Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին», այն ժամանակ ասացէ՛ք. «Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն:
Հարց. Ի՞նչ են նշանակում «վհուկ»-ը և մյուս բաները, որ ասում է.
Պատասխան. Ոմանք ասում են, թե վհուկները հարցողներն են, որոնք կուռքերի պաշտոնյաներ էին և նրանցից, այսինքն՝ կուռքերից էին հարցնում լինելիք բաները: Մեռելահարցուկը նա է, ով կուռքերի առջև կամ ծառերի տակ բերանքսիվայր խոսում էր դևերի հետ, և երբ Ալեքսանդր արքան եկավ Արևի և Լուսնի մեհյանը, հարց ուղղեց հենց մեռելահարցուկին: Իսկ զրախոսը ունայնախոսն է. այդպիսին էին գարու միջոցով գուշակություն անողները: Իսկ որովայնախոսը նա է, ով գուշակություններ է անում մորթված արջառի կամ ոչխարի սրտի ու թոքի շարժումների միջոցով: Դարձյալ, վհուկը նա էր, ով կանանց մեջ մտած չար դևի միջոցով էր գուշակություններ անում: Իսկ այլ թարգմանիչներ «վհուկներ» ի փոխարեն «հավախոսներ» են ասում՝ նկատի ունենալով նրանց, ովքեր ձագերի, ագռավների և այլոց միջոցով են գուշակություններ անում: Այսպիսով, մեռելահարցուկը նա է, որի մասին ասացինք վերևում, իսկ զրախոսն ու որովայնախոսը նրանք են, որոնք մեռյալի մեջ մտած դևի միջոցով խառնիճաղանջ և սուտ բաներ էին խոսում: Այդ պատճառով էլ մարգարեն ասում է, թե ի՞նչ պիտի հարցնեն մեռելներից ողջերի մասին:
«Հապա (=Դե), իմ վարուժնակներ 2», իսկ երբեմն՝ հեգնական, ինչպես մարգարեն է ասում այստեղ.«Հապա, նախ այդ նեղությունները տարեք»:
Ա. Լոպուխին
Եվ երբ ձեզ ասեն. «Հարցրե՛ք մեռելահարցուկներից և վհուկներից՝ փսփսացողներից ու մրմնջացողներից», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի: (Սինոդական թարգ․) [19]
Այս նշանները բավական են հավատացյալների համար: Կարիք չկա դիմելու տարբեր տեսակի գուշակների ապագայի մասին որևէ տեղեկություն ստանալու համար:
«Մեռելահարցուկներ», եբրայերենում ասվում է՝ «գաովոտ», այսինքն՝ մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք մեդիումներ են և իրենց միջոցով կարելի է պատասխան ստանալ մեռելներից որևէ մեկից: Այդպիսի մեռելահարցուկ էր, օրինակ, Այենդորացի հայտնի կախարդը (Ա Թագ. 28:7):
«Վհուկները», եբրայերենում՝ «գահհեդեոնիմ» (որը ծագում է «յադ»՝ «իմանալ» բայից), համաձայն մեր բառապաշարի գուշակները կամ մոգերն են (հմմտ. Ղևտ. 20:27, Բ Մնաց. 18:11): Որպես այդ երկու բառերի բացատրություն հավելադրված են «փսփսացողներ» և «մրմնջացողներ» արտահայտությունները: Առաջին բառը ցույց է տալիս լռության մեջ մկան արձակած ձայնը կամ թռչնի ճռվողյունը և նշանակում է հազիվհազ լսվող, բարակ ձայն, որը բնորոշ է թռչուններին: Մեկ խոսքով՝ ձայն, որը հնչում է մահացածի անունից՝ մեդիումի կողմից: Երկրորդը խուլ ձայնն է, որն իրենց խոսքին ցանկանում էին հաղորդել այն նույն մեռելահարցուկները:
«Դուք էլ նրանց ասացե՛ք» արտահայտությունը եբրայական տեքստում բացակայում է:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին», այն ժամանակ ասացէ՛ք. «Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն:
(Արարատ թարգ․) Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի
(Գրաբար) Եւ եթէ ասիցեն ցձեզ. խնդրեցէք զվհուկս եւ զգետնակոչս եւ զրախաւսս, եւ զորովայնակոչս. ոչ իբրեւ զազգ ոք որ յԱստուծոյ իւրմէ խնդրիցէ: Զի՞նչ խնդրիցեն վասն կենդանեաց ի մեռելոց անտի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: