Մաղաքիա արք. Օրմանյան
23-30. մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ: Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»: Այն ժամանակ կը սկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»: Եւ տանտէրը կ՚ասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»: Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: Եւ կը գան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ հարաւից ու կը բազմեն Աստծու արքայութեան մէջ: Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կը լինեն, եւ առաջիններ՝ որ կը լինեն վերջին»:
Մեսիայի գալուստը եւ Երկնքի Արքայության ժամանումը հրեաների համոզմամբ իրենց էր պատկանում. իրե՛նք, իրե՛նք միայն, իրե՛նք բոլորը պիտի վայելեին այդ բախտը մինչդեռ Հիսուս Իր քարոզություններում այնպես էր ցույց տալիս, թե հրեաները, եթե ոչ բոլորը, ապա գոնե եծամասնությունը, պիտի զրկվեին այդ բարիքից։ Նման հայտնությունը ծանր էր մեծամիտների, ցավալի էր բարեմիտների համար, ընդհանուր անհամաձայնությունների պատճառ եւ խնդրո առարկա էր դառնում և մասնավոր վիճաբանությունների տեղիք էր տալիս։ Այս մտածմունքներով զբաղված մեկը, որի դասակարգային պատկանելությունը նշված չէ, այլ պարզապես կոչված է Ոմն, մոտենում է Հիսուսին` իր կասկածը փարատելու եւ որոշակի պատասխան ստանալու համար։ «Վարդապե՛տ, - ասում է, - ստո՞ւյգ է արդյոք, որ շատ քչերը պիտի օգտվեն Երկնքի Արքայության հայտնվելով եւ Մեսիայի փրկագործությունից»։
Հիսուս պատասխանելով այս հարցին` բավականին ընդարձակ բացատրություն է տալիս Ավետարանի տարածման, նրան հետևողների, հրեաների մերժման եւ հեթանոսների կոչումի մասին։ «Այո՛, - ասում է Հիսուս, - նեղ է Երկնից Արքայության մուտքը։ Քչերը կարող են այնտեղից անցնել եւ ներս մտնել։ Ուստի պետք է դուք էլ ջանք գործադրեք` քչերի հետ այդ նեղ դռնից անցնելու համար։ Եվ ոչ միայն դուռն է նեղ, այլև որոշակի է մտնելու ժամանակը, մինչև որ գա տանուտերը եւ իր տունը մտնի, որովհետեւ իր մտնելուց հետո դռները պիտի փակվեն ու դրանից հետո ցանկացողներն այլևս չեն կարող ներս մտնել։ Երբ դռները փակվեն, դրանից հետո աղաչանքն ու պաղատանքը օգուտ չունեն եւ Տէր, Տէր, բա՛ց մեզ աղաղակները լսելի չեն լինի։ Տանուտերը ներսից մերժողական պատասխան միայն պիտի տա, թե «Ոչ գիտմ զձեզ ուստի՛ իցէք» ։ Այդ խոսակցության մեջ տունը Երկնքի Արքայությունն է, իսկ տանուտերը՝ Մեսիան, այսինքն` Ինքն Հիսուս, ում գործունեության շրջանը լրանալուց հետո այլևս Երկնից Արքայության աշակերտների խնդիրն էլ նշանակություն չէր ունենա։ Հիսուս այս խոսքերով անհատների Ավետարանին հետևելու պայմանաժամը չի կապում Իր մահվան հետ, քանի որ Իր գործունեությունը շարունակեց աշակերտների միջոցով և Իր վերջնական մուտքը կապված է երկրորդ գալստյան հետ։ Ինչ որ բացատրում է այստեղ, ընդհանուր կերպով պատկանում է Հին Ուխտին, որի՝ իր ամբողջությամբ Նոր Ուխտին անցնելու օգտակար ժամանակը կլրանա և, օտարանալով Ավետարանից՝ ամբողջությամբ կդադարի և Ավետարանի աշակերտությունը հեթանոսների առջև կբացվի։
«Դուք, - շարունակում է Հիսուս, - պիտի ասեք, թե երբ ապրեցինք, կերանք ու խմեցինք, միասին էինք, այն վայրերը, ուր դու` վարդապետեցիր, մեր գյուղերն ու քաղաքներն էին, ինչպե՞ս է, որ մեզ չես ճանաչում։ Բայց նորից ու նորից ձեր երեսին պիտի կրկնվի, թե չեմ ճանաչում ովքեր եք, չեմ իմանում որտեղի՞ց եք, անիրավություն մշակողներ եք դուք, այստեղ արդարության տաճարն է, գնացե՛ք, հեռացե՛ք։ Այն ժամանակ պիտի զգաք ձեր կորստյան մեծությունը, ձեր անհոգության խեղճ հետևանքը, ձեր անսաստության վնասակար արդյունքը․ պիտի լաք, պիտի ողբաք, ատամներ պիտի կրճտեք, բայց օգուտ պիտի չունենաք։ Պիտի տեսնեք, որ ձեր նախահայրերը, որոնցով պարծենում եք՝ ԱբրաՀամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսը և բոլոր մարգարեները, Երկնքի Արքայության մեջ բազմել են փառավորապես, իսկ դուք այնտեղից դուրս եք վտարված։ Եվ ոչ միայն ձեր նախահայրերը, այլև ձեր անարգած հեթանոսները՝ արևելքից եւ արևմուտքից, հյուսիսից եւ հարավից, աշխարհի բոլոր կողմերից պիտի գան, նրանք էլ Երկնքի Արքայության մեջ փառավոր աթոռներ պիտի ստանան։ Դուք, որ ինքներդ ձեզ նախադաս եք կարծում, հետադաս պիտի լինեք, և նրանք, ում դուք իբր հետադաս եք կարծում, նախադաս պիտի տեսնեք։ Առաջինները պիտի վերջիններ լինեն, վերջինները՝ առաջին»։
Այս պատասխանները տրվեցին Հիսուսի կողմից այն Ոմնին, որ հարց էր տվել։ Սակայն չպետք է կարծել, թե խոսակցությունը միայն երկուսի միջև էր. անշուշտ աշակերտներն էլ ներկա էին, ունկնդրող ժողովուրդը նույնպես կար և հարց տվող Ոմնն էլ ամենքի անունից էր խոսում։ Ուշադրության է արժանի այն, որ Հիսուսի այդքան կծու ակնարկներին ավետարանը չի հիշատակում որևէ ընդդիմախոսի։ Նկատեցինք, որ ավետարանները շատ հաճախ պատմագրական և կենսագրական ձևերը չեն պահպանում, այլ բավարարվում են Հիսուսի վարդապետությունն ավանդելով և հրաշագործությունները հիշատակելով։ Եթե անգամ ընդդիմախոսություն էլ տեղի ունեցած լիներ, ապա այն շատ անգամ պատմածների կրկնությունը պիտի լիներ, և ամենայն իրավամբ ավետարանիչները կարող էին դրանք, որպես ավելորդ կրկնություններ, համառոտել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: