Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Միʹ փնտրեք Բեթելն ու Գաղգաղա միʹ գնացեք և դեպի Բեթաբրիա միʹ ճանապարհորդեք, քանի որ ամբողջ Գաղգաղան գերի է ընկնելու ու Բեթելը ոչինչ է դառնալու»:(Սինոդական թարգ․)[5]
Մարգարեն այստեղ մատնանշում է Տեր Աստծու ճանապարհներից խոտորվելը և Բեթելում, Գաղգաղայում ու Բերսաբեեում պաշտամունք մատուցելը: Բեթելն ու Գաղգաղան հորթերի պաշտամունքի կենտրոններ էին, իսկ Բերսաբեեում եղած հատուկ պաշտամունքի մասին խոսվում է Ովս. 4:15 և Ամոս. 8:14 համարներում: Բերսաբեե քաղաքը պատկանում էր Հուդայի թագավորությանը և գտնվում էր նրա հարավային սահմանին` Քեբրոնից 20 մղոն (40 կիլոմետր) հարավ՝ այժմյան Բիր Ես−Սեբա բնակավայրի տեղում: Բերսաբեեի մասին առաջին անգամ հիշատակվում է նախահայրերի պատմության մեջ (Ծննդ. 21:33, 26:23−25, 46:1):
Այս վայրում Աբրահամը դաշինք էր կնքել Գերարայի Աբիմելեք թագավորի հետ ու «կանչել էր Տիրոջ` հավիտենական Աստծու անունը» (Ծննդ. 21:33): Բերսաբեեում աստվածհայտնության արժանացած Իսահակն այնտեղ զոհասեղան էր կառուցել (Ծննդ. 26:25): Հակոբի մասին նույնպես հաղորդվում է, որ Բերսաբեե գալով՝ նա այնտեղ իր հոր` Իսահակի Աստծուն զոհ է մատուցել (Ծննդ. 46:1):
Ըստ նախահայրերի ժամանակաշրջանի հիշողությունների՝ սրբազան համարվող Բերսաբեեն տասը ցեղից կազմված թագավորության շրջանում դարձել էր բարձունքներում կատարվող պաշտամունքի վայր (Դ Թագ. 23:8): Հեռավոր Բերսաբեե կատարվող ճանապարհորդությունները հիշատակելով` մարգարեն հստակ ցանկանում է ի ցույց դնել ժողովրդի կողմից գործադրվող ջանքերի ապարդյուն լինելը: Որոշ մեկնիչներ (Գոոնակեր) «և դեպի Բերսաբե մի՛ ուղևորվեք» արտահայտությունը հետագայի հավելում են համարում, քանի որ տասը ցեղից կազմված թագավորության բնակիչները, որոնց էլ ուղղված են մարգարեի խոսքերը, իբրև թե չէին կարող որևէ կապ ունենալ Բերսաբեեի հետ: Սակայն հաշվի առնելով տասը ցեղերից կազմված թագավորության կրոնական կյանքի մասին մանրամասն տեղեկությունների բացակայությունը՝ հազիվ թե նշված կարծիքը ընդունելու համար որևէ հիմք լինի: Յոթանասնիցում Բերսաբեե հատուկ անունը փոխված է «τὸ φρέαρ τοῦ ὅρχοv» հասարակ անվամբ, որտեղից էլ ծագում է սլավոներեն «ու երդման վայրը մի՛ գնացեք» տարբերակը:
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) մի՛ փնտռէք Բեթէլը եւ Գաղգաղա մի՛ մտէք, Երդման ջրհորից մի՛ ելնէք, քանի որ Գաղգաղան գերուելով պիտի գերուի, եւ Բեթէլը կարծես թէ չի եղել»:
(Արարատ թարգ․) Բայց Բեթելին մի՛ փնտրեք և Գաղգաղա մի՛ մտեք և Բերսաբեից մի՛ անցեք, որովհետև Գաղգաղան անպատճառ պիտի տարագրվի, և Բեթելը պիտի ոչնչանա։
(Գրաբար) և մի՛ խնդրէք զԲեթէլ, և ի Գաղգաղա մի՛ մտանէք, և ի Ջրհորն երդման մի՛ ելանէք. զի Գաղգաղա գերելով գերեսցի, և Բեթէլ եղիցի իբրև զչեղեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: