Ամոսի մարգարեության մեկնություն 3։12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ հովիվը երբեմն կարողանում է առյուծի բերանից կորզել երկու սրունք կամ ականջի մի կտոր, այնպես պիտի փրկվեն Իսրայելի որդիները, ովքեր նստած են Սամարիայում՝ մահճակալի մի անկյունում կամ էլ Դամասկոսում` մահճի վրա»: (Սինոդական թարգ․)[12]
   
    Մարգարեն այն պատկերավոր միտքն է արտահայտում, որ Աստծու դատաստանից միայն մի խղճուկ մնացորդ է փրկվելու: Այս պատկերը վերցված է Ելք 22։13 համարից: «Ովքեր նստած են Սամարիայում մահճակալի մի անկյունում կամ էլ Դամասկոսում` մահճի վրա» («реаth mittach»` անկողնու (մահճակալի) անկյուն)` սա տոնախմբության ժամանակ ամենապատվավոր տեղն էր:

    Յոթանասնիցը «mittah»−ն (մահճակալ) կիրառել է որպես «matteh»` «սերունդ, ցեղ»` (φυλή)։ Այստեղից էլ գալիս է ռուսերեն թարգմանության մեջ եղած «մահճակալի անկյունում» արտահայտության փոխարեն սլավոներենի «ցեղից» ընթերցումը: 12−րդ համարի վերջում Դամասկոսի մասին հիշատակությունը («ubidemeschek ares», ռուսերեն` «Դամասկոսում մահճակալի վրա») տարակուսանք է առաջացնում: Այստեղ խոսքը Սամարիայի բնակիչների մասին է: Ինչո՞ւ են նրանք կոչվում «Դամասկոսում նստողներ»: Հաշվի առնելով 12−րդ համարում Դամասկոս անունը պահելու դժվարությունը՝ բազմաթիվ մեկնիչներ «domeschek» բառը համարում են ոչ թե քաղաքի, այլ հատուկ նյութի կամ առարկայի անվանում («դամբ») կամ էլ հասկանում են ընդհանուր իմաստով՝ հմուտ, Դամասկոսյան ոճով կատարված աշխատանք (Յունգերով): Նմանատիպ ընկալման պարագայում 12−րդ համարի վերջավորությունը հետևյալ տեսքն է ստանում. ովքեր նստում էին Սամարիայում՝ մահճակալի մի անկյունում ու դամասկյան մահճի վրա (Յունգերով): Սակայն բազմաթիվ մեկնիչների (Վելլհաուզեն, Նովակ, Դրայվեր) անչափ կասկածելի է թվում այն, որ հայտնի թանկարժեք նյութը կամ իրը Ամոսի ժամանակ արդեն հրեաներին հայտնի լիներ «demeschek» անվան ներքո: Այդ իսկ պատճառով նրանք առաջարկում են «demeschek» բառի տարատեսակ ընկալումներ. Գրետց և Նովակ` «bassemichah»` «գորգի վրա» (մահճակալ), Դում և Մարտի`«dabbescheth»: Գոոնակերը, «demeschek» արտահայտությունը որպես Դամասկոսի մասին հիշատակություն հասկանալով, առաջարկում է Սամարիայի փոխարեն ընթերցել Ասկալոն: Ըստ Գոոնակերի` Սամարիայի իշխանավորների մասին խոսելիս մարգարեն նրանց չէր անվանի «Իսրայելի որդիներ», քանի որ այս արտահայտությամբ մատնանշվում է ամբողջ ժողովուրդը: Այս իսկ պատճառով «ովքեր նստում են Սամարիայում» բառերն ու դրան հաջորդող խոսքերը «Իսրայելի որդիներ» արտահայտության համար որպես բացատրություն չեն համարվում, այլ իրենք իրենցով նոր միտք են սկսում, որն արտահայտվում է 13−րդ համարում: 13−րդ համարում մարգարեն կանչում է «Հակոբի տան համար (կամ մասին) վկայելու»․ Ակնհայտորեն, ինչպես 9−րդ համարում, այստեղ էլ մարգարեի կողմից որպես վկա կանչվում են հարևան ժողովուրդները: Այստեղից հասկանալի է դառնում Դամասկոսում նստողների մասին հիշատակությունը («demeschek »), իսկ Սամարիայի փոխարեն ավելի բնական է սպասել հարևան որևէ հեթանոսական քաղաքի անվան: Գոոնակերի կարծիքով` հին գրերի պարագայում Սամարիա և Ասկալոն անունների շփոթությունը բացառված չէ:

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․)Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս հովիւը կը կարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայում նրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Տէր. Զոր օրինակ թէ կարասցէ թափել հովիւ ի բերանո՛յ առիւծու՝ աքեա՛ցս երկուս, կամ բլթա՛կ մի ունկան. ա՛յնպէս զերծցին որդիքն Իսրայէլի որ բնակեալ են ի Սամարիա, դէմ յանդիման ազգին, և ի մէջ Դամասկացւոց։