայրն է, Իմ-ը՝ Սուրբ Հոգին, և Խոսք-ը՝ Որդին: Այս «ուխտ»-ը, այսինքն՝ Երրորդության դավանությունը ուխտում ենք Սուրբ Հոգով՝ ավազանի մկրտությամբ, ու տևապես ունենում ենք մեր շուրթերին, ուստի մեր զավակները հարատևելու են ազգից ազգ՝ հավիտենապես:
Ա. Լոպուխին
«Եվ ահա Իմ ուխտը նրանց հետ է, - ասում է Տերը․ - Իմ Հոգին, Որը քեզ վրա է, և Իմ խոսքերը, որոնք Ես դրեցի քո շուրթերին, չեն հեռանա քո շուրթերից ու քո սերունդների շուրթերից, և քո սերունդների սերունդների շուրթերից, - ասում է Տերը, - այսուհետև մինչև հավիտյան»։
[21] (Սինոդական թարգ․)
«Եվ ահա Իմ ուխտը նրանց հետ է․․․ Իմ Հոգին, Որը քեզ վրա է․․․ չեն հեռանա քո շուրթերից ու քո սերունդների շուրթերից․․․այսուհետև մինչև հավիտյան»։ Թեկուզև թարգմանիչներից ոմանք՝ մինչև իսկ Հերոնիմոս Երանելու գլխավորությամբ, հակված են այս խոսքերը վերագրելու միայն Եսայի մարգարեի անձին՝ որպես Տիրոջ հավատավոր ծառայի և «Իսրայելի տան պահապանի», սակայն սույն պատմության ընդհանուր գաղափարը և խոսքի համատեքստի մոտակա շրջանակը («ուխտը նրանց հետ է») ստիպում են այստեղ տեսնել ցուցում ամբողջ նորկտակարանյան Սիոնի կամ էլ հավատարիմ Իսրայելի վրա։ Մենք դրանում համոզվում ենք նաև աստվածային այն խոստման միջոցով, համաձայն որի՝ այս ժողովրդից չի վերցվելու մարգարեական այն շնորհը («Իմ Հոգին, Որը քեզ վրա է»), որը հինկտակարանյան Իսրայելի միսսիոներական ամբողջ ծառայության հիմնական տարբերակիչ հատկանիշն էր և որը որոշ ժամանակ շարունակեց գործել նաև նորկտակարանյան Եկեղեցում՝ հատկապես ի դեմս «առաքյալների և մարգարեների» (Եփես․ 4։11)։ Եսայի մարգարեն, ինչպես հայտնի է, Իսրայելի որդիներից լավագույններին վերապահված միսսիոներական այս կոչման մասին նախկինում մեկ անգամ չէ, որ խոսել է (Ես. 42։1-4, 44։26, 55։3 և այլ տեղիներ)։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Այս է իմ ուխտը նրանց հետ, -ասում է Տէրը: -Իմ հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից», -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։
(Գրաբար) Եւ այս նոցա որ յինէն ուխտ` ասէ Տէր: հոգին իմ որ է ի քեզ, եւ բանք զոր ետու ի բերան քո, մի պակասեսցէ ի բերանոյ քումմէ, եւ ի բերանոյ զաւակի քոյ. եւ ի բերանոյ զաւակէ զաւակի քոյ` ասէ Տէր, յայսմհետէ մինչչեւ յաւիտեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: