ԵՐԿՈՒ ՃԱՄՓՈՐԴ

1706 թվականի Զատկից անցել էր երկու շաբաթ: Տարոնի զմրուխտ հովիտները բազմատեսակ ծաղիկներ էին ծնում: Արևն արդեն վաղո՜ւց, քրիստոսանման հարություն առած, առատաձեռնորեն հարություն էր բաշխում բոլոր արարածներին: Ամայի տարածության մեջ` մի արահետի վրա, կողք կողքի միջին տարիքի երկու մարդ էին քայլում և խոսակցում: Եթե մոտիկից լսեինք նրանց ասածները, ապա կհասկանայինք, որ սաղմոս են փոխասում` մրմնջալով.

– «Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն»:

– «Յիշեա, Տէր, զԴաւիթ եւ զամենայն հեզութիւն նորա»:

Նրանք վարդապետներ էին` սև սքեմներով, և գնում էին դեպի Ս. Կարապետ վանքը: Վաղ առավոտյան ճամփա էին ելել հայկական մի գյուղից, ուր երկու օր շարունակ հյուրասիրվել էին տեղի քահանայի կողմից: Ավելի քան մեկ տարի է, շրջում էին զանազան վանքեր` փնտրելով մի մնայուն վայր` հաստատվելու և իրագործելու իրենց ասպարեզի կոչումը: Նրանք սնվել և մեծացել էին Ամրդոլի հռչակավոր վանքում: Իրենց վանահոր` Վարդան վարդապետի մահից հետո, նոր վանահոր ընտրության ընթացքում պատահած անհաճո պայքարներից սրտնեղած, իրենց վանքը թողած, հեռացել էին խաղաղության այս որդիները: Նրանք երանելի վանահոր լավագույն աշակերտներն էին, և բնական է, որ նրանցից մեկը պետք է հաջորդեր նրան:

Բայց այնպիսի զրպարտություններ և բախումներ սկսվեցին պառակտված խմբակցությունների միջև, որ այս երկու մտերիմ նվիրյալները քաջ հասկացան, թե ով էլ ընտրվեր, միևնույն է, միաբանության մեջ գոյացած այս վերքերով ու գժտություններով իրենց հարազատ վանքն այլևս երբեք հին օրերի նման աղոթքի տուն չէր լինի: Այդ իսկ պատճառով, չլսելու համար եղբայրների կծու բամբասանքները, և հակառակ դրան, իրենց օրհնյալ վարդապետի հիշատակը և իրենց մանկության ու երիտասարդության քաղցր հուշերը` վանքի հետ կապված, միշտ պայծառ ու ջերմ պահելու համար թողեցին ու հեռացան այդ նվիրական վայրից:

– «Ո՛չ նստայց ես յաթոռս նանրաց. եւ ընդ անօրէնս ես ո՛չ մտից»:

– «Ատեցի ես զժողովս չարաց. եւ ընդ ամբարիշտս ես ո՛չ նստայց»:

Անգիր գիտեին բոլոր սաղմոսները, շարականներն ու բազմաթիվ աղոթքներ, որովհետև, համաձայն այդ ժամանակների վանական սովորույթի, այս էր վարդապետից ակնկալված հմտությունը: Երբեմն լռում էին, սակայն այնուհետև կրկին սկսում էին սաղմոս ասել: Նիհարն ու բարձրահասակը, որ Գրիգոր էր կոչվում, մի քանի տարով ավագ էր մյուսից, որի անունը Հովհաննես էր` մարմնով տոկուն և զվարթ դեմքով մի անձնավորություն, որ վանք մտած ժամանակ տասներկու տարեկան էր: Իսկ վանքում արդեն չորս Հովհաննեսներ կային, Հովհաննեսը, պաշտելի անուն է հայոց մեջ: Քանի որ նրանց միջից փոքրագույնը և սիրելին էր նա, Վարդան վարդապետի կողմից սկսեց կոչվել «Կոլոտ» մականունով: Հասակ առավ, մեծացավ, վարդապետ դարձավ, սակայն «Կոլոտը» ընդմիշտ մնաց, մի բառ, որն իրականում չէր համապատասխանում միջին հասակով այս անձնավորությանը: Կան անհատներ, որոնց հետ խոսելիս, նրանց` իրենց հասակից ավելի բարձր լինելու տպավորությունն է ունենում մարդը: Այդպես էր նաև մեր Կոլոտը: Ուստի բարդույթ չէր ունենում երբեք այս անունը կրելիս: Եվ ոչ ոք սույն բառը իր բուն իմաստով չէր գործածում, երբ «Կոլոտ» էր կանչում նրան: Նրանց համար աշխույժ, գեղեցիկ, մարդամոտ, անկեղծ, հարազատ, քաղցրախոս և դյուրահաղորդ մեկն էր այս «Կոլոտը»:

– «Թէ ոչ մտից ի յարկս տան իմոյ. եւ թէ ելից յանկողինս մահճաց իմոց»:

– «Թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինջ արտեւանաց իմոց կամ հանգիստ իրանացն իմոց, մինչև գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակոբայ»:

Գնում էին դրախտային տեսարանների միջով: Արևը շողում էր` առանց քրտնեցնելու, հովը փչում էր` առանց մրսեցնելու. գարունը վաղուց փռել էր իր ծաղկյալ գորգը դաշտերի վրա, և ծառերը հիշեցնում էին մինչև հորիզոն ծփացող ծաղիկների աչաշլաց մի ծովի: Հիասքանչ կանաչը, որ գարնան, ու նաև կյանքի, վսեմ դրոշակն էր, տիրում էր ամենուրեք:

– Ես կարծում եմ, որ օրը մթնելուց առաջ կարող ենք հասնել վանք: Խավարին չենք մնա, հուսով եմ:

– Ո՛չ, չեմ կարծում, տեր հայրը ասաց, որ հանգիստ քայլելով կարող ենք հասնել երեկոյան: Խավա՛ր, խավա՛ր, խավա՞ր ասացիր:

Կարծես թե մի շատ կարևոր բան հիշելով` Կոլոտը հանկարծ կանգնեց, դարձավ դեպի Գրիգոր վարդապետը, թևից բռնելով և երեսին նայելով` ասաց.

– Երբ «խավար» ասացիր, երեկ գիշերվա երազս հանկարծ հիշեցի: Քեզ պիտի պատմեի, սակայն մոռացա: Միասին մի մեծ քաղաքի մեջ էինք. շուրջբոլորը եկեղեցիներով լի էր, սակայն բոլորն էլ կիսակառույց և կամ ավերակ վիճակի մեջ էին: Հիշո՞ւմ ես, քեզ հետ վեց տարի առաջ Անի այցելեցինք: Նրան էր նմանվում, սակայն վստահ չեմ:

– Դու էլ ինձ նման Անին կարոտել ես: Եթե առիթ ունենանք, այս աշնանը մի անգամ ևս ուխտի գնանք: Ինչ որ է, չկտրեմ, խնդրեմ, շարունակիր:

– Մի մեծ և հոյակապ տաճարի առջև էինք: Տաճարը տանիք չուներ: Պայծառ ու լուսավոր կեսօր էր: Երանելի Վարդան վարդապետն էլ մեզ հետ էր: Մի մոմ բռնած ձեռքիս` ներս մտա վառելու: Սակայն երբ ոտքս եկեղեցու մուտքից ներս էի դնում, մի թանձր խավար էր դիմավորում ինձ, այնպիսի խավար, ուր շողի ոչ մի նշույլ չկար: Զարմանում եմ. «Ինչպե՞ս կլինի,– ասում եմ ինքս ինձ, – դուրսը կեսօր է, և տաճարը տանիք չունի»: Զգում եմ և լսում, որ տաճարը մարդկանցով լցված է, և խոսում են միմյանց հետ: «Հրահան չունի՞ մեկը», – բղավում են շատերը: «Դու մի վառիչ ունե՞ս», – հարցնում են մյուսները: Ես դուրս եկա, և ահա կեսօր է կրկին, և դու ասում ես ինձ. «Այս եկեղեցին եթե տանիք ունենար, ի՜նչ հոյակապ կլիներ, այդպես չէ՞»: Ես, զարմացած, կրկին` ներս մտա, և ահա կրկին` նույն կտրուկ խավարը: Նորից դուրս եկա` լուսավորություն: Շվարած և հոգնած` մոտեցա Վարդան վարդապետին և պատմեցի ամեն ինչ: Նա ժպտաց և ասաց ինձ. «Գիտեմ, եթե մենք չվառենք, ներսում գտնվողները լույս չեն ունենա»: Եվ այս ասելով` մի հրահան հանեց և վառեց մոմը` պատվիրելով. «Այժմ գնա՛ և լույսդ փոխանցիր նրանց»: Նորից ներս մտա. ամենուր խավար էր: Սակայն այս անգամ ուրախության մեծ աղմուկ բարձրացավ տաճարում: Բոլորը շրջվում են դեպի ինձ` վառելու համար իրենց մոմերը: Մոմերի պլպլացող լույսով լուսավորվեց տաճարը, և, ժողովուրդն իմ ետևից, դեպի խորան ուղղվեցինք: Տեսա, որ ամբողջական էր եկեղեցին` արդեն ամեն ինչով, և պատրաստ էր` Սուրբ Պատարագ մատուցելու, կարծես, անմիջապես: Բայց զարմանահրաշ ուրիշ մի բան պատահեց եկեղեցու մի մասում. ձախակողմյան բաժինը խավար էր կրկին: Ճիշտ մեջտեղից` խորանից մինչև դարպաս, կարծես թանձր խավար էր տիրում: Այնտեղ նույնպես մարդիկ կային, նրանց ձայները լսվում էին, բայց չէինք կարողանում անցնել այդ կողմը և կամ մեր լույսը փոխանեցել նրանց: Ես երազում հասկացա պատճառը և բարձրաձայն աղաղակեցի. «Լույսը դրսից պետք է գա, գնացե՜ք, Գրիգորը կանչեք, թող նա Վարդան վարդապետից վառի և ներս մտնի»: Եվ դու ներս մտար և ուղղվեցիր ձախակողմից դեպի խորան: Եվ ապա` նույն բանը տեղի է ունեցավ նաև այնտեղ, այսինքն` մի կատարյալ լուսավորություն: Բոլոր ջահերը, լապտերներն ու կանթեղները վառված` մի հոյակապ եկեղեցու վերածվեց նախկին ավերակ տաճարը: Ես մատովս դեպի վեր ցույց տվեցի. «Վերև նայիր,– ասացի քեզ,– տանիքը կերտվել է արդեն և զարդարվել տասներկու առաքյալների ոսկեզօծ նկարներով:

Մի պահ շունչ քաշեց Հովհաննեսը` հոգնած արագ պատմելուց, և հարցրեց.

– Ի՞նչ կասես այս երազի մասին: Գրիգորը ևս ազդված էր երազից, բայց կատակի տվեց: Ճիշտ զգացումները դուրս տվող չէր նա Կոլոտի նման:

– Հովսեփ Գեղեցիկի երազներին է նմանվում: Այսինքն` մի թագավոր պիտի լինես մեր գլխին և կամ երկրորդ Լուսավորի՞չը պիտի դառնաս մեր ազգի:

– Մի նախանձիր, քեզ էլ նույն մակարդակի վրա տեսա, ինչպես պատմեցի:

– Շնորհակալ եմ, շատ առատաձեռն ես երազային շնորհաբաշխումներիդ մեջ, երախտապարտ եմ: Մի աղքատ մարդ գիշերը իր երազում տեսնում է սպիտակամորուք մի ծերունու: Ծերունին ասում է, թե Աստծո կողմից է ուղարկված: Նրա աղոթքների համար իբրև պատասխան նրան շնորհվել է ինը ոսկի: Ինքը պետք է հանձնի քսակը: Մարդը հարց է տալիս. «Ինչո՞ւ , – ասում է, – ինը ոսկի և ոչ` տասը, քանի որ պիտի տրվեր, կլոր հաշիվ թող լիներ»: Ծերունին զարմացած ասում է. «Ես ի՞նչ անեմ, այսքանն է որոշված, ա՛ռ և գոհացիր»: Մարդը համառ է սակայն: «Ո՛չ,– ասում է,– կա՛մ տասը կանես, կա՛մ չեմ վերցնի»: Ծերունին ստիպում է, բայց մարդը հրաժարվում է և սակարկում: «Առնում ես, չես առնում..»–ի վեճ է սկսվում երկուսի միջև: Այդ վիճաբանության ընթացքում մարդն արթնանում է և տեսնում, որ ո՛չ ծերունին կա և ո՛չ էլ դրամը: Աչքերը փակում է և ասում. «Շատ լավ, թող ինը լինի»:

Միասնաբար սկսեցին ծիծաղել: Այնպես լավ էր արձագանքում նրանց քաղցր և լիաթոք ծիծաղը ամայության մեջ: Եթե մեկը լսեր նրանց մաքուր, կուշտ ու կուռ ծիծաղը, ապա անմիջապես կհասկանար, որ Աստված ուրախությանհամար է ստեղծել համայն աշխարհը, և գարնան հիմնական կանչն է այս երջանկությունը` ուղղված ծաղիկներին, թռչուններին, մրջյուններին ու միջատներին: Ո՞վ կտեսներ ու կիմանար, թե այս երկու աշխարհուրաց վարդապետները իրենց հոգեհարազատության մեջ, այս մոռացված դրախտում, իրագործելու էին Աստծո կամքը. Գոհ լինել ապրելուց ու ժպտալ անհաշիվ, ինչպես դաշտի ծաղիկները ժպտում են կապույտ երկնակամարի ներքո, մոռացված մարդկանցից` միայն Աստծո համար և միայն հաշվետու Նրան:

– Սոված հավը իրեն ցորենի շտեմարանի մեջ է պատկերացնում:

– Թո՛ղ, կատակը մի կողմ, և ճիշտն ասա. Ի՞նչ ես մտածում երազիս մասին:

– Լավ երազ է, իհարկե, բայց, ի վերջո, երազ է: Ոչ ոք չի ճանաչում մեզ այնպես, ինչպես հանգուցյալ Վարդան վարդապետը, որ հանրածանոթ հռչակ ուներ: Ի՛նքը միայն մեր ազգի համար կարող էր իրապես մի Լուսավորիչ լինել, սակայն, ցավոք, վաղ մահացավ խեղճը: Իսկ մենք դեռևս չկարողացանք մի վանք գտնել, որպեսզի մեզ ընդունեին ու տեղ տային` վերջապես մնայուն բնակություն հաստատելու: Երազներդ ճոխ են, սիրելի եղբայր, բայց իրականությունը` ժլատ մեր նկատմամբ, այդպես չէ՞:

– Ձմեռը հեռացա՜վ, գարունը արթնացա՜վ, Քրիստոսը մեր մեջ հայտնվե՜ց, հոռետեսությունը ետ փախա՜վ, իսկ Գրիգոր վարդապետը չիմացա՜վ, տխրե՜ց ու լա՜ց եղաւ, լա՜ց եղավ:

Կրկին կատակներ: Իհարկե, Գրիգորը լացող չէր և ոչ էլ` հոռետես: Պատասխանեց Հովհաննեսի ոտանավորին նույն ճարպկությամբ.

– Գրիգոր վարդապետը թևերը լայն բացե՜ց: Մանկան նման իր շուրջը պտտվե՜ց, Աստծուն փառք տվե՜ց, Կոլոտի պարանոցին էլ մի լավ ապտակ զարկե՛ց: Զարկեց և փախավ: Կոլոտը նրա ետևից սկսեց վազել: Բայց մյուսի սրունքները ավելի երկար էին, չկարողացավ հասնել նրան: Ետևից բղավեց.

– Այս արագությամբ դու նույնիսկ կեսօրվա ճաշին էլ վանք կհասնես, անկասկած:

Սա պարզապես մի պատրվակ էր` ծաղիկների առատ դաշտում ազատ–համարձակ վազելու` այրող փափագը հագեցնելու համար մանուկների նման: Որովհետև այդպես էր տնօրինել հզոր գարունը իր թարմացնող էներգիաներով` ներթափանցելով բոլոր արարածների և այս երիտասարդ վարդապետների երակների մեջ:

 

Հաջորդ գլուխը՝

ԹԻԹԵՌՆԻԿԸ Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ