Եսայու մարգարեության մեկնություն 66:4

Ա. Լոպուխին

«Այդպես էլ Ես պիտի օգտագործեմ նրանց գայթակղությունն ու նրանց վրա սարսափելի բաներ պիտի բերեմ, որովհետև Ես կանչեցի, և պատասխանող չկար, խոսեցի, և նրանք չլսեցին, այլ չարիք գործեցին Իմ աչքի առջև և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր Ինձ»: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Այդպես էլ Ես պիտի օգտագործեմ նրանց գայթակղությունն ու նրանց վրա սարսափելի բաներ պիտի բերեմ․․․» - Մարգարեն այստեղ կիրառում է իր սիրելի հնարքը՝ խոսում է հակադրույթների միջոցով. «Քանի որ դուք մտածում էիք հաճույք գտնել նման անպտուղ զոհաբերությունների մեջ, որոնք գրեթե նմանվում էին հեթանոսական նողկալի զոհաբերությունների, այդ իսկ պատճառով էլ Ես պատժելու եմ ձեզ՝ ձեր վրա սարսափելի աղետներ բերելով»: Այստեղ մի փոքր խորհրդավոր է հնչում «գայթակղությունն օգտագործել» արտահայտության իմաստը: Համատեքստից ելնելով՝ ավելի ճիշտ կլինի, որ «գայթակղություն» բառի ներքո հասկանանք այն պարծենկոտությունն ու մեծամիտ-ամբարտավան կեցվածքը, որն ունեին այդ բոլոր կարծեցյալ օրինապաշտները, որոնք մատուցում էին դատարկ և նույնիսկ վնասակար զոհաբերություններ, որոնք զուրկ էին ներքին, հոգևոր բովանդակությունից: Այս պարագայում «գայթակղությունն օգտագործել» արտահայտությունը հավասարազոր կլինի հետևյալին. «Եվ հաշվի առնելով նրանց մեղքերի կարծրությունը՝ Ես նրանց վրա սարսափելի բաներ եմ բերելու»: Այս վերջին բնութագրիչի, այսինքն՝ «սարսափելի» բառի ներքո կարելի է հասկանալ կա՛մ հոգևոր խուլության և կուրության այն ներքին վիճակը, որում գտնվելով՝ Իսրայելը, լսելով հանդերձ, չէր ունկնդրում, և նայելով հանդերձ, չէր տեսնում  (որի մասին խոսվում է նաև հաջորդող համատեքստում), կաʹմ էլ այն արտաքին աղետները, որոնք պատուհասեցին այս ժողովրդին (որոնց մասին խոսվում էր նախորդող համատեքստում, Ես․ 65:12):

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»:
(Արարատ թարգ․) Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։
(Գրաբար) Եւ ես առի ի ձեռն զխաբէութիւնս նոցա, եւ ըստ մեղաց նոցա հատուցից նոցա. զի կոչեցի զնոսա` եւ ոչ լուան ինձ, խաւսեցայ` եւ ոչ անսացին. եւ արարին չար առաջի իմ, եւ զոր ոչն կամէի ընտրեցին: