Ամոսի մարգարեության մեկնություն 1:9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

9-10․ Այսպես է ասում Տերը. «Տյուրոսի երեք հանցանքների ու նաև չորրորդի համար չեմ խնայի նրան, քանի որ նրանք բոլոր գերիներին հանձնեցին Եդոմին ու չհիշեցին եղբայրական դաշինքը»: [9] ««Եվ Ես կրակ կուղարկեմ Տյուրոսի պարիսպների վրա, ու այն պիտի այրի նրա ապարանքները»: (Սինոդական թարգ․)
   
    Տյուրոս քաղաքին ևփյունիկեցիներին/финикиянам/ որպես մեղք վերագրվում է գերիներին ստրկության վաճառելը: Թե ինչ գերիների մասին է խոսքը, 6−րդ համարի նմանողությամբ, մարգարեն այստեղ ևս չի նշում: Ոմանք (Նովակ) ենթադրում են, որ մարգարեն խոսում է փյունիկեցի գերիների մասին, որոնց տյուրոսցիները գերեվարել էին փյունիկյան քաղաքների միջև հաճախակի տեղի ունեցող պատերազմների ժամանակ (չհիշեցին եղբայրական դաշինքը):

    Սակայն մեկնիչների մեծամասնությունը մարգարեի խոսքերը առնչում է հրեա գերիների վաճառքին: Դրանում փյունիկեցիներին մեղադրում են նաև Հովել (3։6) ու Եզեկիել (27։13) մարգարեները: Հավանաբար տյուրոսցիներն էին այն գերիների գնորդները, որոնք իսրայելական պետությունից գերության էին տարվել նրա վրա հզոր հարևանների հարձակումների ժամանակ (Դ Թագ. 10։32, Գ Թագ. 14։25-26):

    «Ու չհիշեցին եղբայրական դաշինքը». եթե գերիների ներքո հասկանանք հրեա գերիներին, ապա մեջբերված խոսքերն ասվել են Եդոմի և Հուդայի միջև կնքված եղբայրական դաշինքի մասին (Ծննդ. 33։3−15): Դրանք հասկացվում են նաև որպես խաղաղության պայմանագրերին վերաբերող խոսքեր, որոնք կնքվել են Քիրամի, Դավթի ու Սողոմոնի միջև (Բ Թագ. 5։11, Գ Թագ. 5։1−12, 9։12-13):

    «Schelemah» (բոլոր «գերիներին») բառը Յոթանասնիցը, 6−րդ համարի նմանողությամբ, ընկալել է որպես հատուկ անուն, որտեղից էլ՝ սլավոներեն տեքստի «Սողոմոնի գերիների վերաբերյալ» տարբերակը:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Տիւրոսի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք Եդոմի մէջ արգելափակեցին Սողոմոնի գերիներին եւ չյիշեցին եղբայրների ուխտը, ես պիտի պատժեմ նրանց:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Ծուրայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէ. փոխանակ զի արգելին զգերութիւնն Սողոմոնի յԵդոմ, և ո՛չ յիշեցին զուխտ եղբարց։